Այն մասին, որ «Ա1+»-ը «պարտվելու է» 2002-ի ապրիլի 2-ի մրցույթում՝ իշխանական մեր աղբյուրները փոխանցել էին դեռ 2001-ի նոյեմբերին: Մեր այսօրվա հրապարակման հերոսներից ոմանց մասին նույնպես վաղօրոք լուրեր են տարածվել, թե հենց այն 4 հեռուստաընկերություններից են, որոնք դեկտեմբերի 16-ի մրցույթի հետեւանքով զրկվելու են եթերից:
ԱԼՄ
2002-ի ապրիլից հեռարձակման կապուղի ստացած ԱԼՄ եթերում, հայտնի է, գերազանցապես հենց ինքը՝ «ԱԼՄ հոլդինգի» սեփականատեր Տիգրան Կարապետյանն է: Սակայն հիշեցնենք, թե ծրագրային ինչ ցանց էր խոստացել իր մրցութային առաջարկում ԱԼՄ-ն, նշելով, թե պատրաստվում են եթեր հեռարձակել այդ ծրագրերը: Մեջբերում ենք առաջարկի շուրջ 10 էջ կազմող այս բաժնից: «Մեծ վրանի փոքր բնակիչները»՝ հաղորդաշար կենդանական աշխարհի մասին: «Առագաստներ»՝ հաղորդաշար՝ նվիրված ճանապարհորդություններին, հայ ծովագնացներին, պատմա-ազգագրական փորձերին: «Էթիկետ»՝ հաղորդաշարն անդրադառնում է հասարակության մեջ անձի պահվածքին, անհատի դաստիարակությանը, նրբանկատությանը, կենցաղավարությանն առնչվող խնդիրներին: «Մեր հարստությունը մարդիկ են»՝ հաղորդաշար երկրի պատմական ականավոր դեմքերի մասին: «Ֆինանսներ, վարկեր, բանկեր»՝ հաղորդաշարն անդրադառնում է կապիտալի շարժին: «Ստեպղինն ու վարդը»՝ հաղորդաշարն անդրադառնում է այգեգործությանը, ծաղկաբուծությանը: «Իմ ես-ն ու ես» կամ «Տանիք»՝ հաղորդաշարը նվիրված է դեռահասների դաստիարակության հիմնահարցերին: «Երբ ես փոքր էի»՝ հաղորդաշարն, ըստ մրցութային առաջարկի, այն մասին է, թե «մեծահասակներն ինչպես են մեղանչել ժամանակին, երբ իրենք են փոքր եղել, թե ինչպես, մոռանալով իրենց երբեմնի արարքները՝ այսօր դաս են տալիս նոր սերնդին»: «Ձեր ծառան»՝ սպասարկման ոլորտին առնչվող ծրագիր: «Խորհրդարանից դուրս» անվանումով հաղորդում էր նախատեսվում, որի անվանումը, կեսկատակ նշենք՝ թերեւս ճակատագրական դարձավ հետագայում նաեւ Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության համար: Սակայն իրականում այդ հաղորդումը պետք է ոչ պաշտոնական մթնոլորտում անմիջական զրույց լիներ ԱԺ պատգամավորների հետ, ինչն ԱԼՄ-ն մի ժամանակ եւ անում էր, սակայն՝ այլ վերնագրով հաղորդմամբ:
Խոստանում էին նաեւ եթեր հեռարձակել «Հին գրամոֆոն» հաղորդումը՝ նվիրված «հին ու բարի օրերի երաժշտությանը», «Հասկացիր ինձ» եւ «Ընտանեկան հերթափոխ» հեռուստախաղերը, «Եվայի խորհուրդներ» երգիծական ծրագիրը, «Աղանդներ» երիտասարդական հաղորդաշարը, «Մեր քսակն ու մեր հասակը» հաղորդաշարը, որը պիտի ունենար սոցիալ-տնտեսական ուղղվածություն: Կարող էինք շարունակել թվարկումը մրցութային առաջարկով նախատեսված այս հաղորդաշարերի, որոնցից եւ ոչ մեկն անցած տարիներին չենք նկատել ԱԼՄ եթերում:
ԱՐ
«Ար» հեռուստաընկերությունը 2003 թվականի իր մրցութային առաջարկում ավելի քիչ էջեր է հատկացրել հեռարձակվելիք հաղորդումներին: Խոստացել էին քիչ, սակայն խոստացածը մեծ մասամբ եւ թեկուզ առժամանակ եթեր են հեռարձակել՝ «Ճանապարհ» հասարակական-քաղաքական ծրագիրը, թերթերի տեսությունը եւ այլն: Սակայն էլի կան բացառություններ: Ասենք՝ խոստացել էին հեռարձակել «Պատմություն հայոց» հաղորդաշարը. «Ամեն անգամ վերցնելով Հայոց հնագույն պատմության առեղծվածային-լեգենդար դեմքերից մեկին՝ փորձ է կատարվում մաքրել մինչ այժմ կաղապարված տեսակետներից, իրադարձություններն ու մարդկանց դիտել նոր լույսի տակ՝ հիմնվելով համաշխարհային, հայկական, հնագիտական նորագույն հայտնագործությունների վրա»: Նախատեսում էին եթեր թողարկել «Ձեռնոց» թատերականացված հրապարակախոսական ամենօրյա ծրագիրը. «Նպատակ ունի ներկայացնել մեր հասարակության մեջ, մեր կյանքում տեղ գտած թերությունները, հրապարակավ ձեռնոց նետել դրանց՝ հույսով, որ տեսնելով մեր իսկ կյանքի բացը՝ ցանկանանք ձերբազատվել դրանից»:
Մրցութային առաջարկում «Ար» հեռուստաընկերությունը նաեւ նշել էր, թե նախապատրաստման փուլում են՝ շուտով եթեր կհեռարձակվեն «Օրենք-իրականություն»՝ մարդու իրավունքներին նվիրված, կամ բառացի մեջբերենք՝ «դատաիրավունքներին նվիրված շոու ծրագիր, որին հնարավորություն կունենան մասնակցելու ոչ միայն իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ, իրավապահներ, այլեւ ցանկացած քաղաքացի»: Շուտով պիտի եթեր հեռարձակվեր նաեւ «Բուխարի» հաղորդաշարը՝ «Նպատակ ունի կենդանի, աշխույժ զրույցների միջոցով ներկայացնելու 60 եւ ավելի տարիքում գտնվող այն բոլոր հետաքրքիր մարդկանց, որոնք մեծ դեր ու նշանակություն են ունեցել Հայաստանի պատմության ընթացքում»: Նույն կերպ նախատեսվում էր նաեւ «Տիեզերական սարդոստայն» հաղորդաշարը, որը պետք է ցույց տար «Հայկական տեսակի սիմետրիան»: Ցավոք, այն այդպես էլ չտեսանք 7 տարվա ընթացքում:
«Երկիր մեդիա»
2004 թվականի հունվարից արտոնագիր ստացած այս հեռուստաընկերության մրցութային առաջարկում եւս բազմաթիվ են այն հաղորդաշարերը, որոնք այդպես էլ եթեր չհեռարձակվեցին անցած տարիների ընթացքում: Թվարկենք դրանց աշխատանքային անվանումները. «Տյուր» գիշերային գիտահանրամատչելի հաղորդաշար. «Հաղորդման նպատակն է հանդիսատեսին ծանոթացնել մեր կյանքում կատարված ու կատարվող այն դեպքերին եւ երեւույթներին, որ շատ հաճախ չենք նկատում»: «Բաղրամյան 20»՝ հաղորդաշար, որ «կանդրադառնա հայրենական, հայազգի հեղինակների մշակած գիտության վերջին նորություններին»: «Զարթիր լաո՛» հեռուստահաղորդում. «Ունի հետեւյալ նպատակները՝ ներկայացնել ռազմահայրենասիրական թեմայով ոգեշնչված արվեստի ստեղծագործությունները, լուսաբանել հանրապետությունում եւ Սփյուռքում անցկացվելիք ռազմահայրենասիրական բովանդակությամբ բոլոր միջոցառումները, լուսաբանել նորաստեղծ ռազմահայրենասիրական երգերը՝ ամեն հաղորդման ընթացքում 2-3 երգ ամբողջապես ներկայացնելով»:
«Երկիր մեդիան» խոստացել էր նաեւ հեռարձակել «Վահագն» երիտասարդական մարզական հեռուստախաղը. «Սպորտային խաղերի միջոցով նրանց հասկացնել ծխախոտի, ոգելից խմիչքների, թմրադեղերի բացասական ազդեցությունն առողջությանն ու ազգային գենոֆոնդին»: Կամ՝ «Լոգոս» ինտելեկտուալ հեռուստախաղը, որը նախատեսված էր ավարտական դասարաններում սովորողների համար. «Հեռուստախաղը նպատակ ունի երիտասարդների շրջանում խթանել կրթական առաջադիմությունը»: Պիտի եթեր հեռարձակվեր նաեւ «Նանոր շոու» երիտասարդական հեռուստահաղորդումը. «Անդրադառնալու է ներկայիս հայ երիտասարդության խնդիրներին, որոնք առկա են թե արտաքուստ, եւ թե շատ դեպքերում քողարկվում են»: Եվ վերջապես՝ նախատեսում էին «Փոքր ուրախություններ» հաղորդաշարը, որը հեռուստադիտողներին պիտի ներկայացներ «այն փոքր քայլերն ու հաջողությունները մեր շրջապատում, որ հաճախ վրիպում են կենցաղից հոգնած քաղաքացու աչքից»:
Շարունակելի
Հ. Գ. «Ա1+»-ի եթերազրկումից հետո՝ 2002 թվականի ապրիլի 10-ին, 17 ԶԼՄ-ներ հանդես եկան հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ, եւ ԶԼՄ-ների գործունեության համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները»։ Ստորագրողների մեջ էին նաեւ այժմ մրցույթին մասնակցող որոշ հեռուստաընկերություններ՝ ինչպես Հ2 դարձած «Պրոմեթեւսը», «Արմենիան» եւ «Շանթը», այնպես էլ «Ար»-ը եւ «Երեւանը»: Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեն հիմա, եթե այս ցանկից ոմանք դեկտեմբերին զրկվեն եթերից: