ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում բոլոր ելույթների առանցքը կոռուպցիան էր ու «միջազգային կարգի» հանցագործ խմբերին ՀՀ իշխանության առնչությունները:
Երեկ Մատենադարանին հարող տարածքում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը տեղի ունեցավ եղանակային անբարենպաստ պայմաններում՝ հորդառատ անձրեւի տակ: Բայց այն բազմությունը, որը ներկա էր ընդդիմության համապետական միջոցառմանը, անձրեւի դեմ չընկրկեց ու չհեռացավ, թերեւս, հենց այն պատճառով, որ հարթակից հնչած ելույթներն էին ուշագրավ:
Տոնավաճառ
Ընդդիմության հանրահավաքի առաջին բանախոսը Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էր: Նախ, նա հիշեցրեց ընդդիմության եւ նրա համակիրների նպատակների ու ձգտումների մասին. որքան հնարավոր է շուտ ազատվել գործող ռեժիմից, երկիրն ազատել բռնապետությունից, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ ու մարդավայել ապրել: Ապա բանախոսը խայտառակություն անվանեց այն, ինչ այս օրերին կատարվում է Ազատության հրապարակում: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, հանուն ՀԱԿ-ի հանրահավաքները Ազատության հրապարակում մերժելու, արդեն երկու օր է, ինչ հրապարակի հենց մեջտեղում հուշանվերների վաճառքի համար «դախլներ» են տեղադրվել: Այստեղ տեղափոխվել են «Վերնիսաժում» իրենց ձեռքի աշխատանքները վաճառող մարդիկ, որոնք պնդում են, թե քաղաքապետարանն «այդ տարածքն» իրենց անվճար է տրամադրել ու դեռ Օպերայի տնօրինությանն էլ հրահանգել է հուշանվերների համար պահեստի տարածք հատկացնել վերնիսաժցիներին: «Օպերայի» տոնավաճառը կտեւի մինչեւ նոյեմբերի 25-ը:
«Որպես նախկինում քաղաքապետ աշխատած մարդ՝ ուղղակի դիմում եմ Բեգլարյանին կամ նրա որեւէ մի տեղակալի. անհարմա՛ր է: Մի՛ վախեցեք մեզնից, մի՛ վախեցեք երեւանցիներից, ՀՀ քաղաքացիներից: Հանրահավաք անելու իրավունքը մերն է: Այն ձեւը, որը դուք ընտրել եք՝ խայտառակություն է: Այն տոնավաճառը, որ բացել եք՝ խայտառակություն է: Եթե քաղաք սիրող եք, եթե մտածում եք քաղաքի մասին, վաղը իսկ հանեք դրանք»,- Երեւանի քաղաքային իշխանություններին կոչ արեց նախկին քաղաքապետը: Նա հիշեցրեց, որ իր քաղաքապետ եղած ժամանակ չի եղել մի առիթ կամ մի դիմում, որ մերժված լինեն ընդդիմության հանրահավաքները:
Նա նաեւ խոսեց երկրի տնտեսական վիճակի մասին ու հայտարարեց, թե գործող իշխանությունն այսօր մի նպատակ ունի՝ թալանել ՀՀ քաղաքացիներին, լուծել իր գրպանի խնդիրը, ու նրա կարգախոսը ոչ թե «Առա՛ջ Հայաստան» է, այլ՝ «Թալանենք Հայաստանը»: Բանախոսը վկայակոչեց պաշտոնական վիճակագրությունն առ այն, որ 2008-ից հետո Հայաստանում աղքատությունն աճել է, եւ այսօր 1 մլն մարդ աղքատ է համարվում: Նա հիշեցրեց 2008-ին Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները. «Ասում էր՝ յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք պետք է հնարավորություն ունենա ունենալու բնակարան եւ ավտոմեքենա: Տեսնում եք, թե ինչ հնարավորություններ ունեն երիտասարդ ընտանիքները: Ասում էր՝ ամեն մի ընտանիք պետք է կրկնապատկի իր եկամուտները: Դուք համոզվում եք, որ տեղի է ունենում հակառակը՝ մեր եկամուտները կրկնակի նվազում են: 2008-ի դեկտեմբերին Տիգրան Սարգսյանն ասում էր, թե 2009-ին ունենալու ենք 9,2 տոկոս տնտեսական աճ: Պարզվեց՝ ունեցանք 14 տոկոս մինուս: Վարչապետն ու ֆինանսների նախարարը հայտարարում էին՝ 2010-ին ինֆլյացիան կլինի առավելագույնը 5,5 տոկոս: Այսօր սղաճը հասել է 8,6 տոկոսի եւ դեռ շարունակվելու է աճել»: Վ. Խաչատրյանը փաստեց նաեւ, որ անցած տարիներին արձանագրվել է գների կտրուկ, այդ թվում գազի սակագնի աճ, որ պաշտոնական վիճակագրությամբ՝ արդեն սեպտեմբերի 1-ի դրությամբ 70 հազար մարդ լքել է Հայաստանը: Նա նաեւ համեմատեց հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսական վիճակը: «2011-ին Հայաստանի պետբյուջեն կլինի 2,75 մլրդ դոլարին համարժեք, Ադրբեջանինը՝ 16 մլրդ, Վրաստանինը՝ 4 մլրդ:
Համեմատության համար ասեմ, որ Հայաստանի պետբյուջեն 1997-ի համեմատ աճել է 9 անգամ, Ադրբեջանինը՝ 19 անգամ: Ռազմական ծախսերը 2011-ի համար ՀՀ բյուջեում նախատեսված է 366 մլն դոլար, Ադրբեջանի բյուջեում՝ 2,3 մլրդ: 2011-ին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 10-10,5 մլրդ դոլար, Ադրբեջանում այն կազմելու է 46 մլրդ: Եվ այս պայմաններում մենք փորձում ենք մրցակցել, հարեւաններին պայմաններ թելադրել»,- փաստեց Վ. Խաչատրյանը՝ հավելելով, թե՝ միակ փրկությունն այս ռեժիմից ազատվելն ու ազատ ապրելն է, եւ որ միայն ամենօրյա պայքարի արդյունքում է, որ հնարավոր է հաջողության հասնել, ու պետք է հասկանալ, որ այս վիճակից «լավագույն լուծումն ու միակ ելքն այն է, որ այս իշխանությունները թողնեն, հեռանան»:
Եվրոպայի լիբերալները պահանջում են
Հանրահավաքը վարող Լեւոն Զուրաբյանը հավաքված բազմությանը, իր բնորոշմամբ՝ բավականին ուրախալի տեղեկություն փոխանցեց: Պարզվում է, Հելսինկիում հոկտեմբերի 13-15-ը տեղի է ունեցել Եվրոպայի տարածքում գործող ազատական կուսակցությունների՝ թվով 37 երկրների 56 լիբերալ ուժերի՝ Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատական եւ Բարեփոխումների կուսակցության համագումարը, որը միաձայն ընդունել է մի բանաձեւ, որով ՀՀ իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Բանաձեւում ասված է, որ համագումարը՝ «նկատի ունենալով, որ Հայաստանը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի անդամ, նկատի ունենալով 2008թ.-ի նախագահական ընտրությունների ընթացքը եւ դրանից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, նկատի ունենալով Հայաստանի վերաբերյալ ԵԽ ընդունած բոլոր բանաձեւերը՝ վերահաստատում է, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների բնագավառում Եվրոպայի Խորհրդի որդեգրած հիմնարար արժեքների հարգումը եւ դրանց վճռականորեն հետեւելը համընդհանուր կայունության եւ զարգացման գրավականն է: Վերահաստատում է, որ քաղաքական դրդապատճառներով մարդկանց բանտերում պահելը եւ իրավական գործընթացից մարդկանց զրկելը հակասում են ԵԽ անդամի ստանձնած պարտավորություններին: Վերահաստատում է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը հաստատված փաստ է, որը արտացոլված է միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, զեկույցներում եւ հայտարարություններում» ու «դատապարտում է քաղաքական բանտարկյալների շարունակական ազատազրկումը Հայաստանի իշխանությունների կողմից, ի հեճուկս բազմաթիվ խնդրանքների եւ պահանջների, կոչ է անում հայկական իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ վերջ տալ քաղաքական ընդդիմախոսների հետապնդումների պրակտիկային»: Այս բանաձեւի հրապարակմանը հանրահավաքի մասնակիցները ծափողջույններով արձագանքեցին:
«Պզոն» ու վերնախավը
Երեկվա հանրահավաքում եւս մի ուշագրավ թեմա քննարկվեց: Խոսքը Հայաստանում կոռուպցիայի եւ Կոնգրեսի կողմից գործող իշխանություններ ձեւավորած համակարգին «ավազակապետություն» բնորոշումը կոնկրետ փաստերով ամրապնդող տեղեկությունների մասին էր: Հանրահավաքը վարող Լեւոն Զուրաբյանը նախ հիշեցրեց, որ նախօրեին հայաստանյան եւ ռուսական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները կազմել են Հայաստանի 32 բարձրագույն պաշտոնյաների ցուցակ, որոնք, ըստ իրենց տեղեկությունների, սերտորեն կապված են Ռուսաստանի տարածքում գործող մաֆիոզ խմբավորումների հետ, որոնք զբաղվում են թմրաբիզնեսով, թրաֆիքինգով եւ փողերի լվացմամբ: «Ավելի շուտ բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են եղել փողի լվացման եւ այլ կոռուպցիոն սխեմաների մեջ Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովի հետ: ՀՀ իշխանությունների հետ կապված մաֆիոզ խմբավորումների առնչությամբ ավելի մեծ սկանդալ պայթել է երեկ, ԱՄՆ-ում: Այնտեղ բացահայտվել է մի ամբողջ մաֆիոզ կառույց, որը, ինչպես իրենք՝ ամերիկացիներն են պնդում, ներգրավված է եղել պատմության մեջ աննախադեպ ծավալի խարդախության սխեմաների մեջ, ինչպես նաեւ զբաղվել է զենքի անօրինական վաճառքով, թմրաբիզնեսով, մարդկանց առեւանգումներով եւ շորթումներով ու հե՛նց Հայաստանում փողերի լվացմամբ: Կառույցի ղեկավարը (ավելի ուշ ճշտեցինք, որ խոսքն այս դեպքում ԱՄՆ քաղաքացի, «օրենքով գող» համարվող «Պզո» մականունով Արմեն Ղազարյանի մասին է- Ն. Մ.), մամուլի միջոցների հրապարակումների համաձայն, սերտ կապերի մեջ է եղել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մարդը հայտնի է նրանով, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ համակարգում էր որոշ քրեական տարրերի աշխատանքը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարում: Միջազգային մակարդակի այս սկանդալները կարեւոր նշանակություն կունենան Հայաստանի զարգացումների համար: Փաստորեն, այն ավազակապետությունը, որի մասին մինչեւ հիմա խոսում էր միայն ՀԱԿ-ը, այսօր, պատկերավոր ասած, միջազգային ճանաչում է ստանում: Այլեւս բոլորին պարզ է, որ համաժողովրդական մեր շարժումը պայքարում է իսկապես ավազակապետական մաֆիոզ մի ռեժիմի դեմ, որը աշխարհասփյուռ հանցավոր կազմակերպությունների համար ստեղծել է փողերի լվացման, իրավապահ մարմիններից թաքնվելու դրախտային պայմաններ, ըստ էության պետականորեն աջակցում է միջազգային մաֆիային: Պատահական չէ այն հանգամանքը, որ, ըստ մեր տեղեկությունների, ռեժիմը չափազանց անհանգստացած է այս զարգացումներով: Մեր ունեցած տվյալների համաձայն, հենց այս անհանգստության պատճառով Սերժ Սարգսյանը երեկ զանգահարել է Պուտինին, տեղեկացրել, որ հրապարակումները ծանր հարված են հասցնում ռեժիմին, եւ խնդրել պարզաբանումներ այդ ցուցակի մասին հրապարակված տեղեկությունների վերաբերյալ, սակայն չի կարողացել հասնել որեւէ հաջողության իրավապահ մարմինների գործերին միջամտելու հարցում: Ռեժիմի հանցավոր դեմքի բացահայտումը միջազգային հանրության առաջ կարեւոր առաջընթաց է մեր Շարժման համար»,- հայտարարեց Զուրաբյանը՝ ասելով, թե դա լրջորեն արագացնելու է այս ռեժիմի վախճանը՝ ապահովելով ժողովրդի հաղթանակը:
Կոռուպցիա.
մոլեգնող ու վտանգավոր
Հանրահավաքում ելույթ ունեցան նաեւ «Հանրապետություն» կուսակցության եւ ՀԺԿ նախագահներ Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը: Ինչպես միշտ, հանրահավաքը եզրափակեց ՀՀ առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա ելույթն այս անգամ նվիրված էր Հայաստանում, ՀՀ առաջին նախագահի ձեւակերպմամբ՝ «մոլեգնող ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին՝ անհավատալի չափերի հասնող կոռուպցիային»: Նա ելույթի սկզբում շեշտեց, թե իր ասելիքը «ոչ այնքան փաստագրական կամ տնտեսագիտական, որքան քաղաքական բնույթ է կրում»: Լ. Տեր-Պետրոսյանի մատուցմամբ, «ավազակապետական հորջորջված այդ համակարգը կամ քրեական բուրգը, որը ձեւավորվել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, գոյատեւում ու ծաղկում է իշխանության բացառիկ գերկենտրոնացման եւ պետական-քաղաքական հակակշիռների լիակատար վերացման շնորհիվ, ինչի հետեւանքով օրենսդիր ու դատական մարմինները, գրպանային կուսակցությունները, նոմենկլատուրային մտավորականությունը եւ տեղեկատվության էլեկտրոնային միջոցները դարձել են գործադիր իշխանության կցորդն ու հուսալի հենարանը, այլ կերպ ասած, հանցակիցը: Հակակշիռների առկայության եւ ազատ մամուլի գոյության պայմաններում այսպիսի ընդգրկման կոռուպցիա հնարավոր չէր կարող լինել:
Սովորաբար կոռուպցիայի ամենացցուն արտահայտությունն է համարվում, այսպես կոչված, ստվերային տնտեսությունը, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից: Սակայն համարձակվում եմ ասել, որ Հայաստանում իրականում ստվերային տնտեսություն չկա: Մեր իշխանավորներն այնքան կազմակերպված ու աչալուրջ են, որ նրանց հսկողությունից ոչինչ չի վրիպում եւ առանց նրանց թույլտվության ոչ մի ստվեր չի գոյանում, ինչը նշանակում է, որ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումներն ուղղորդվում ու կառավարվում են մեկ կենտրոնից: Հետեւաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը, որն անհամեմատ մեծ է առաջինից: Ըստ այդմ, եթե իրական բյուջեի կեսից ավելին չգողացվեր, ապա այսօր մեր երկրի բյուջեն պետք է լիներ ոչ թե 2.5, այլ առնվազն 5-6 միլիարդ դոլար»,- ասաց ՀՀ առաջին նախագահը՝ հավելելով, թե դա նշանակում է, որ մարդկանց աշխատավարձերն ու թոշակներն այսօր առնվազն կրկնակի բարձր պետք է լինեին:
«Սա էլ դեռ ամենը չէ: Ինքնըստինքյան հասկանալի է, որ հինգ-վեց միլիարդանոց իրական բյուջեի գոյացման պարագայում, աշխատավարձերից ու թոշակներից բացի, կրկնակի ավելի պիտի լիներ նաեւ բյուջետային բոլոր ոլորտների, այդ թվում՝ աղետի գոտու վերականգնման, բանակի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի ֆինանսավորումը: Իսկ թե ինչպես է մսխվում անգամ պաշտոնապես հայտարարված բյուջեն, ապա դա էլ ուրիշ խոսակցության առարկա է: Մի խոսքով, եթե ազգային հարստության կեսից ավելին չգողացվեր, ապա մենք արդեն իսկ պիտի ապրեինք, թեեւ ցանկալիից դեռեւս շատ հեռու, բայց որակապես այլ երկրում, որի բնակչությունը գոնե ստիպված չէր լինի զանգվածաբար բռնելու գաղթի ճամփան:
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ի՛նչ ծավալի թալան է տիրում մեր երկրում, ինչի՛ պատճառով է թշվառության մատնված բնակչության մեծամասնությունը եւ ինչո՛ւ է արտագաղթը հասել նման աղետալի չափերի: Հանդուրժել այս ամենը կնշանակի ընդունել ազգի արժանապատվության բացակայության փաստը, ինչը ողբերգություն է: Ես, սակայն, ավելի լավատես եմ ու վստահ, որ մեր ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու չարիքը եւ թոթափելու ավազակապետության լուծը»: