Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԴԵՌ ՎԱՂ Է

Հոկտեմբեր 15,2010 00:00

Քանի դեռ Ադրբեջանը պատրաստակամ չէ բանակցել ԼՂՀ-ի հետ, ըստ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ անիմաստ է խոսել որեւէ փոխզիջման մասին:

\"\"\"\"

Ստեփանակերտում անցկացվող Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցները երեկ հյուրընկալվեցին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: Պարոն Ղուլյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած տեղեկատվական խնդիրների մասին, ասաց. «Արցախի անկախության փաստն Ադրբեջանի համար ամենասարսափելի իրողությունն է, եւ դրա համար փորձում է արգելափակել Լեռնային Ղարաբաղի մասին ցանկացած տեղեկատվության հոսք արտերկրում: Մեր անկախության ողջ ընթացքում մենք մեր բոլոր քայլերը տեղավորել ենք միջազգային իրավունքի սկզբունքների մեջ, մեր ստեղծագործ աշխատանքի շնորհիվ կայացրել ենք իրական ժողովրդավարական երկիր: Այլ ճանապարհ, քան ԼՂ միջազգային ճանաչումն է՝ չկա: Մեր քսանամյա երկիրը վաստակել է այդ իրավունքը, եւ այն ոչ մեկին զիջելու ցանկություն մեր ժողովուրդը չունի»: Պարոն Ղուլյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Մասնավորապես, մեր գործընկերը Պրահայից՝ «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը, հետաքրքրվեց, թե ով է Արցախի պառլամենտի շենքի վրա կանգնեցված «այլանդակ» գմբեթի հեղինակը: Ա. Ղուլյանը չուզեց «վառել» ճարտարապետին եւ ասաց միայն, որ գմբեթն ավարտուն տեսքի չի բերվել, դրել են, հետո ինչ-որ պատճառով՝ գուցե տնտեսելու համար, որոշել են, որ այդ տեսքով էլ կարող է մնալ, եւ որոշել են այդպես էլ թողնել. «Բայց մնացած բոլոր պայմանները առկա են նորմալ աշխատանքի համար, եւ ամբողջ շենքը, եւ նիստերի դահլիճը ամենալավ ձեւով կառուցված եւ կահավորված են՝ ՀՀ ԱԺ աջակցությամբ»: ԼՂ պառլամենտը այս շենք է տեղափոխվել 2007-ին:

Պարոն Ղուլյանը համաձայնվեց համաժողովի ընթացքում «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հնչեցրած տեսակետին, որ Արցախի մամուլն իներտ է եւ ՀՀ-ի ու Սփյուռքի մամուլի համեմատ թույլ օղակ է, ու նկատեց, որ դա ինչ-որ տեղ հասկանալի է. «Եթե դուք էլ լինեիք որոշում կայացնողը՝ դուք էլ կընտրեիք սկզբում սոցիալական խնդիրները լուծելու ճանապարհը՝ դպրոց կառուցել, հիվանդանոց, բնակարան եւ այլն, հետո նոր տեղեկատվական դաշտը մեծացնել, հզորացնել»:

Հարց եղավ նաեւ ՀՀ ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության հեղինակած՝ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի կապակցությամբ: Ի՞նչ վերաբերմունք ունի ԼՂ ԱԺ-ն այդ նախագծի կապակցությամբ՝ այս հարցին պարոն Ղուլյանը միանշանակ պատասխան չուներ. «Մենք մի տեսակ անհարմար վիճակի մեջ ենք հայտնվել: Ինչ խոսք՝ ուզում ենք, որ ճանաչեն, հարցրեք Ղարաբաղում ցանկացած մեկին, եւ իհարկե՝ բոլորն ուզում են, ո՞նց կարող ենք չուզել: Բայց մենք չենք ուզում ԼՂ միջազգային ճանաչումը բաժանել երկու մասի՝ Հայաստանի կողմից եւ մյուսների: Եթե որեւէ մեկն ասի, որ Հայաստանի կողմից ճանաչումը կարող է միջազգային ճանաչման համար լավ սկիզբ լինել՝ շատ լավ, բայց չէի ցանկանա հուզականությունը խառնել սթափ հեռատեսությանը: Եվ հետո ճիշտ կլինի, եթե մինչ հարցը քննարկելը՝ քաղաքական խորհրդատվություններ լինեին, ընդհանուր հայտարարի գայինք: Որովհետեւ դա այն հարցը չէ, որ պիտի ներկայացվի քաղաքական տարաձայնությունների պարագայում: Դա այն հարցն է, որ պիտի քվեարկության դրվի լիարժեք համաձայնության պարագայում՝ առանց որեւէ դեմի կամ ձեռնպահի»:

Հարց եղավ նաեւ Կոսովոյի եւ ԼՂ-ի խնդիրների նմանության մասին: ԼՂ ԱԺ նախագահը նկատեց, որ երբ այս տարվա հունիսին Արդարադատության միջազգային դատարանն ընդունեց, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին՝ դա իրողությունների լավագույն գրանցումն էր: Ըստ Աշոտ Ղուլյանի՝ որքան էլ փորձեն համոզել, որ որոշումը վերաբերվում էր բացառապես Կոսովոյին, քանի որ այդ պարագայում հիմքերն այլ էին, միեւնույն է՝ «իրավական, քաղաքական, պատմական տեսանկյունից մեր անկախության ճանաչման հիմքերը շատ ավելի ընդունելի են: Ուղղակի աշխարհում նորանկախ պետությունների ճանաչումները միշտ եղել են ոչ թե միջազգային իրավունքին համապատասխան, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Այդ իսկ պատճառով կան մի խումբ երկրներ, որոնք ճանաչում են Կոսովոյի անկախությունը եւ չեն ուզում լսել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին, եւ հակառակը՝ Ռուսաստանի դեպքում: Եվ վերջապես, մենք Եվրոպայում չենք գտնվում եւ չունենք եվրոպական երկիր ընդդիմախոս, որի հետ կնստեինք ու հանգիստ կբանակցեինք միջազգային իրավունքի տեսանկյունից: Ադրբեջանը ուղղակի փակել է երկխոսության դաշտը»: Անկա՞խ Արցախ, թե՞ Հայաստանի հետ միավորված. այս հարցը, ըստ պարոն Ղուլյանի, ինքը ստանում է շատ հաճախ, եւ պատասխանը հետեւյալն է. «88-ին մեր պայքարը սկսվեց Մայր Հայաստանի հետ միանալու կարգախոսով, բայց երբ 91-ին ՍՍՀՄ-ը սկսվեց փլուզվել, մենք տեսանք միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ճանապարհ՝ անկախանալու, եւ ՍՍՀՄ-ից անջատվող մյուս հանրապետությունների նման հռչակեցինք մեր անկախությունը: Այն ժամանակ նաեւ միամտորեն կարծում էինք, որ դա լուրջ փոխզիջում է, եւ Ադրբեջանը խոհեմաբար կընդունի մեր այդ քայլը եւ մեր անկախությունը, բայց սխալվեցինք՝ Ադրբեջանը չի ուզում հաշտվել կատարված իրողության հետ: Ընդհանրապես, ԼՂ-ում ընթացող բոլոր քայլերն իրականացվել են գործող միջազգային օրենքի սահմաններում: Եվ արդեն շուտով 20 տարի խոսում ենք անկախության մասին, եւ երկու անգամ՝ 91թ. դեկտեմբերի 10-ին եւ դրանից ճիշտ 15 տարի հետո՝ 2006թ. դեկտեմբերի 10-ին՝ Սահմանադրության հանրաքվեի օրը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 99,99%-ով քվեարկել է անկախության օգտին: Ու մենք պարտավոր ենք առաջնորդվել ժողովրդի կամարտահայտությամբ: Եվ հետո դեռ կարիք ունենք մտածելու՝ երկու հայկական պետություն ունենալով՝ մենք շահո՞ւմ ենք, թե՞ կորցնում»:

Ադրբեջանի հետ հակամարտության մեջ որեւէ փոխզիջման մասին ԱԺ նախագահը խոսել չցանկացավ. «Քանի դեռ Ադրբեջանը չի գնում որեւէ բանակցության եւ փոխզիջման՝ մենք չենք կարող մտնել այդ խոսակցությունների մեջ: Երբ զգանք, որ հակառակորդը պատրաստակամ է փոխզիջումների՝ այն ժամանակ կխոսենք այդ մասին, իսկ փոխզիջումների սահմանը որոշելու է միայն եւ միայն ԼՂՀ ժողովուրդը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել