Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ ՆԱԵՎ ՄԱՐՏԻ՞Կ Է

Հոկտեմբեր 15,2010 00:00

Հայ լրագրողներին կոչ էին անում պատրաստ լինել տեղեկատվական պատերազմներին եւ կռվել ոչ թե որսորդի նման, այլ՝ պրոֆեսիոնալ զինվորականի:

\"\"Հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտում բացվեց եւ այսօր՝ հոկտեմբերի 15-ին կփակվի լրատվամիջոցների 5-րդ համահայկական համաժողովը՝ աշխարհի 26 երկրներից Արցախ ժամանած գրեթե 200 լրագրողների մասնակցությամբ: Համաժողովի բացմանը ողջույնով հանդես եկան Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը: Պարգեւ արքեպիսկոպոսը, մասնավորապես, ասաց. «Մեր աշխարհն անցնում է ինֆորմացիոն պատերազմի դաշտով: Ճշմարտությունը եւ կեղծիքը այսօր մենամարտում են, եւ դուք այդ պատերազմի առաջին գծի մարտիկներն եք: Մենք պատմություն կեղծելու կարիք չունենք, բայց մեր երկու դրացիները մեզ պատերազմ են հայտարարել եւ փորձում են տանել առաջ: Տեղեկատվական բլոկադան ճեղքել է պետք: Դուք միայն մարդկանց հետ չեք պատերազմում, գործ ունեք նաեւ անտեսանելի չար դիվային ուժերի հետ, եւ երբ դժվարանում եք՝ ուղղակի խաչակնքվեք եւ ասեք՝ տեր Աստված, դու որ ճշմարտություն ես, տար այդ ճշմարտությունն առաջ…»: Իսկ համաժողովի գլխավոր կազմակերպիչը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներկայացրեց համաժողովի բուն խնդիրները. «Բացի փոփոխվող աշխարհի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերներից, որոնք նաեւ մերն են, մեր առջեւ դրված են նաեւ տարածաշրջանային մարտահրավերներ՝ Արցախի հարցը դե ֆակտո լուծված է, բայց դեռ քաղաքական լուծում չունի, պատերազմի մշտական սպառնալիք կա, սահմանների փակություն, հարեւան երկրներում բռնկվող անկայունություն եւ ընդամենը քսան տարեկան պետության ներքին մարտահրավերներ՝ կոռուպցիա, աղքատություն եւ այլն, սփյուռքյան մարտահրավերներ՝ սփյուռքը մաշվում է, հալվում է, փակվում են դպրոցները, դասական եւ նոր սփյուռքի միջեւ անհամաձայնություն կա: Եվ հիմա եկել է պահը, որ համախմբվենք ոչ թե ցավի, դժվարության եւ դժբախտության պահին, այլ մեր առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Միավորման գլխավոր շաղախը կարող է դառնալ հայ մամուլը: Այս հավաքի գլխավոր նպատակն է համազգային խնդիրներին անդրադառնալը: Կարծում եմ, որ մեր մամուլի բազմակարծությունը մեր հարստությունն է, բայց կան խնդիրներ, որտեղ միակամ պիտի լինենք: Դրանք են՝ Ղարաբաղի հարցը, Ցեղասպանության հարցը, բայց ոչ թե Ցեղասպանության հետեւանքների մասին է խոսքը, այլ պետք է բարձրաձայնել, որ այսօր էլ Ցեղասպանությունը շարունակվում է մեր երկրներում. եթե մեր երկրներում աղքատություն կա, փակ սահմաններ կան, դա ցեղասպանություն է: Բացի այդ՝ Հայաստանի եւ Արցախի հզորացումը՝ ինչքան ուժեղ լինենք, այնքան կկարողանանք հզորի դիրքերից խոսել, հաջորդը Սփյուռքի հայապահպանման հարցն է, եւ վերջինը՝ մեր հավատքը, հայ եկեղեցին: Այս հինգ խնդիրներում մենք համաչափ եւ կազմակերպված պիտի աշխատենք»:

«Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանն անդրադարձավ Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի լրատվամիջոցներին, նկատելով, որ դեմ է, որ ողջ մամուլը նույնալեզու լինի, սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ մեր ողջ մամուլը պիտի նույն ալիքի, նույն հաճախության վրա լինի: Գոհունակություն հայտնեց, որ Սփյուռքում արդեն ազատորեն դիտում են մի քանի հայաստանյան TV-ներ, սակայն ցավով փաստեց, որ այն, ինչ դիտում են՝ ամենեւին գոհունակության տեղիք չի տալիս. «Անցյալ տարի Լիբանանի Անճար գյուղում ինձ մոտեցան գյուղի տասը-տասներկու տարեկան երեխաներ եւ հարցրին՝ Փառանձեմը կճանչնա՞ս, Հովիկը կճանչնա՞ս… Նկատի ունեին սերիալի հերոսներին: Բայց սա չէ, որ պետք է Հայաստանը տա Սփյուռքին»:

Հայաստանյան հեռուստաընկերությունների աշխարհասփյուռ ծրագրերին անդրադարձավ նաեւ Իսպանիայի «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր Արարատ Ղուկասյանը, ասելով, որ դրսի հայերը շատ ավելի կարիք ունեն մանկական, գիտամշակութային, փաստավավերագրական հաղորդումների, քան լատինամերիկյան սերիալների, որոնք հրամցնում են մեր հեռուստաընկերությունները: Նույն թեման ավելի զարգացրեց Չեխիայից ժամանած «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը. «Սփյուռքահայության համար սպասված նվեր էր հայաստանյան չորս հեռուստաընկերությունների՝ «Շանթի», «Արմենիայի», Հ1-ի, եւ վերջերս միացած «Երկիր մեդիայի» սփռումը: Բայց կարեւոր է լեզվի խնդիրը. արեւմտահայ մի հոծ զանգված դժվարանում է ընկալել հայկական հեռուստատեսության հաղորդումները, քանի որ այնքան արագ են կարդում, որ չի հասկացվում նույնիսկ արեւելահայերի կողմից: Նայում ես այդ հաղորդումները, եւ թվում է, թե որքան անգրագետ են, այնքան ավելի մեծ է շանսը, որ աշխատանք կգտնեն հեռուստատեսությունում: Մեր երեխաների վրա հեռուստատեսությունը մեծ ազդեցություն ունի, նրանք պետք է ամեն օր լսեն եւ սովորեն հայերեն: Բայց գրեթե իսպառ բացակայում են մանկապատանեկան հաղորդումները, չկա գոնե մեկ «Բարի գիշեր» մանկական հաղորդում, եւ ստիպված երեխաները նայում են օտարալեզու հաղորդումները, եւ սովորում օտար լեզուն: Խոսում ենք քարոզչական պատերազմի մասին, բայց այս չորս ալիքներից ոչ մեկով չկա օտարալեզու գոնե մեկ տեղեկատվական հաղորդում: Ճիշտ կլինի ֆրանսերեն, գերմաներեն եւ անգլերեն հաղորդումներ պատրաստել, որոնք կներկայացնեն մեր պատմությունը եւ մշակութային ժառանգությունը, եւ հեռարձակել Սփյուռքում»:

Իրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, անդրադառնալով սփյուռքահայ մամուլին, ասաց. «Սփյուռքահայ մամուլը գրեթե ամբողջությամբ պաշտոնաթերթեր են, եւ պաշտոնաթերթ լինելով՝ պարտադիր առաջնահերթություն են ընձեռում պատկան կուսակցությանը: Սփյուռքահայ պաշտոնաթերթը կարող է անտեսել հայության հուզող կարեւոր իրադարձությունը, եթե իր կուսակցությունը չի նախաձեռնել, բայց կարեւորի սեփական ճաշի սեղանը»:

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարսել Պետրոսյանը, հակադրվելով Հակոբ Ավետիքյանի հնչեցրած կարծիքին, որ համահայկական լրատվամիջոցների շարքում ԼՂ լրատվամիջոցները թույլ օղակ են եւ իներտ ու անտարբեր, ասաց. «Եթե տասը-տասնհինգ տարի հետո ասեիք այդ մասին, կհամաձայնեի, բայց մի մոռացեք, որ հիմա ԼՂ-ն ռազմական դրության մեջ է, թշնամին ուշադիր հետեւում է ամեն քայլին: Նաեւ ասեմ, որ այսօր հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ուրախությամբ կրկնում են ադրբեջանական քարոզչամեքենայի ասածները, տարածում նրանց ապատեղեկատվությունը: Մենք չենք կարող երկու ճակատով պայքարել՝ ադրբեջանական եւ երեւանյան որոշ լրատվամիջոցների հակաղարաբաղյան, հակաժողովրդավարական կեցվածքի դեմ»: Ավելի ուշ Մարսել Պետրոսյանի ասածներին անհամաձայնություն հայտնեց ղարաբաղցի լրագրող, բլոգեր Հայկ Խանումյանը. «Մեր թշնամին միայն ադրբեջանցին չի, մեր ընդհանուր թշնամին անարդյունավետ կառավարումն է, կրթական թույլ մակարդակը, կոռուպցիան է, առողջապահական համակարգի չկայացածությունը եւ այլ կարեւոր բացթողումներ, որոնց դեմ կարելի է պայքարել միայն ազատ խոսքով, այնինչ որեւէ խնդրի մասին խոսելը այստեղ ընդունվում է որպես քննադատություն, իսկ քննադատությունը՝ որպես ընդդիմախոսություն, իսկ ընդդիմախոսությունը լավ իմիջ չունի Արցախում, դա հոգեբանական խնդիր է: Բայց համոզված եմ, որ բացի պետական, պաշտոնական գլխավոր ֆունկցիաները կատարելուց, Արցախում նաեւ հանրային դիսկուս է պետք, հակառակ դեպքում կնմանվենք Ադրբեջանին»:

Այս թեմայից անմասն չմնաց նաեւ Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, որը համաձայնեց, թե Արցախի մամուլն իներտ է, բայց առաջարկեց նախ հասկանալ, թե ինչու է այդպես, եւ օրինակ բերեց, որ Ստեփանակերտի այգում կա մանկական «սղարան», որն արտաքնապես հիշեցնում է Այա Սոֆիայի տաճարը, եւ արցախցի լրագրողը երկմտում է՝ գրի՞ այս մասին, քննադատի՞, թե՞ ոչ, քանի որ մտահոգվում է, որ գրելու հաջորդ օրն իսկ ադրբեջանական մամուլը կսկսի՝ այ, տեսնում եք, Ղարաբաղում արդեն նոստալգիա ունեն մեր մասին… Պարոն Գաբրիելյանը նաեւ ասաց, որ անկախության 19 տարիների ընթացքում Արցախում լրագրողների նկատմամբ բռնության որեւէ դեպք չի եղել, չհաշված 1999-2000-ին գրանցված միակ դեպքը, երբ լրագրողին պայմանականորեն ազատազրկեցին զրպարտության համար: Տեղեկատվական պատերազմի մասին խոսելով՝ նա նաեւ ասաց, որ դա այն կռիվը չէ, որի արդյունքում կարելի է ռազմավար ձեռք բերել եւ այն օգտագործել, նկատելով, որ այսօր Ադրբեջանում 4100 ԶԼՄ կա գրանցված:

Տեղեկատվական պատերազմին յուրատեսակ անդրադարձ ունեցավ նաեւ Կիպրոսի «Գիբրահայեր» կայքէջի խմբագիր Սիմոն Այնեդջյանը. «Մենք ինտերնետի զինվորներ ենք, որ պատերազմի դաշտում չունենք հրամանատար, ու չնայած թշնամիներից ավելի ներկա ենք համացանցի վրա, թղթակիցների լայն ցանց ունենք, բայց մեր ինտերնետի զինվորները պատերազմի դաշտում որսորդական զենքերով են դեռ»:

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն էլ ձեւակերպեց հետեւյալ միտքը. «Հայ ժողովուրդը երազանքներ ունի, բայց նպատակներ չենք սահմանում մեզ համար: Ազգերը չեն կարող երազանքներ չունենալ, բայց դրանք պետք է միսուարյուն ստանան, եւ դրանց միսուարյուն են տալիս նպատակները: Պետք է նպատակներ սահմանել եւ հետեւողականորեն գնալ դեպի այդ նպատակը: Երբեմն զարմանում ենք, թե ինչպես շատուշատ երիտասարդ ազգեր մեր հնադարյա հայ ազգից առաջ անցան, մինչդեռ պետք է մեր հետեւից վազեին, բայց նրանք մեծ նպատակներ էին դրել իրենց առջեւ, իսկ մենք՝ ոչ»:

Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը անդրադարձավ Լիբանանի հայ համայնքին. «Իրար հետեւից փակվում են հայ վարժարանները, եթե տարիներ առաջ ունեինք 51 վարժարան, 27 հազար աշակերտ, ապա այսօր՝ 21 վարժարան եւ ընդամենը 6000 աշակերտ: Հայ մամուլի հանդեպ գոյություն ունեցող հետաքրքրությունը նվազել է, տպագիր մամուլը վերանում է, հայկական թերթերը կկաղան, շաբաթներով կամ ամիսներով կփակվին, հետո կհայտնվին կամ կմարին առանց շիրմաքար»:

Վրաստանից, ավելի կոնկրետ՝ Բաթումի «Աղբյուր» պարբերաթերթի խմբագիր Արթուր Հովհաննիսյանը խոսեց հայ-վրացական հարաբերություններից, որոնցից, իր կարծիքով, վառոդի հոտ է գալիս. «Աջարիայի հայերս «բերմուդյան» եռանկյունու զոհեր ենք՝ հայ ենք, ապրում ենք Վրաստանում, խոսում ռուսերեն… Հայկական դպրոցը Բաթումում փակվում է, բայց հայերն են, որ պահպանում են ռուսական դպրոցը»:

Համաժողովի մասնակիցների համար խիստ օգտակար էին ԱՄՆ-ից ժամանած huliq.com կայքի հիմնադիր Արմեն Հարեյանի ելույթը եւ խորհուրդները, թե ինչպես կարելի է առանց լուրջ ծախսերի մեծացնել լրատվամիջոցների լսարանը:

«Երկիր մեդիայի» տնօրեն Դավիթ Հակոբյանը նկատեց, որ ժամանակն է մտածել նաեւ քրդախոս եւ թրքախոս հայերի մասին, եւ պատրաստել նրանց լեզուներով հաղորդումներ՝ «մեր քարոզչության թիրախը կարող են լինել քրդախոս միլիոնանոց շրջանները, դա հիմա գուցե լուրջ չի թվում, բայց մեծ ազդեցություն կարող է ունենալ»:

Համաժողովի ընթացքին իրենց հեռակա տեսամասնակցությունն ունեցան նաեւ այն լրատվամիջոցների ղեկավարները, ովքեր չէին կարողացել ժամանել Արցախ, մասնավորապես հեռակապ եղավ ԱՄՆ-ի, Լիբանանի, Քուվեյթի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որտեղից քննարկումներին միացան այնտեղի լրագրողները:

Եգիպտոսի մեր գործընկերներից մեկն էլ, օգտվելով առիթից, որ սփյուռքի նախարարին «բռնացրել է», որոշեց ոչ թե լրատվամիջոցներին առնչվող հարց բարձրացնել, այլ բիզնես-առաջարկներ անել: Մասնավորապես առաջարկեց Եգիպտոսում մեծ համբավ ունեցող հայ դերասաններին եւ բեմադրիչներին հրավիրել հայաստանյան թատրոններում եւ ֆիլմերում խաղալու: Բացի այդ, հիշեցնելով, որ իր երկրում տուրիզմը մեծ զարգացում է ապրել, առաջարկեց որոշ քայլեր փոխառել, օրինակ, եթե եգիպտացի ճարպիկ բիզնեսմենները հին պապիրուսների նմանակությամբ պատրաստում են արհեստական պապիրուսներ, որոնց վրա եգիպտական մշակույթի եւ պատմության մասին է գրված, Հայաստանում էլ կարելի է արհեստական մագաղաթներ ստեղծել եւ վրան տպագրելով մեր հուշարձանների պատկերները՝ վաճառել…

Եվ վերջում երկու անեկդոտ «Արի տուն» ծրագրից, որոնք համաժողովի մասնակիցների հոգնածությունը թոթափելու նպատակով պատմեց անսպառ էներգիայի տեր Հրանուշ Հակոբյանը: Սփյուռքահայ 10-15 տարեկան երեխաներից մեկը, որ հյուրընկալվում է հայաստանցի ընտանիքում, մեծ սիրով համտեսում է իր առջեւ դրված բազմատեսակ կերակուրները եւ ամեն անգամ ասում՝ «աղվոր է, աղվոր է…»: Տանտիրոջ երեխան ի վերջո չի դիմանում եւ մորն ասում է՝ «այս ինչ բան է, ինչ կերավ, ասեց՝ ահավոր է, ահավոր է…»: Մեկ այլ ընտանիքում սփյուռքահային նստեցնում են մեքենա, եւ տանտիկինն ասում է ամուսնուն՝ դե, մեքենան խոդ տուր, սփյուռքահայ երեխան զարմացած հարցնում է՝ «ձեզ մոտ օթոներին խոտ կուդա՞ք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել