Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում մանկավարժությունը հարգի է

Հոկտեմբեր 15,2010 00:00

Վստահեցնում են հարեւան երկրից ժամանած ուսուցիչները

\"\" \"\"
Լիա Բաշարուլին եւ Մարիա Խարինոտաշվիլին:

Վրաստանում ուսուցիչ լինելը եւ հեշտ է, եւ դժվար: Այսպես են բնութագրում այս օրերին Երեւանում գտնվող Թբիլիսիի «Aia-gess» մասնավոր եւ Սայաթ-Նովայի անվան թիվ 98 դպրոցների մի խումբ ուսուցիչներ՝ վրացական հանրակրթության համակարգում աշխատելը:

Օրինակ, Սերվանտեսի անվան «Aia-gess» մասնավոր դպրոցի աշխարհագրություն ուսուցչուհի Մարինա Խարինոտաշվիլին զարմացած է հայաստանյան դպրոցներում տիրող ազատությունից, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունից: Ասում է՝ Վրաստանում չես կարող սովորողին այդքան շատ ազատություն տալ. «Եթե Վրաստանում, Թբիլիսիում երեխային ասես՝ երբ ուզում ես նստիր դասին, երբ՝ ոչ, նա ընդհանրապես դասերի չի մասնակցի: Եթե դասի զանգ չլինի, ինչպես ձեր «Մխիթար Սեբաստացիում», աշակերտներին դպրոցների բակերից եւ միջանցքներից չես կարող ներս բերել: Մենք սովոր ենք խիստ կանոնների՝ 45 րոպե դաս, ավարտվեց՝ տուն: Պահանջկոտ են մեր դպրոցները: Մինչեւ օրվա երկրորդ կեսը միայն դասեր են: Չեմ կարող ասել՝ նոր տեխնոլոգիաների ներմուծումը կփոխի՞ ինչ-որ բան մեզանում, վստահ չեմ»:

Ինչպես տեղեկացրեց Մ. Խարինոտաշվիլին, Վրաստանուն նույնպես արդեն գործում են ավագ դպրոցներ, բայց երեխաները դեռ ընտելացած չեն նոր համակարգին. «Շատերն ուղղակի ավարտում են դպրոցը՝ փողոցից կտրվելու համար»:

Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թիվ 98 դպրոցի տնտեսագիտություն առարկայի հայազգի ուսուցիչ Սմբատ Պետրոսյանը նշում է, այս պահին հնարավոր չէ հստակ գնահատել վրացական հանրակրթությունը. «Հիմա մեզ մոտ բարեփոխումների շրջան է: Աստիճանաբար անցում ենք կատարում ամերիկյան, եվրոպական կրթական համակարգին: Մեր ավագ դպրոցները ոչ թե կոնկրետ շենքերում են գործում, այլ հենց դասարաններում»:

Աշակերտների հետ բախումների մասին էլ նշում է. «Դասընթացը կենդանի գործընթաց է եւ բախումներից ուղղակի չես կարող խուսափել: Ամեն տեղ կան դժվար երեխաներ, Վրաստանում՝ նույնպես»:

Նա նշեց, որ Սայաթ-Նովայի անվան թիվ 98 դպրոցի աշակերտների 70 տոկոսը հայեր են. «Հայկական դպրոց չէ, բայց հիմնական մասը հայեր են: Մանկավարժներս ազգային խտրականություն չենք դնում: Օրինակ՝ ես բարձր չեմ գնահատում ինչ-որ մեկին, ինչ է թե հայ է: Երբեւէ ազգային պատկանելության հողի վրա դպրոցականները չեն կռվում՝ դու հայ ես, դու վրացի ես, մեր դասարանում մի սովորի կամ մեզ հետ ընկերություն մի արա»:

Ս. Պետրոսյանի հավաստմամբ, վրացական հանրակրթական դպրոցը տալիս է բավարար գիտելիք բուհ ընդունվելու համար. «Կոնկրետ մեր դպրոցի աշակերտների մեծամասնությունը ավարտելուց հետո ընդունվում է բուհ: Քչերն են մասնավոր պարապում կրկնուսույցների մոտ»:

Նույն կարծիքին չէ «Aia-gess» կրտսեր դպրոցի տարրական դասարանների ուսուցիչ Լիա Բաշարուլին: Նա էլ ասում է, թե պետական դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ պարտադիր ռեպետիտորական պարապմունքների է հաճախում՝ բուհ ընդունվելու համար. «Վճարովի դպրոցների առավելությունը Վրաստանում այն է, որ երեխային խորացված կրթություն է տալիս, մի բան որ չես կարող ասել պետականի մասին»:

Լ. Բաշարուլին փաստում է, որ Վրաստանում հարգի է մանկավարժ աշխատելը. «Ամեն մեկը չի կարող աշխատել դպրոցում: Ուսուցիչ լինելու համար պետք է բոլորինը լինես եւ ոչ թե քո ընտանիքինը, նվիրվես լիարժեք, ինչը հիմա քիչ է հանդիպում: Երիտասարդ ուսուցիչները դեռեւս այդքանը չեն գիտակցում, այդ պատճառով էլ խնդիրներ են ունենում աշակերտների հետ»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ մասնագիտությունների հետեւից են «վազում» վրացի դիմորդները. «Մենք «տալիս» ենք ապագա տնտեսագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, միայն խնդիր ունենք լրագրության ասպարեզում: Այս ոլորտը «փակ» է մեզ մոտ, պետք է անպայման «տանիք» ունենաս, որպեսզի ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատես: Բացի այդ, մեզ մոտ լավ աչքով չեն նայում լրագրողներին, այդ պատճառով էլ ժուռնալիստի մասնագիտություն հազվադեպ են ընտրում երեխաները»:

Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թիվ 98 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ինգա Ղազարյանից էլ հետաքրքրվեցինք՝ կաշառատվության փաստեր լինո՞ւմ են: «Երբեմն առաջարկում են: Դա հայկական բնավորություն է: Բայց ես չեմ վերցնում, ուղղակի բարձրացնում եմ գնահատականը, ընդգծելով, որ այդկերպ ուղղակի վատություն եմ անում երեխային. ես հո գիտե՞մ, որ նա ոչ թե 10 միավորի գիտելիք ունի, այլ՝ 8»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել