Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԿՏԻՎԱՆԱՆ

Հոկտեմբեր 15,2010 00:00

Մոտ ժամանակներում հնարավոր է, որ ակտիվորեն վերսկսվեն Մերձդնեստրի հակամարտության վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները: Դրանք ընթանալու են այդ տարածքից ռուսական զորքերի դուրսբերման, Մոլդովային վերամիավորման ու Եվրամիությանը միասնական Մոլդովայի անդամակցության ուղղությամբ: Newsru-ի մատուցմամբ, գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարի համոզմամբ, այդ խնդրի շուրջ են բանակցելու Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի նախագաները՝ ֆրանսիական Դովիլեում հոկտեմբերի 18-19-ը կայանալիք հանդիպման ընթացքում:

Աղբյուրի փոխանցմամբ, Մոլդովայի ԱԳՆ-ում հաստատել են, որ ռուսական զորքերի դուրսբերման շուրջ բանակցություններն արդեն իսկ վարվում են ե՛ւ Քիշնեւում, ե՛ւ Տիրասպոլում: Երկու կողմերի ձեռքբերումն այդ դեպքում ակնհայտ է. վերամիավորված Մոլդովայի համար այդպիսով բաց կլինի դեպի ԵՄ ճանապարհը, իսկ Տիրասպոլը կստանա տնտեսական բոնուսներ:

ԵՄ-ն մտադիր է ավելի ակտիվորեն ներգրավվել Մերձդնեստրի խնդրի կարգավորման գործընթացին: Օրերս ԵՄ-ում Մոլդովայի մշտական ներկայացուցիչ Կալման Միժեյը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դադարեցնի Մերձդնեստրում ծավալած իր խաղաղարար գործունեությունը, ու առաջարկել է փոփոխություններ մտցնել «5+2» անվանված բանակցային ձեւաչափում: Նրա համոզմամբ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, որոնք բանակցային գործընթացում հանդես են գալիս որպես դիտորդներ, պետք է միջնորդի կարգավիճակ ստանան: Ռարի փոխանցմամբ, Գերմանիայում վստահ են, որ Մոլդովայի եւ Մերձդնեստրի ճակատագիրը պետք է քննարկեն ոչ թե Ռումինիան եւ Ռուսաստանը, այլ՝ ԵՄ-ն ու Ռուսաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել