Այդպես է վստահեցնում «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը՝ պարզաբանելով վերջին շրջանում բենզինի գնի փոփոխությունները:
Արդեն 1 շաբաթ է, ինչ մեր երկրում բենզինը կրկին 10 դրամով թանկացել է: Երեկվա դրությամբ «սուպեր» տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 420 դրամով, «պրեմիումը»՝ 390 դրամով, «ռեգուլյարը»՝ 370-ով:
Հիշեցնենք, որ վերջին անգամ բենզինը Հայաստանում թանկացավ այս տարվա մարտի 3-ին: Ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ դաշտի երկու գլխավոր խաղացողները՝ «Ֆլեշը» եւ «CPS»-ը որոշեցին, որ իրենց ներկրած բենզինի պաշարը սպառվել է, նոր խմբաքանակ են բերել՝ ավելի բարձր գներով: Այս անգամ նույն սցենարով սկզբում «Ֆլեշի» էժան բենզինը «պրծավ», եւ միայն այդ ընկերության գնացուցակը թարմացվեց, մի քանի ժամ հետո նրան հետեւեցին մյուս ընկերությունների բենզալցակայանները: Առհասարակ, բենզինի շուկայում թանկացումները հենց այդպես են տեղի ունենում, բայց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոտ դա որեւէ կասկած չի առաջացնում, որ խոշոր ընկերությունները, որոնք դաշտում գին են թելադրում, հակամրցակցային համաձայնության են եկել: Հանձնաժողովի մասնագետները բացատրում են, որ երբ տարբեր ընկերություններ նույն ժամանակահատվածում բարձրացնում են իրենց ապրանքի գինը, բայց գոյություն ունի թանկացման հիմնավոր պատճառաբանություն՝ դա չի կարող հակամրցակցային համաձայնություն դիտարկվել:
Վերջին թանկացումների ժամանակ ներկրողները գնի կտրուկ բարձրացման հիմնավորում ունեին՝ միջազգային գներ եւ դրամի արժեզրկում: Սակայն այս ընթացքում՝ սեպտեմբերից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, դրամը ոչ թե արժեզրկվել, այլ արժեւորվել է՝ 364 դրամից դառնալով 361 դրամ՝ 1 դոլարի դիմաց, ուստի փոխարժեքով բենզինի թանկացումը պատճառաբանել չի լինի: Ինչ վերաբերում է միջազգային շուկայի թանկացումներին, վերջին 20 օրվա ընթացքում բենզինի գինը մոտ 12 տոկոսով բարձրացել է: «Առավոտի» հետ զրույցում «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը՝ հարցին, թե փոխարժեքի տատանումը այս դեպքում բենզինի գնի վրա ինչո՞ւ չի ազդել՝ պատասխանեց. «Բնականաբար, ազդել է, հակառակ դեպքում ավելի շատ թանկացած կլիներ, պարզապես այդ մեկուկես տոկոսը չէր կարող այնքան իջեցնել գինը, որ Հայաստանում բենզինը չթանկանար»: Պարոն Էլչյանից փորձեցինք ճշտել, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ բոլոր ընկերությունների բենզինը նույն օրը մի քանի ժամվա տարբերությամբ է թանկանում ու էժանանում. «Որովհետեւ ինչ մենք անում ենք՝ մյուս ընկերությունները կրկնում են: Առաջին քայլը միշտ մենք ենք անում: Եթե հակամրցակցային համաձայնության գայինք, հաստատ մենք առաջինը չէինք թանկացնի եւ բոլորի ուշադրությունը չէինք սեւեռի մեզ վրա, մենք այդքան խելք ունենք: Բենզինը մեր երկրում պետք է մոտ 20 օր առաջ բարձրացրած լինեինք, բայց քանի որ ահագին պահեստավորված բենզին ունեինք, դա սպառեցինք, նոր թանկացրինք»:
Նշենք, որ բենզինի այս թանկացումները սպասելի էին, որովհետեւ օգոստոսին, երբ բենզինը մոտ 40 դրամով էժանացավ, կարծիք կար, որ դա քաղաքական քայլ է՝ գնաճային ֆոնը ցրելու եւ վիճծառայության նկարած թվերն ապացուցելու համար: Պարոն Էլչյանի պարզաբանմամբ՝ «Մենք քաղաքականությունից հեռու ենք: Օգոստոսին բենզինն էժանացրել ենք, որովհետեւ շուկայում էլ գինն իջել էր՝ այդքան բան»:
Մեր երկրում, երբ բենզինը թանկանում է, հաջորդ շաբաթ թանկանում է նաեւ հացը: Այդ է պատճառը, որ բնակչությունը բենզինի գնի փոփոխությունն այդքան ծանր է տանում: Սակայն պարոն Էլչյանի խոսքերով՝ անհեթեթություն է բենզինի գինը կապել հացի, գյուղմթերքի կամ որեւէ այլ բանի հետ. «Բենզինի թանկացումն անդրադառնում է միայն միջին եկամտից ավելի բարձր եկամուտ ունեցող մարդկանց գրպանի վրա: Ցածր եկամուտ ունեցողները գազ են ծախսում, այսօր բենզինով միայն «ջիպեր», թանկարժեք մեքենաներ ունեցողներն են երթեւեկում, իսկ «ջիպավորների» վրա այդ 10-20 դրամ թանկացումը, չեմ կարծում, որ այդքան ծանր անդրադառնա: Շարքային սպառողը բենզինից չի տուժում: Արդեն վաղուց հացի մեքենաները բենզինով չեն, որ հացի գինը որեւէ կերպ կապ ունենա բենզինի գնի հետ: Գյուղացու մեքենան էլ բենզինով չի աշխատում, որ գյուղմթերքը, դրանով պայմանավորված, թանկանա: Այսօր գազը 3 անգամ էժան է բենզինից, բոլոր մարզերում գազալցակայանները լիքն են, այնպես որ, որեւէ պատճառ չկա անկապ ասելու, թե բենզինը թանկացել է՝ այլ ապրանքներն էլ են թանկացել»:
«Ֆլեշ» ընկերության փոխտնօրենը տեղեկացրեց, որ իրենց բենզինի պահեստներն ամենամեծն են: Նրա խոսքերով՝ դրանց շնորհիվ միջազգային շուկայում բենզինի թանկացումները արագ չեն գալիս Հայաստան. «Մենք նման քաղաքականություն ենք վարում, բայց կառավարությունը պետք է ստիպի, որ մեծ պահեստներ ունենան նաեւ մյուս ընկերությունները: Այլ երկրներում այդպես է, եթե պետությունը չունի ռեզերվներ, պետք է դա թողնի մասնավորի վրա եւ ստիպի, որ գոնե որոշակի ժամանակահատվածում երկիրը արտաքին շուկայի փոփոխություններից չտուժի»: