Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ՄՆԱՑԱԾ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջարկում է այս հարցն էլ ընդգրկել փախստականների վերադարձի իրենց ծրագրերում:

«Ես այն մարդն եմ, ով ընդունել է առաջին հայ փախստականներին. հիմա չեմ ուզում հիշել մոտ կես միլիոն հայ փախստականների՝ նրանց կրած ֆիզիկական, հոգեկան եւ նյութական վնասների մասին, բայց մինչ օրս ինձ հանգիստ չի տալիս մի հարց՝ ի՞նչ եղան Ադրբեջանի մանկատներում մնացած հայ երեխաները, ինչպե՞ս դասավորվեց նրանց կյանքը, ո՞ւր ընկան նրանք: Ես, որպես փախստականների կոմիտեի ղեկավար, պատրաստվում էի մեկնել Ադրբեջան այդ հարցով, բայց, ինչպես միշտ, ինչպես մյուս հարցերում, այս անգամ էլ Ադրբեջանն այնպիսի խոչընդոտներ ստեղծեց, որ ոչինչ անել հնարավոր չեղավ»,- այս մտահոգություններն «Առավոտի» հետ զրույցում բարձրաձայնելու առիթը ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ազատագրված տարածքներում իրականացրած դաշտային առաքելությունը եւ դրան հաջորդած նախնական հայտարարությունն էր: Թեեւ ընկեր Թովմասյանն այդ առաքելությունը համարում է «ձեւական», ամեն դեպքում հարկ է համարում համանախագահներին ասել՝ եթե փախստականների վերադարձի հարցերից են խոսում՝ «թող բարի լինեն պահպանել հավասարության սկզբունքը»: Իսկ ավելի ճիշտ, Կոմկուսի ղեկավարը գտնում է, որ այս հարցում համանախագահները պետք է ելնեն հայ գաղթականների շահերից, որովհետեւ Ղարաբաղը չի հարձակվել Ադրբեջանի վրա, այլ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում մենք կես միլիոն փախստական ունեցանք, Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայ բնակչության ջարդերի արդյունքում ամենի ինչ սկսվեց: «Ես մասնակցել եմ Թբիլիսիի, Իջեւանի, Նախիջեւանի հայ-ադրբեջանական բանակցություններին, եւ միշտ էլ բարձրացրել ենք հայերի ունեցվածքի, բնակարանների արժեքների, խնայդրամարկղերում նրանց ունեցվածքի փոխհատուցման հարցերը: Իսկ Բաքվում հայերը թողել են ժամանակակից բնակարաններ: Հայտնի է նաեւ հայերի ներդրումն Ադրբեջանի գիտության, մշակույթի, տնտեսության մեջ: Ցավոք, Ադրբեջանը կարողանում է ցնցոտիների մակարդակով ներկայացնել իր փախստականների վիճակը, իսկ Հայաստանը կարծես մոռացել է հայ փախստականներին, որոնք այսօր զուրկ են մարդկային տարրական բոլոր պայմաններից եւ գտնվում են հուսահատ վիճակում: Պետական ծրագրերն այս հարցում մնացել են թղթի վրա»,- «մերոնց» ուղղված նախատինքում ասում է ընկեր Թովմասյանը: Իսկ ադրբեջանցիներին զգուշացնում է՝ չսպառնալ հայերիս պատերազմական գործողությունները սկսելու, ռազմական բյուջեն կրկնապատկելու հայտարարություններով. «Ղարաբաղի ժողովուրդն իր տունն է պահում ու պաշտպանում, իսկ այս պայքարում հաղթում են ժողովրդի կամային հատկությունները, ոչ թե շատ ու լավ զենք ունենալը, որը որ հետո պիտի թողնեն ռազմի դաշտում ու փախչեն»:
Հայ-ադրբեջանական հարաբերություններից անցնելով հայ-թուրքականին՝ ընկեր Թովմասյանը հեգնում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին հոդվածն այդ առիթով. «Այդ մեղայականով փորձում են թոթափել այն մեղքի բաժինը, որը թույլ տվեցին արձանագրությունները ստորագրելով: Գնալով հարաբերությունների կարգավորմանը՝ մենք պետք է նախապայմաններ թելադրեինք, ոչ թե ամենը մի կողմ դնելով՝ խնդրեինք, որ Թուրքիան մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծի եւ բացի սահմանը: Նալբանդյանն իր հոդվածում կրկնում է այն, ինչը բոլորին հայտնի էր ի սկզբանե: Դեռ մեկ տարի առաջ ենք մենք մեր բացասական կարծիքը հայտնել՝ Թուրքիան վաղուց է իր նկրտումների մասին հայտարարել, եւ նա երբեւէ չի կարող կողմնակից լինել հզոր Հայաստանի. դրա ապացույցներից մեկն էլ Մեծ հայրենականի տարիներն էին, երբ Թուրքիան իր 26 դիվիզիաներով հավաքվել էր հայկական սահմանին՝ սպասելով Ստալինգրադի կամ Մոսկվայի անկմանը: Թուրքիան խաղ էր անում՝ համաշխարհային հնչեղության ինչ-որ տպավորություններ ստեղծելով: Հիմա էլ այդ երկիրը շարունակում է շեղել համաշխարհային հանրության ուշադրությունն այն հարցերից, որոնք մի կողմ թողեցին արձանագրությունները՝ մեկ Աղթամարի խաչի պատմությունը, հետո՝ Անիում կատարված նամազը, հիմա՝ Դիարբեքիրի եկեղեցու նորոգումը, ինչ-որ ընդդիմադիր գործիչների՝ սահմանն անցնելը եւ այլն: Ես զարմացած եմ մեծերի (գերտերությունների- Ն. Գ.) գրաված դիրքից. արձանագրությունների ստորագրման պահին ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան կանգնած էին, իսկ հիմա մի կողմ են դրել ամենը»: Նալբանդյանի հոդվածի քննարկումները Կոմկուսում հայի ետին խելքի մասին ժողովրդական ասացվածքին են հանգեցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել