Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱՄԹԵՐՔԻ 1/3-Ը ԱՆՀԱՅՏ ԾԱԳՈՒՄՈ՞Վ Է

Հոկտեմբեր 16,2010 00:00

Հացամթերքի շուկայում արտադրանքի մոտ 1/3-ը անհայտ ծագում ունի եւ անորակ է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հացի որակին անդրադառնալով՝ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը. «Ես դեմ չեմ մանր ու միջին բիզնեսին, բայց կողմ եմ, որ այդ բիզնեսները պահպանեն սանիտարահիգիենիկ նորմերը ու հաց ուտող հայ ժողովրդի համար ապահովեն անվտանգ սնունդ»: Նրա խոսքերով, եթե նախկինում Հայաստանում հացամթերք պատրաստելիս օգտագործում էին անհայտ ծագման բարելավիչներ, ապա վերջին տարիներին Եվրոպայից ներկրած բարելավիչներն են կիրառելի, բայց. «Հավատացեք, ոչինչ չի փոխվել: Այսօր բարելավիչները չափազանց անկանոն են օգտագործում, ով ինչքան հասցնում է՝ շերեփով վերցնում ու լցնում է, չի կշռում, որ այսքան կիլոգրամին այսքան բարելավիչ է անհրաժեշտ»: Տիկին Հակոբյանը նաեւ նկատեց, որ խախտվել են հացի պատրաստման ավանդական տեխնոլոգիաները, բարելավիչներ են օգտագործում, որ հացի խմորման ընթացքն արագացնեն: Սննդի անվտանգության տեսչության պատասխանատու Արթուր Վարժապետյանն էլ «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց հաճախակի ստուգայցերի ընթացքում ոչ մի արտադրությունում էլ բարելավիչների չարաշահման դեպքեր չեն գրանցվել. «Խոսել, թե այսօր արգելված հավելումներ են օգտագործում, չի կարելի, որովհետեւ չկան փաստեր: Ներկայիս օրենքով սահմանված են սննդային արգելված հավելումներ, որոնց մեր տեսուչները մինչ այսօր հացի արտադրամասերում չեն բացահայտել, թույլատրելի սննդային հավելումների ցանկը կառավարությունը կհաստատի հաջորդ տարի ու կսահմանի թույլատրելի հավելումների չափաքանակը, այ՝ այդ ժամանակ էլ հստակ կկարողանանք ասել՝ չարաշահում կա՞, թե՞ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել