Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքից հանիրավի ազատված կինը աջակցություն է ակնկալում

Հոկտեմբեր 15,2010 00:00

Մարգո Մելքումյանը 1989թ. իր ընտանիքի հետ բռնագաղթել է Ադրբեջանից եւ բնակություն հաստատել Վարդենիսի շրջանի Մեծ Մասրիկ գյուղում: Նա ավարտել է բժշկական ուսումնարանը եւ 28 տարի աշխատել տարբեր վայրերում որպես մանկաբարձուհի: Վերջին 18 տարին նա գյուղի հիվանդանոցում է աշխատել եւ նրանից գոհ են եղել Մեծ Մասրիկից եւ շրջակա գյուղերից նրա մոտ ծննդաբերող բոլոր կանայք: Սակայն այս տարվա օգոստոսի 3-ին նրան իր մոտ է կանչում հիվանդանոցի վարիչ Հասմիկ Խոլոյանը եւ հայտնում, որ Մարգոն ազատված է աշխատանքից: Նրա փոխարեն որպես մանկաբարձուհի է ընդունվում այլ գյուղում աշխատանքից կրճատված Կարինե Սահակյանը:

Հուսալքված կինը չգիտեր ինչպես վարվել, երբ իր խնամքի տակ էին գտնվում արցախյան գոյամարտի մասնակից եւ 2-րդ կարգի հաշմանդամ ամուսինը՝ Ջանիբեկ Բոզոյանը, երկրորդ կարգի հաշմանդամ ծնողները եւ դուստրը, որն ավարտել է բժշկական ուսումնարանը եւ նույնպես չի աշխատում:

Մարգոյի որդին այժմ ծառայում է Գյումրիի N գումարտակում եւ օգնել ընտանիքին՝ չի կարող: Ի դեպ, Մարգոյի ամուսինը այժմ բուժվում է ՌԴ Գեորգիեւսկ քաղաքի հիվանդանոցում եւ ծանր ապրումների մեջ է, իմանալով կնոջ աշխատանքից ազատվելու լուրը:

Ցավոք, անօգնական վիճակում են նաեւ իրենց միակ արու զավակին պատերազմում կորցրած Մարգոյի ծնողները: Աշխատանքից զրկված կինը արդեն 2-ական դիմում է հղել առողջապահության եւ պաշտպանության նախարարություններ, բայց պատասխանները եղել են նույնը՝ մարզպետը կաջակցի հարցի լուծմանը: Արդեն 2 ամսում 4 անգամ Մարգոն եղել է մարզպետի մոտ, սակայն հարցը չի լուծվում: Նրան առաջարկել են գնալ եւ աշխատել Վարդենիսի հիվանդանոցում որպես բուժքույր, մոռանալով, որ գյուղից շրջկենտրոն գնալու համար նա օրական պետք է վճարի 1000 դրամ: Ո՞րն է ելքը: Մի՞թե գյուղապետի տիկին Խոլոյանը այդքան ամենազոր է, որ չի կարելի փոխել հրամանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել