Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԵԼԻՆ» ՆԱԵՎ ՄԹՆՈԼՈՐՏ Է

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Բանավեճի այս ակումբը փաստել է իր կայացած լինելը

Այս տարի «Հայելի» բանավեճի ակումբի համար հոբելյանական է, լրանում է հիմնադրման 5 տարին: Գործընկերներս էլ կփաստեն, որ այս ակումբը իսկապես կայացել է: Պատահական չէ, որ ինչպես ակումբի տիրուհին՝ Անժելա Թովմասյանն է փաստում, հաճախ ոչ թե ինքն է հյուրերին փնտրում, այլ նրանք են զանգում ակումբ՝ հանրությանը մտահոգող այս կամ այն հարցը բարձրաձայնելու նպատակով: Ամենաթարմ օրինակը Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրու գողությունն էր, թանգարանի տնօրենի խնդրանքով էր ասուլիս հրավիրվել «Հայելի» ակումբում: Ակումբի հիմնադիրը եւ վարողը նշում է, որ հասարակական հնչեղություն ունեցող ցանկացած հարցի անդրադառնում են, «Հայելին» էլ վաղուց վստահություն է ներշնչում:

Բոլորը գիտեն Անժելայի անկողմնակալության եւ կրքոտ բանավեճերը հումորով հարթելու ունակության մասին: «Գիտեն, որ ոչ ոքի «չեմ քաշի» ու միշտ կողմ եմ՝ մարդուն, ցանկացած ազնիվ ծրագրի: Ասենք, դրեցիր ու ջնջեցիր մարդուն, հետո՞… Եթե անաչառ չլինես, ակումբիդ աշխատանքը չի ստացվի: Եթե նախկինում մի բանախոսը մյուսի նկատմամբ ավելի բծախնդիր էր, հիմա ամեն ինչ թողնում են ինձ վրա: Ի վերջո, ցանկացած ճշմարտություն ծնվում է կարծիքների բախումից: Լրագրողներն էլ սիրով են գալիս «Հայելի», ոմանք նույնիսկ քննարկումներից հետո մնում են, թեմայի շուրջ բանավեճը շարունակվում է անգամ առանց բանախոսների: Այսինքն՝ «Հայելին» ինչ-որ մթնոլորտ ստեղծել է»,- ասում է մեր զրուցակիցը ու հավելում, որ դժվար է պահել ձեւաչափի բանավեճը, բայց իրեն հաջողվում է:

«Եկել եմ այն եզրակացության, որ պետք է արվեստագետի խոսքը հնարավորինս շատ հնչեցնել: Այսօր, առավել քան երբեւէ, մեր հասարակությունը առողջ մտածողության, լայնախոհության կարիք ունի: Շատ հարցերի պատասխաններ հենց նման մարդկանցից պետք է ակնկալել: Պատահել է, որ «լռության խոստում» տված արվեստագետների ինքս եմ խնդրել, որպեսզի գան-խոսեն, վերջ դրվի համատարած լղոզվածությանը: Շնորհակալ եմ, որ չեն մերժել: Շատերին որպես իմ ակումբի բարեկամներ եմ ընկալում, օրինակ՝ Տիգրան Մանսուրյանին, Ռուբեն Հախվերդյանին…»,- անկեղծանում է Ա. Թովմասյանը:

Մեր դիտարկմանը, որ հոկտեմբերը հոբելյանների ամիս է, ինքը, իր «Հայելին», «Հայելու առաջ» հաղորդաշարը այս ամսին են ծնվել, զրուցակիցս ժպտում է: «Հոկտեմբերը հրաշք ամիս է, որոշ գույներից ազատվում ենք, որոշներն էլ նոր են գալիս, հոկտեմբերը եւ զովություն ունի, եւ ջերմություն: Երեւանի ծնունդն է այդ ամսին, 10-րդ ամսի 10-ը՝ անձամբ ինձ համար սիրուն խորհուրդ ունի… Այս ամենին մշտապես գումարվում է արդեն զավեշտալի հնչող քաղաքական թեժ աշունը, որը, ինչքան էլ սպասում ես՝ թեժ չի լինում… Կարճ ասած, սիրում եմ հոկտեմբերը: Կասկած անգամ չունեմ, որ եթե որեւէ բան ցանկանամ ստեղծել հոկտեմբերին, հաստատ կստացվի»,- ասում է նա:

Հարցին՝ պատահո՞ւմ է, որ քաղաքական գործիչների բանավեճերից հետո այս կամ այն կողմը իրեն մեղադրի անկողմնակալության մեջ, «Հայելի» ակումբի հիմնադիրը պատասխանում է. «Բոլորն էլ գիտեն, որ աշխարհը կառավարվում է մի քանի կետից, ուր մնաց փոքրիկ Հայաստանի մասին տեղեկացված չլինեն: Պարզ է, որ ընդդիմությունը սովորաբար պիտի մեղադրի իշխանությանը եւ հակառակը, բայց երկու թեւում էլ կան մարդիկ, որոնք լցված չեն մաղձով ու ատելությամբ: Գործընկերներս գիտեն, որ բանավեճերի ժամանակ հյուրերիցս որ մեկը «նեղն է ընկնում», հուշում եմ, բայց ոչ մեկի կողմից էլ չեմ, երկու թեւում էլ ունեմ բարեկամներ: Ինչ վերաբերում է ինչ-որ բանի մեջ ինձ մեղադրելուն, սկզբում նեղսրտում էի, հետո հասկացա, որ չպետք է նման ճղճիմ ու փոքր մարդկանցից նեղանալ կամ բանավեճի մեջ մտնել»:

Նկատեցինք, որ երբեք ռաբիս երգիչ-երգչուհիների չի հրավիրում իր ակումբ: Ա. Թովմասյանը նշեց, որ ռաբիսի ցանկացած դրսեւորում, լինի քաղաքականության մեջ, թե փոփ արվեստում՝ գենետիկորեն խորթ է իրեն. «Օրինակ, կա ավանդական կուսակցություններից մեկի մի ղեկավար, որը ռաբիս է, անկիրթ, ես նրան երբեք չեմ հյուրընկալում իմ ակումբում: Երգիչների դեպքում ռաբիսն ավելի վտանգավոր է, կարող է խցկվել քո ընտանիք»:

Հատկապես «Հայելու առաջ» հաղորդաշարից հետո մեծացել է մեր զրուցակցի հանդեպ հետաքրքրությունը, ինչը նրան դուր չի գալիս. «Ես անբռնազբոսիկ մարդ եմ, հախուռն, զգացմունքային, չէի ուզենայի այդ ամենը բոլորի աչքի առաջ լիներ»: Ի դեպ, 7-րդ դասարանում սովորող նրա 10-ամյա որդին՝ Մուշեղը, նորմալ է վերաբերվում իրենց տանը անվանի մարդկանց հաճախակի հյուրընկալվելուն, իսկ եթե ստիպված են լինում միասին «Հայելու առաջը» նայել, երբեմն քննադատում է մորը կամ հումոր անում:

Անժելային խնդրեցինք պատասխանել «Հայելու առաջ» հաղորդաշարի ավանդական հարցերին, որոնցով «փաստի առաջ» է կանգնեցնում իր հյուրերին: Ինքն էլ շփոթվեց… Ասաց, որ հայելուն նայելիս մտածում է սեփական հոգում կատարվածի մասին. «Հայելին ճիշտ եւ ճիշտ ինձ նման է՝ տարբեր… Հայելին չի խաբում: Մեկ-մեկ ասում է՝ կանցնի, թեթեւ տար, մեկ-մեկ ասում է՝ սա արդեն պատահել է եւ դու հաղթել ես»: Ինչի՞ց է վախենում: պարզվում է՝ թույլ, ստոր տղամարդկանցից եւ գիշատիչ կանանցից: Նրանք ընդունակ են ամեն ինչի: Իսկ ինչի՞ց է ամաչում: Ինչպես ցանկացած նորմալ մարդ, ունեցել է դրվագներ կյանքում, երբ թույլ է գտնվել… Ափսոսում է, որ ունի ոչ թե երեք, այլ մեկ որդի: Հպարտանում է ցանկացած հայ մարդու լավ գծերով ու հաջողություններով: Հարցին՝ ինչին է հավատում, Ա. Թովմասյանը պատասխանում է. «Հավատում եմ մարդուն, մարդու ներսի մաքուր տարածքին: Հավատում եմ, որ բարությունից մարդիկ միայն շահում են, իսկ բարի մարդիկ շա՜տ պետք են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել