Կենսաձեւ՝ ըստ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի
Հայկական երաժշտական համաժողովի (նախագահ՝ կոմպոզիտոր Լեւոն Չաուշյան) հիմնադրման 15-ամյակի առիթով օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ հայ կոմպոզիտորների (Մ. Վարդազարյան, Լ. Չաուշյան, Ե. Երկանյան, Կ. Պետրոսյան, Վ. Բաբայան, Ա. Կարապետյան, Ա. Սարգսյան եւ այլք) դաշնամուրային եւ վոկալ ստեղծագործություններից բաղկացած երկու CD-ների շնորհանդեսը: Այն իրականացվել է Պրովիդենս քաղաքի (ԱՄՆ) Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հովիվ Սիմեոն Օդաբաշյանի եւ մեկ բարերարի աջակցությամբ: Բարերարի անունը չհիշատակվեց՝ իր իսկ ցանկությամբ: CD-ները տեղադրված են cd.baby.com կայքում:
Շնորհանդեսի ժամանակ «Առավոտը» հանդիպեց ամերիկաբնակ ճանաչված կոմպոզիտոր, հայաստանյան Հայկական երաժշտական համաժողովի անդամ Կոնստանտին Պետրոսյանի հետ: Վերջինիս խոսքերով, ինքը 1995 թվականից վարում է Պրովիդենսի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու մշակութային եւ երաժշտական տնօրենի պաշտոնը, միեւնույն ժամանակ ղեկավարում Բոստոնի «Երեւան» երգչախումբ-նվագախումբը եւ Ռոդ Այլընդի հայկական երգչախումբը: Վերջինս համերգներով հանդես է եկել նաեւ Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ելույթ ունեցել Քարնեգի հոլլում, Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակի դահլիճում եւ այլն: Նշենք, որ Կ. Պետրոսյանի խոսքն ու գործը՝ ի տարբերություն արտերկրում ապրող հայաստանցի իր կոլեգաների, համապատասխանում է իրականությանը: Մեզ հետ զրույցում էլ արվեստագետը կրկին հայտնեց, որ ինքն ընդամենն աշխատում է Ամերիկայում, բայց ապրում է Երեւանում: Ի դեպ, կոմպոզիտորի՝ հայրենիքից հեռու գտնվելը չի խանգարել նախագծեր իրականացնել Հայաստանում: Այսպես՝ 2009թ. «Նարեկացի» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ նրա նոր՝ «Կոնցերտ ձայնի եւ նվագախմբի համար» CD-ի եւ հոր՝ անվանի փողհար Հրանտ Պետրոսյանի ժամանակին կատարած ձայնագրությունների հավաքածուի շնորհանդեսը: Խնդրեցինք փոքր-ինչ մանրամասնել Պրովիդենսի հայկական գաղթօջախի եւ հայրենիքի հետ կապերի մասին: «Ունենք արվեստի դպրոց, որտեղ հայ մանուկները ծանոթանում են առաջին հերթին մեր բազմադարյա մշակույթի ճյուղերի հետ: Գերնպատակն է երեխաներին մշակույթի միջոցով կապել հայրենիքին: Վերջերս՝ սեպտեմբերի 29-ին մեծ շուքով անցան Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ժողգործիքների անսամբլի համերգները արվեստի կենտրոնում: 2011-ին էլ պատրաստվում ենք Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված հանդիսություններ անցկացնել Պրովիդենսում եւ Բոստոնում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Քանի որ կոմպոզիտորի ստեղծագործական ներկապնակում զգալի տեղ է գրավում էստրադային երգը, ցանկացանք լսել նրա խոսքը մերօրյա երգիչ-երգչուհիների եւ հրամցվող երգերի մասին, մանավանդ որ, 2009-ին ներկա է եղել Լոս Անջելեսում անցկացվող ամենամյա Հայկական երաժշտական մրցանակաբաշխության եզրափակիչ երեկոյին: Այդ տարի «Դասական CD» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նարեկացի» մշակութային կենտրոնի թողարկած «Օբերտոն» CD-ն: Վերջինիս մեջ իր լուման եւս կա: «Ուրախ եմ այսչափ երիտասարդ երգիչների եւ երգաստեղծների առատության համար: Կուզեի, որ ժամանակին Ալեքսանդր Աճեմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Մելիք Մավիսակալյանի, Արթուր Գրիգորյանի ժառանգորդները պահանջկոտ լինեին իրենց գործի հանդեպ, ինչպես իմ կոլեգաներն էին: Իհարկե, 1-2 հետաքրքիր աշխատանքներ կային… Նույնքան լավ կատարումներ էլ հնչեցին, սակայն 4 ժամ տեւած մրցանակաբաշխությունը, մեծ հաշվով, ինձ տխրեցրեց: Այն չարտացոլեց մեր հայ երգարվեստը: Ավելի շատ այն տպավորությունն էր, թե մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը տառապում է բեմ նետվելու մոլուցքով կամ էլ նրանց ներկայացնելը ոմանց ցանկությունն էր: Նման առատությունը որակ չի տալիս»,- հայտնեց Կ. Պետրոսյանը: