Ամերիկայի հայկական խորհրդի Քաղաքական գործողության կոմիտեն երեկ հայտարարել է նոյեմբերին անցկացվելիք ընտրություններում սենատոր Բարբարա Բոքսերին սատարելու մասին: Կազմակերպության հաղորդագրության համաձայն, Սենատում Բարբարա Բոքսերի զբաղեցրած տեղի համար նրա հետ պայքարի մեջ է մտել հանրապետական գործարար կին Քարլի Ֆիորինան: Ամերիկայի հայկական խորհուրդը ընդգծում է Բոքսերի սերտ կապերը ամերիկահայ համայնքի հետ եւ նրա հայանպաստ գործունեությունը Սենատում: Կալիֆոռնիան ներկայացնող սենատորը Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման աջակիցներից է եւ համապատասխան օրինագծերի համահեղինակներից, բազմիցս բարձրացրել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման հարցը: Հիշեցնենք, որ Բոքսերը եւ հայամետ մեկ այլ սենատոր` Ռոբերտ Մենենդեսը, վերջերս Սենատում արգելափակեցին Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը` դիվանագետին քննադատելով, մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերի համար: