Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքներին «շնչահե՞ղձ են» անում

Հոկտեմբեր 15,2010 00:00

Այս տարի պետական բյուջեով նախատեսված է կրճատել համայնքներին հատկացվող դոտացիան

Օրեր առաջ Շիրակի մարզում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ շիրակցի մի քանի համայնքապետեր այս թեմայով կրքոտ ելույթ ունեցան՝ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին խնդրելով բարեխոսել կառավարության առջեւ ու կանխել դոտացիաների կրճատումը: Դրա ծանր հետեւանքները Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանը ներկայացրեց ընդամենը մեկ նախադասությամբ. «Առանց էդ էլ համայնքները հազիվ են շնչում»: Եթե նկատի ունենանք, որ Շիրակի մարզի 19 համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը ողբերգական վիճակում է, 50 տոկոսից էլ ցածր է, եւ սրա հիմնական պատճառը բնակիչների ծայրահեղ աղքատությունն է, իսկ մի շարք համայնքներ՝ Կրաշենը, Հայկաձորը, Լեռնագյուղը, Ղազանչին, Սիզավետը, Բենիամինը, խեղդված են աշխատավարձերի պարտքերի մեջ, որոնք երբեմն ժառանգել են նախորդ գյուղապետերից, ձեռքի հետ էլ ընթացիկ պարտքեր են կուտակել, ուրեմն հասկանալի է գյուղապետերի զայրույթը: Ըստ նրանց, ցուրտ բնակլիմայական պայմաններ ունեցող, անընդմեջ բուքուբորանի ու կարկտահարման տակ գտնվող Շիրակի մարզի համայնքներին տրամադրվող պետական աջակցության կրճատումը ոչ այլ ինչ է, քան «ընչազրկում ու գյուղի քայքայում»: Ի դեպ, կառավարության այս «սյուրպրիզից» ոչ բոլոր գյուղապետերն էին տեղյակ, նրանցից մի քանիսն էին հաջողացրել այս տեղեկությունն իրենց «ալիքներով» ճշտել ու իրար խառնվել: Օրինակ՝ Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը ճշտել էր, որ 2011 թ. պետական բյուջեի նախագծում իր համայնքին հատկացվող դոտացիան կրճատվել է մոտ 6 միլիոն դրամով, իսկ թե ո՞րն է 104 մլն դրամի փոխարեն մոտ 98 մլն դրամ նախատեսելու պատճառը, պաշտոնական պարզաբանում դեռ չի տրվել:

«Առավոտի» հետ զրույցում Ախուրյանի գյուղապետն ասաց. «Ախուրյանին հատկացվել է սելեկցիոն կայանի մոտակայքում գտնվող հողերը, բայց մենք վստահ չենք, որ այդ տարածքից գանձվող հողահարկը 6 միլիոն դրամ կկազմի, քանի որ ընդունում-հանձնում դեռ չի եղել: Կամ ինչպե՞ս հասկանանք, հայտարարվում է, որ 2010 թ. համեմատությամբ այս տարվա բյուջեն աճ ունի, տարբեր ոլորտներում՝ կրթության, առողջապական եւ այլն, աճ է նախատեսվում, բայց տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացվող գումարները մի բան էլ կրճատվում են: Գոնե նույնը թողնեն, այլապես որոշ համայնքներում աշխատավարձի խնդիր կառաջանա, դուք գիտեք, որ նվազագույն աշխատավարձի չափը, նախկին 30000 դրամի փոխարեն, 32500 դրամ է սահմանվել, այսինքն՝ ստիպված ենք նաեւ աշխատավարձն ավելացնել, որոշ համայնքներում էլ, ի դեմս Ախուրյանի, կկրճատվեն բնակչությանը մատուցվող ծառայությունները»: Ախուրյանի գյուղապետը, որը սեփական եկամուտները կատարում է 100 տոկոսով, կարծում է, որ համայնքային բյուջեն երբեք էլ չի բավականացնում: «Երբեք չես կարող ասել, որ սեփական եկամուտներն ու դոտացիան միասին վերցրած կբավարարեն համայնքի նվազագույն պահանջները, օրինակ՝ ճանապարհներ սարքելը հարյուրավոր միլիոնների հարց է, մի աղբաթափման մեքենան 15 մլն դրամ արժի, բայց արի ու տես, որ ՏԻՄ-ին հատկացվող դոտացիան հանրապետական բյուջեի նկատմամբ շատ ցածր է, չորս տոկոս է կազմում»,- ասում է Արծրուն Իգիթյանը: Վերջինս նաեւ կարծում է, որ դոտացիան հատկացնելիս չպիտի ներառվի միայն ազգաբնակչության քանակը եւ սեփական եկամուտները, կան նաեւ այլ կարեւոր գործոններ, օրինակ՝ համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից եւ մայրաքաղաքից, գյուղերի բնակլիմայական պայմանները: «Ինչ Բավրայից մարդը գործով հասնի Երեւան, ինչ Արարատյան դաշտավայրի գյուղերի՞ց, կամ հո Արարատյան դաշտավայրի ձմեռը չե՞ս համեմատի Շիրակի դաժան ձմռան հետ, Ամասիայում անընդհատ ճանապարհներ են փակվում, որը բնականաբար ծախսեր է պահանջում»,- ասում է Ախուրյանի գյուղապետը:

Այս խնդիրն ավելի դիպուկ «Առավոտին» ներկայացրեց Լուսաղբյուրի փոխգյուղապետ Մելս Մանուկյանը: Նրան հասած տեղեկություններով, պետական բյուջեով նախատեսված է 1, 5 մլն դրամով կրճատել գյուղին հատկացվող դոտացիան: Իսկ սա, ըստ պարոն Մանուկյանի, նշանակում է՝ գյուղապետարանի որոշ աշխատակիցների գործազուրկ դարձնել: «Դոտացիայի կրճատման պատճառները մեզ անհայտ են, սակայն նախագծի հաստատվելու դեպքում մեր գյուղը հաստատ աշխատավարձի խնդիր կունենա. մեր գյուղում հողահարկի չափը քիչ է, էդ դեպքում կամ պիտի որոշ հաստիքներ կրճատենք, կամ պիտի աշխատավարձերը ցածրացնենք, իսկ երկու դեպքում էլ օրենքի խախտում կանենք: Մենք ութ աշխատող ունենք գյուղապետարանում, մարզպետարանից ամեն անգամ քարոզում են՝ կրճատեք աշխատողների քանակը, թող մի հոգին չորս հոգու գործ անի, բայց այդ դեպքում էլ աշխատանքային տեսչությունից են գալիս ու տուգանում, կան հաստիքներ, որոնք պահելը պարտադիր է: Իսկ եթե փորձենք գյուղապետարանի աշխատակիցների աշխատավարձը կրճատել, օրինակ, ասենք՝ հավաքարարին, նախատեսված 37000 դրամի փոխարեն, 17000 դրամ վճարել, ապա էս դեպքում էլ օրենքի կոպիտ խախտում կանենք. չէ՞ որ մեր երկրում նվազագույն աշխատավարձի չափ գոյություն ունի»,- թվարկում է փոխգյուղապետը: Ըստ նրա, հողահարկից բացի, ուրիշ եկամուտ չունեցող իրենց գյուղում հողահարկը 1մլն 900 000 դրամ է կազմում, որը բավարար է միայն չորս ամսվա աշխատավարձ վճարելու համար. աշխատավարձը այստեղ 6-7 մլն դրամ է կազմում: «Հողերի տեղաբաշխում է կատարվել, ասենք՝ Գուսաննա գյուղից 150 հեկտար տրամադրվել է մեզ, սեփականատերը նույնն է մնացել, բայց հողահարկը մենք պիտի գանձենք, սակայն դրանով խնդիրը չի լուծվում. մենք չգիտենք, թե դիմացինն ինչպիսի մարդ է, ում հետ գործ ունենք, էնպես որ՝ հույսը սրա վրա դնել չի կարելի: Մեր բյուջեն էնքան սուղ է, որ դոտացիայի կրճատման դեպքում գյուղապետարանի կողմից սոցիալապես անապահովներին հատկացվող աննշան օգնությունն էլ գլխներից կտրելու ենք»,- դժգոհեց փոխգյուղապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել