«Եվրոպական բիզնես» ամենամյա մրցանակաբաշխությանը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը արժանացել է «Պատվո ժապավենի»: Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է արդեն 4-րդ անգամ ու Եվրոպայում համարվում է բիզնես նորարարության, հաջողության ու կայունության խորհրդանիշ: «Պատվո ժապավեն» մրցանակը շնորհվում է տարվա բիզնես, տարվա գործարար, տարվա նորարարություն, ուղղվածություն դեպի հաճախորդը, աճի ռազմավարություն, տարվա գործատու, կորպորատիվ պատասխանատվություն, բնապահպանական իրազեկվածություն ու նախագահի ընտրություն անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով. «Պատվո ժապավենը» կարեւոր նվաճում է, որը մեր ընկերությունը նվիրում է Հայաստանին: Մենք առաջնորդվում ենք սեփական օրինակով եւ ցանկանում ենք, որ յուրաքանչյուր կազմակերպություն իր իսկ օրինակով ցույց տա այն լավագույնը, որ կա մեր երկրում: Այս մրցանակը մեզ համար նոր ձգտումների եւ ավելին առաջարկելու մարտահրավեր է»: «Պատվո ժապավենի» բոլոր մրցանակակիրները հաջորդ ամսվա 16-ին կմասնակցեն Փարիզում նախատեսվող Բիզնես մրցանակաբաշխության գալա ընդունելությանը, որտեղ էլ կհանձնվեն մրցանակները: