Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՅՐԵՐԸ «ՍՈՎԵՏԻՆ» ԵՐԱՆԻ ԵՆ ՏԱԼԻՍ

Հոկտեմբեր 15,2010 00:00

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող կույր մարդը որեւէ արտոնությունից չի օգտվում: Այդ պատճառով էլ նրանք խորհրդային տարիները երանությամբ են հիշում:

«Կարելի է ասել՝ այն ժամանակ մենք պետություն էինք պետության մեջ: Ամենակարեւորը՝ չտեսնող մարդիկ աշխատանք ունեին, մեր արտադրած էլեկտրատեխնիկական սարքերի 96%-ն արտահանվում էր, այսօր եթե նույնիսկ վերականգնեք էլ դրսում մեր սպառողների հետ համագործակցությունը, ապա այնպիսի մեծ ծախսեր են պահանջվում բեռը տեղափոխելու համար, որ հնարավոր չէ տակից դուրս գալ: Այն ժամանակ հասարակական տրանսպորտից անվճար երթեւեկելու իրավունք ունեինք, կոմունալ վարձավճարներն էլ 50 տոկոս զեղչով էինք մուծում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության նախագահի տեղակալ Մարտին Սարգսյանը: Երեկ Տեսողության համաշխարհային օրվա առիթով պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե իրենց միավորումը ներկայումս տեսողության խնդիր ունեցող քանի՞ անդամ ունի եւ անդամությունը կույրերի կյանքը որքանո՞վ է հեշտացնում: Պարզվեց, այժմ անդամ լինելը պարզապես ձեւական բնույթ է կրում: Պարոն Սարգսյանի խոսքերով. «Որքան էլ գրպանս լիքը լինի, միեւնույն է, մենք տեղաշարժվելու խնդիր ունենք: Հաշմանդամության այս տեսակն այնպիսի առանձնահատկություն ունի, որ առանց ուղեկցողի չենք կարող տեղաշարժվել, նախկինում կույրին ուղեկցող անձը նույնպես արտոնություն ուներ, այսօր որեւէ մեկը ցանկություն չի հայտնում մեզ օգնելու, քանի որ ոչ մի շահագրգռող բան չկա»:

1930 թվականին ստեղծված Հայաստանի կույրերի միավորումն այսօր ունի 2500 անդամ: Միավորման անդամ են հաշմանդամության 1-ին եւ 2-րդ կարգ ունեցող կույր մարդիկ: Պարոն Սարգսյանի կարծիքով, այդ թիվը մեր հանրապետությունում եղած կույրերի իրական պատկերը չի արտացոլում, քանի որ կան շատերը, որոնք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հաշվառված չեն: Երեկ՝ Տեսողության համաշխարհային օրվա առիթով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ էր հրապարակել, ըստ որի՝ կուրության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխարգելել կամ բուժել, եթե ժամանակին դիմեն բժշկի: Tert.am-ը, հղում անելով ԱՀԿ-ի տվյալներին, հայտնում է, որ տեսողության խնդիրներ ունեցողների 85%-ն ապրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում։ Կուրության դեպքերի 39%-ը աչքերի կատարակտ հիվանդության արդյունք է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել