Լրահոս
Օրվա լրահոսը

Փոշմանել է, որ եկել է

Հոկտեմբեր 15,2010 00:00

Ուկրաինայում բարձր պաշտոններ զբաղեցրած, բայց հայրենիքին օգնելու նպատակով Հայաստան վերադարձած եւ այժմ վագոն-տնակում բնակվող սպիտակցի Սերյոժա Պողոսյանին տնակն էլ արժան չեն տեսնում:

70-ամյա Սերյոժա Պողոսյանն ու իր 17-ամյա որդին երեկ Սպիտակից հասել էին «Առավոտի» խմբագրություն: Ինչպես երկրաշարժի գոտում անտուն մնացած շատ բնակիչներ, նա էլ մինչեւ այժմ ապրում է վագոն-տնակում, որտեղ, նրա խոսքերով, անմարդկային պայմաններ են. «Գիշերը մկների ու առնետների պատճառով չենք կարողանում քնել, դոմիկի պատերը փտել են, քամու պատճառով 2 անգամ մնացել ենք առանց տանիքի»: Անտուն մնացած 70-ամյա Ս. Պողոսյանը մինչեւ 1992 թվականն ապրել է Ուկրաինայում, երկար տարիներ Լվովում աշխատել է որպես առեւտրի բազայի տնօրեն, պաշտպանության նախարարության համակարգում էլ ավագ տնտեսագետ է աշխատել ու պարգեւատրվել «Աշխատանքի վետերան» շքանշանով:

«Էն ժամանակ անգամ ռայկոմի քարտուղարը 2500 ռուբլի չէր ստանում, բայց ես ստանում էի: Այնտեղ ամեն ինչ ունեի՝ տուն, բարձր աշխատավարձ, բայց ուզում էի մի բանով իմ ծննդավայրին օգտակար լինել»,- մեզ հետ զրույցում պատմեց Ս. Պողոսյանը: Տղան՝ Սպիտակում ծնված Տիգրանը, որոշ ժամանակ ստիպված է եղել մնալ Աբովյանի մանկատանը, հետո ապրել Վանաձորի խնամքի կենտրոնում, մեկ տարի էլ սովորել է Երեւանի «Փոքր Մհեր» կրթահամալիրում: Որդին ցանկացել է ընդունվել «Մոնթե Մելքոնյան» վարժարան, սակայն. «Քննության օրն ավտոբուսի փող չունեինք, առավոտը ժամը 6-ին սոված ճանապարհ էինք ընկել եւ 10 կմ ոտքով եկել Երեւան: Երեկոյան 6-ին հանձնաժողովը նոր կանչեց: Ասացին՝ ձեր երեխայի ձեռքերը դողում են, հոգեկան խանգարում ունի: Շան որդիներ, իմ երեխան առողջ երեխա է, Սպիտակի վայենկոմատի կոմիսիայում առողջ էին հանել, որ բանակ տանեն»:

Ս. Պողոսյանն իր հետ բերել էր մի շարք փաստաթղթեր: Նա այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի, 2-րդ կարգի հաշմանդամ է. «2004 թվականին Սպիտակում տանիքը վերանորոգելիս ոտքս ջարդեցի, գումար չունենալու, բժշկին վճարել չկարողանալու պատճառով այս օրի հասա: 46 տարվա աշխատանքային ստաժիս դիմաց 35 հազար թոշակ եմ ստանում, որի մեծ մասով դեղ եմ գնում»: 2008-ից անչափահաս երեխայի հայրը զրկվել է նաեւ 18 հազար դրամ նպաստից՝ «բարձր թոշակ» ստանալու պատճառով: «Այնպիսի մարդիկ են հիմա թոշակ ու նպաստ ստանում, որ քարե սեփական տներում են ապրում ու ամեն ինչով ապահովված են: Ռոբերտ Քոչարյանը խումբ էր ուղարկել, եկավ, ինձ ու երեխուն տեսավ, զարմացավ, թե ո՞նց ենք ապրում այդ տնակում»,- պատմեց նա: Մինչեւ նախորդ տարի նա ընդգրկված է եղել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածների ցուցակում եւ, ըստ փաստաթղթերի, վաղուց արդեն պետք է տեղափոխված լիներ նոր բնակարան: Նրա խոսքերով. «Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը ինձ կանչեց ու ասաց՝ քեզ ոչինչ չի հասնում, սեփական տուն ունես, հատուցումը ստացել ես: Քաղաքապետի ոտի տակը պինդ ա, ինչ ուզում, անում ա, աները մարզի գյուղվարչության պետն է, հարազատները Ռոբերտ Քոչարյանի խնամին են, դատախազ բարեկամներ ունի: Իմ տան դիմաց 4000 ռուբլի փող են տվել, երկրաշարժից հետո ձեռքիս եղած փողը եղել է 21 հազար ռուսական ռուբլի, որը գցել եմ բանկը ու հիմա պիտի ստանամ 264 հազար դրամ»: Նա ասաց, թե դիմումներ է գրել նախագահին, վարչապետին ու այլ մարմինների, որպեսզի այդ գումարից գոնե 100 հազար դրամ տրամադրեն, որպեսզի կարողանա ձմեռը գոյատեւել. «Ուզում էի վառելափայտ, կարտոֆիլ գնեմ, ես ու երեխեն ձմեռվա հագնելու ոչինչ չունենք, բայց պատասխանեցին, որ գումարը միայն ըստ հերթացուցակի պիտի ստանան»: Նա նշեց, որ այժմ էլ Ուկրաինայում իրեն սիրով կընդունեն եւ արդեն մտածում է ամեն գնով՝ թեկուզ ոտքով, հայրենիքից հեռանալու մասին. «Մարտի 10-ին նախագահը Անգլիայի Լորդերի պալատից խոսում է, խնդրում Հայաստանում ծնված բոլոր հայերը վերադառնան հայրենիք, ո՞վ է եկել, միայն փող ունեցողները, որ Հայաստանում բիզնես են ուզում անել ու փող աշխատել եւ մեկ էլ ինձ պես ազնիվ, խաբված մարդիկ, որ այժմ սեփական երկրում հալածվում են, ո՛չ տեղացու, ո՛չ էլ փախստականի կարգավիճակ ունեմ»: Նրա առջեւ այժմ պայման են դրել, եթե ուզում է բնակարան ստանալ, պետք է հրաժարվի տնակի տարածքից կամ վճարի 1 մլն դրամ՝ վարձակալության համար: Այլապես սպառնացել են ուժով հանել, մինչդեռ, ըստ նրա. «Այդ տարածքում ապրել ենք 18 տարի, ցանկապատել, մատներով երեխայի հետ 2-3 մեքենա քար ենք հանել, թափել, ծառ ենք տնկել, գոմ սարքել, հիմա այնպիսի տեղ է, որ ուզում են խաղատուն կամ լրբանոց սարքել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել