Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքը կավելանա եւս $100 միլիոնով

Հոկտեմբեր 15,2010 00:00

Առաջիկայում ՀՀ կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամից կստանա մոտ $100 միլիոնի չափով վարկ: Կառավարության երեկվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ ըստ կառավարության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ կնքված համաձայնության, այս վարկը կտրամադրվի 0 տոկոսով: Կառավարությունը երեկ հավանության է արժանացրել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքած 202,4 միլիոն հատուկ փոխառության իրավունքին (ՀՓԻ) համարժեք գումարի չափով վարկի տրամադրման համաձայնագրի մեջ փոփոխություն կատարելու նախագծին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի՝ այս փոփոխություններով փոխվում են վարկի սպասարկման պայմանները. «Եթե նախկինում պարտքի մարման ժամկետը 5 տարի էր, որը բավականին ծանր խնդիր էր, ապա նոր պայմաններով վարկի տրամադրման ժամկետը դարձավ 10 տարի, առաջին հինգ տարին էլ լինելու է արտոնյալ, այսինքն՝ սպասարկում չի իրականացվելու»: Պարոն Դավթյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա հուլիսի 28-ի դրությամբ կառավարությունը փաստացի ստացել է 127 601 միլիոնի (ՀՓԻ) համարժեք գումար:

Գործադիրը հավանության է արժանացրել նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծին: Այս նախագծով առաջարկվում է, որ ընկերության բաժնետերերի ռեեստրում ներառված տեղեկությունները հասարակության համար հասանելի դառնան: Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի. «Սա հնարավորություն է ընձեռում ավելի թափանցիկ աշխատել ու հակամրցակցային գործողություններ իրականացնելու ճիշտ որոշում է»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց. «Հեծանիվ չենք հորինում, այսուհետեւ մեր քաղաքացիները կկարողանան իմանալ՝ ովքեր են բաժնետիրական ընկերությունների սեփականատերերը, պետությունը պարտավոր է ապահովել, որ այդ ինֆորմացիան լինի բաց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել