Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔԸ ԹՈԹԱՓԵՔ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Այսօր Սյունիքի մարզը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ: Մարզի ազգաբնակչությունը մատնվել է անտարբերության, քայքայված տնտեսությանը միացավ նաեւ ավերված գյուղատնտեսությունը՝ Սյունիքում կրկնապատկելով չքավորությունն ու արտագաղթը: Մարզի գյուղական համայնքները դատարկվում են եւ արդեն իսկ փակվել է երկու դպրոց, փակման եզրին են նաեւ մի շարք կրթական հաստատություններ:

Այդ ամենը ամբողջանում է նաեւ մարզում տիրող բարոյահոգեբանական ծանր ու լարված վիճակի մեջ, որի ստեղծմանն ու խորացմանը ամենօրյա աջակցություն է բերում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Վերջինս ամենուր օգտագործելով Ձեզ հետ իր «ջերմ» հարաբերությունները՝ հայտարարում է. «Ինչ ուզեմ, ինչպես ուզեմ՝ կանեմ»: Եվ որպես հիմք օգտագործում է վերջին տարիների՝ իր եւ իր հարազատների «սխրագործությունները», որոնք, ցավոք, այդպես էլ անպատիժ են մնում:

Չենք ցանկանում անդրադառնալ նրա «հերոսական» անցյալին, քանի որ հանրապետական մամուլով բազմիցս անդրադարձներ եղել են՝ միշտ մնալով անարձագանք:

Ձեզ պետք է հայտնի լինի, որ մարզի բնակչության հիասթափությունը այնքան մեծ է Սուրիկ Խաչատրյանից, որ վերջին ՏԻՄ ընտրություններում մարզի բոլոր քաղաքային համայնքներում ընտրողները մերժեցին նրա կողմից սատարվող թեկնածուներին: Այդպես էր Ագարակում եւ Մեղրիում, Քաջարանում եւ Կապանում, Սիսիանում եւ բազմաթիվ գյուղական համայնքներում: Ընդ որում, այդ համայնքներում ավանդաբար միշտ հաղթել են ՀՀ նախագահի կուսակցության ներկայացուցիչները, իսկ այս անգամ, «շնորհիվ» Սուրիկ Խաչատրյանի, մարզկենտրոն Կապանը նվիրվեց ՀՅԴ ներկայացուցչին, Սիսիանը՝ ԲՀԿ-ին:

Իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ Սուրիկ Խաչատրյանը խայտառակ պարտություն կրեց իր հայրենի «ամրոցում»՝ Գորիսի համայնքի ղեկավարի ընտրություններում: Ճիշտ է, վերջնական արդյունքում քաղաքապետ «հռչակվեց» հենց մարզպետի կողմից սատարվող թեկնածուն՝ գործող քաղաքապետը: Բայց ինչ միջոցներով եւ ինչ ճանապարհով՝ գիտեն բոլորը: Միայն նշենք, որ Գորիսում էլ ավելի հիասթափվեցին մեր երկրից:

Վերջին ամիսներին Սյունիքում աշխույժ խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ պաշտոնանկ է արվելու Սուրիկ Խաչատրյանը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով: Շրջանառվում էր, որ հատուկ նրա համար ստեղծում են նոր՝ Ընդերքի նախարարություն:

Ի սեր Աստծո, նշանակեք թեկուզ նախարար, միայն թե Սյունիքը թոթափեք լարված իրավիճակից:

Այս ամենը, ցավոք, տեղի չի ունենում, սեփական հողում սյունեցին շարունակում է ապրել հիասթափության մեջ: Առաջիկայում Ձեզ հրավիրելով մարզ, մարզպետը կփորձի վերականգնել իր արդեն իսկ վարկաբեկված եւ թուլացած դիրքերը:

Ուզում ենք հիշեցնել, որ դեռեւս 1996 թվականին նույն Սուրիկ Խաչատրյանը Գորիս քաղաքում ջերմ ընդունելության արժանացրեց նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ընդամենը 2 տարի անց ակտիվորեն նախաձեռնեց եւ մասնակցեց նրա հրաժարականի միջոցառումներին: Համաձայնեք, որ պետական մարմինների հեղինակությունը պետք է եւ ժամանակն է, որ վերականգնվի: Բայց մինչեւ այժմ անհայտ միջոցներով վերանորոգված մարզպետարանի շենքի շինարարությունը չարժե մասսայական վերաբացել, առավել եւս, որ այն արդեն 6 տարի է՝ ինչ չի ծառայում իր նպատակին, վերածվել է մի անձի «խանության»:

Զարմանալի է, որ Դուք պետք է մասնակցեիք մի հանքի շահագործմանը, առանց հայտարարելու, թե ինչ միջոցներով է պետական ծառայողը ձեռք բերել հանքը եւ իրականացրել շահագործումը, թեկուզեւ դա երեւի կարեւոր չէ, բայց այն, որ այդ հանքը մեծ վնաս է հասցնելու Կապան քաղաքի ջրամատակարարմանը՝ դա փաստ է: Դեռեւս նախապատրաստական աշխատանքներ կատարելու ժամանակ երկու-երեք անգամ ամբողջությամբ պղտորվեց Կապանին մատակարարվող ջուրը, որքան էլ ոլորտի պատասխանատուները հերքեցին այդ փաստը, այնուամենայնիվ, այդ մասին գիտի ցանկացած կապանցի:

Հարգարժան նախագահ, հայրենասեր սյունեցին միշտ էլ ջերմորեն է ընդունել իր երկրի նախագահին, բայց Ձեր այցի լավագույն խորհուրդը կլինի մասնակցել ճոպանուղու բացմանը, զուգահեռաբար սյունեցիներին ներկայացնելով նոր մարզպետին՝ Սյունիքը փրկելով խորը եւ անդառնալի անդունդ գլորվելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել