Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՖՂԱՆՑԻ ԿԻՆԸ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԴԱՌՆԱ

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Աֆղանցի 18-ամյա Աիշեն, որին թալիբ ամուսինը փախուստի փորձ անելու համար պատժել էր՝ այլանդակելով դեմքը, կտրելով քիթն ու ականջները, ԱՄՆ-ում պլաստիկ վիրահատության է ենթարկվել: Հիմա Աիշեն նոր դեմք ու արհեստական քիթ ունի: Վիրահատությունն իրականացրել է կալիֆոռնիացի վիրաբույժ Պիտեր Գրոսսմանը:

BBC-ի փոխանցմամբ, երիտասարդ կնոջ պատմությունը հայտնվել է Times ամսագրի էջերում, որտեղ նա պատմել է, թե երեխա ժամանակ ծնողներն իրեն որպես «արյան պարտք»՝ հանձնել են մի ընտանիքի, ու արդյունքում նրան 12 տարեկանում ամուսնացրել են գրոհային թալիբի հետ: Այդ ամուսնությունը, ենթադրվում էր, որ պետք է հաշտեցնի երկու թշնամի կլաններին, բայց ամուսնու բազմանդամ ընտանիքին աղջնակը դուր չէր եկել, եւ նա ենթարկվել էր բազմաթիվ փորձությունների ու բռնությունների: Չդիմանալով դրանց, Աիշեն որոշել էր փախչել, բայց նրան բռնել էին ու տարել կանանց բանտ, հետո հանձնել հորը, որն էլ նրան վերադարձրել էր ամուսնուն: Վերջինս էլ արարողակարգային պատժի էր ենթարկել կնոջը ու թողել էր սարերում՝ մահանալու: Արնաշաղախ վիճակում նա մի կերպ հայրական տուն էր հասել, հայրը նրան տարել էր ամերիկյան ռազմական հոսպիտալ, որտեղից էլ ԱՄՆ իշխանության ջանքերով Աիշային տեղափոխել էին Միացյալ Նահանգներ, որտեղ նա ապրում է խնամակալ մի ընտանիքում:

«Ինչ կլինի, եթե մենք դուրս գանք Աֆղանստանից» վերտառությամբ նրա պատմության եւ նկարների հրապարակումը Times-ում հակասական արձագանքների է արժանացել: Ոմանք վիճարկում են հեղինակավոր ամսագրի շապիկին Աիշեի նկարը տեղադրելու իրավաչափությունը: Շատերի համոզմամբ, Արեւմուտքում նրա լուսանկարի հայտնվելը ամսագրում պատկերավոր ցուցադրությունն էր այն բանի, որ կոալիցիոն ստորաբաժանումների դուրս գալն Աֆղանստանից՝ վաղաժամ է: Մյուսները դա համարում են «էմոցիոնալ շանտաժ», որն ուղղված է Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությունն արդարացնելուն:

Օրերս Լոս Անջելեսում Աիշեն արժանացել է «Համբերատար սիրտ» մրցանակին: Մրցանակը նրան հանձնել է Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կինը՝ Մարիա Շրայվերը: Ինքը՝ Աիշեն, մտադիր է զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ ու պայքարել Աֆղանստանում կանանց ստորացման դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել