Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԳՐՊԱՆԻՑ ԿՄՈՒԾԵՆ

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Գծատերերն ու տաքսի սերվիսների տերերը իրենց մեքենաների ապահովագրումը վարորդների հաշվին են անում

Եկող տարվա հունվարի 1-ից՝ այն վարորդները, որոնք ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրական (ԱՊՊԱ) պոլիսներ չեն ունենա իրենց մեքենայի դիմապակու վրա՝ կտուգանվեն: Չնայած հոկտեմբերի 1-ից ապահովագրական 8 ընկերություն արդեն սկսել է պարտադիր ապահովագրության գործընթացը, սակայն մեքենաների բազմաթիվ սեփականատերեր կարծես չեն էլ շտապում ձեռք բերել պոլիսները: Համենայնդեպս, դա են վկայում ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Նրանց ներկայացմամբ՝ պոլիսներ ստանալու համար առայժմ հերթեր չեն կուտակվում. «Երեւի մտածում են՝ դեռ բավականին ժամանակ կա, կհասցնեն, էլի: Այնինչ՝ ընդամենը 2 ամիս է մնացել: Կամ էլ շատերը դեռ չեն պատկերացնում, թե ինչ բան է պարտադիր ապահովագրությունը»:

Նշենք, որ ԱՊՊԱ պայմանագիրը կնքելով՝ մեքենայի սեփականատերը ոչ թե ապահովագրում է իր մեքենան, այլ այդ պայմանագրով փոխհատուցվում են երրորդ անձի՝ հետիոտնի, այլ մեքենայի կամ վարորդի, մեքենայի ուղեւորի կրած վնասները: Այսինքն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, եթե, ասենք, հետիոտնը լուրջ տուժել է, նրան անհրաժեշտ է բժշկական օգնություն, ապա ապահովագրական ընկերություններն այդ ծախսերը կփակեն: Ապահովագրական ընկերությունը կփակի նաեւ վնասված մեքենայի վերանորոգման ծախսերը, եթե որոշվի, որ տվյալ մեքենան մեղավոր չէ վթարի համար: Իսկ փոխհատուցող ապահովագրական ընկերությունն էլ լինելու է այն ընկերությունը, որի հետ մեղավոր կողմն արդեն ԱՊՊԱ պայմանագիր է կնքել:

Սակայն կարգազանց վարորդները հույս չունենան, որ կարող են աջ ու ձախ մեքենան «խփել», հետո՝ ե՛ւ տուժողին հատուցել ԱՊՊԱ-ի միջոցով, ե՛ւ իրենց վնասված մեքենայի ծախսերը փակել՝ կրկին ԱՊՊԱ-ի միջոցով: ԱՊՊԱ պայմանագիրը չի ծածկում մեղավոր վարորդի մեքենայի վնասները:

ԱՊՊԱ պայմանագիր պետք է ունենան Հայաստանի գրեթե բոլոր ավտոմեքենաների սեփականատերերը, այդ թվում՝ նաեւ տաքսի սերվիսների ու երթուղային տաքսիների սեփականատերերը: Այս փոխադրամիջոցների համար նախատեսված տարեկան ապահովագրական վճարը կկազմի 37 հազար դրամից մինչեւ 59 հազար դրամ: Գումարը որոշվելու է՝ հաշվի առնելով մի շարք ռիսկեր: Ասենք՝ վարորդների տարիքը եւ փորձը, մեքենայի հին ու նոր լինելն ու շարժիչի հզորությունը:

Տաքսի սերվիսների եւ երթուղագծերի սեփականատերերն իրենց մեքենաների համար պոլիսներ ձեռք բերելու հնարամիտ միջոց են գտել: Որպեսզի յուրաքանչյուր մեքենայի համար չվճարեն հսկայական գումարներ, սեփականատերերը այդ գումարները քիչ-քիչ հավաքում են վարորդներից: Մայրաքաղաքի տաքսի սերվիսներից մեկի վարորդների հետ զրույցում պարզեցինք, որ իրենց «շեֆը» կարգադրել է օրական կամ շաբաթական որոշակի գումար վճարել, ապահովագրական ծախսերը փակելու համար. «Ճիշտ է, օրական 400-500 դրամ ենք վճարելու, ու այդպես ոնց որ թե շատ չի երեւում, որ մեծ գումար է, բայց ախր մեքենայի սեփականատերն ինքն է, թող ինքն էլ վճարի»: Վարորդների ներկայացմամբ՝ յուրաքանչյուր վարորդ միանվագ պետք է վճարի մոտ 10 հազար դրամ: Կան սերվիսներ, որոնց վարորդները պետք է վճարեն 15 հազար դրամ: Այսինքն՝ սերվիսի սեփականատերը, ընդհանուր առմամբ, եթե մոտ 10 մեքենա ունենա, ապա մոտավոր հաշվարկներով պետք է տարեկան վճարի 400-500 հազար դրամ: Երթուղայինի գծատերերն ու տաքսի սերվիսների սեփականատերերը, իհարկե, չեն ցանկանում իրենց գրպանից վճարել այդ գումարը, ուստի վարորդների վրա «նալոգ» են դրել: Մեզ հետ զրույցում երթուղագծերից մեկի վարորդներն էլ դժգոհեցին, որ իրենք առանց այդ էլ որոշակի գումար են վճարում գծատերին, հիմա էլ պետք է ապահովագրության համար իրենց գրպանից վճարեն. «Ով իր սեփական մեքենայով է գծում, թող նրա վրա էլ նալոգը դնեն: Իսկ մեր մեջ կան մարդիկ, ովքեր գծատիրոջ մեքենան են վարում: Ինչո՞ւ պիտի մենք դրա համար վճարենք»: Մեզ հետ զրույցում վարորդները վստահեցրին, որ որքան էլ փորձել են ընդդիմանալ իրենց ղեկավարներին եւ հրաժարվել վճարել, իրենց սպառնացել են աշխատանքից ազատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել