ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորումները մեղադրվում են կեղծ փաստաթղթերի միջոցով առողջապահական համակարգից ավելի քան 163 միլիոն դոլար կորզելու համար, տասնյակ մարդիկ ձերբակալված են։ Այս մասին, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները: Չորեքշաբթի օրը իրավապահ մարմինները հայտնել են, որ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում հիմնադրված ամերիկա-հայկական կազմակերպված հանցախմբերը, որոնք գործել են «Միրզոյան-Թերջանյան» կազմակերպություն անվան տակ, մեղադրվում են բժիշկների եւ հիվանդների ինքնությունը հաստատող գողացված տվյալների միջոցով Medicare դաշնային առողջապահական համակարգից, որպես փոխհատուցում, տասնյակ միլիոնավոր դոլարներ խաբեությամբ կորզելու մեջ՝ երկրով մեկ տարբեր գոյություն չունեցող կլինիկաներում բժշկական չկատարված ծառայությունների համար:
Նյու Յորքում դատախազությունը ավելի քան 40 մարդու մեղադրանք է առաջադրել առողջապահական համապետական համակարգից կեղծ ստացականների միջոցով ավելի քան 100 միլիոն դոլար կորզելու համար, ձերբակալություններ են կատարվել նաեւ Օհայո, Նյու Մեքսիկո եւ Ջորջիա նահանգներում։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները չորեքշաբթի առավոտյան 20 մարդու են ձերբակալել Նյու Յորքում, ձերբակալություններ են կատարվել նաեւ երկրի այլ վայրերում:
Մանհեթենի դատախազության կողմից ձերբակալություններ են իրականացվել, առաջադրվել են մեղադրանքներ: Ըստ իրավապահների, որոշ կասկածյալներ կապ ունեն հայկական կազմակերպված հանցախմբերի հետ։ Նշվում է, որ չորեքշաբթի երեկոյան դաշնային դատարանը կասկածյալներին ներկայացնելու է խաբեությամբ գումարներ շորթելու մեղադրանք։ Ձերբակալվածների թվում են նաեւ 46-ամյա Արմեն Ղազարյանը՝ «Պզո» մականունով, որ նախկին ԽՍՀՄ-ում հայտնի է որպես «օրենքով գող», 34-ամյա Դավիթ Միրզոյանն ու 35-ամյա Ռոբերտ Թերջանյանը (նկարում): Ձերբակալվածներին մեղսագրվող հանցագործությունների համար սահմանված են խիստ պատիժներ՝ ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում, դրամական խոշոր՝ հարյուր հազարավոր դոլարների հասնող տուգանքներ:
Հետաքննությունների դաշնային բյուրոյում համարում են, որ առողջապահության ոլորտում պատմության մեջ սա ամենամեծ մեքենայությունն է: