Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՐԱՄԵՐԺ ՊՆԴՈՒՄՆԵՐ

Հոկտեմբեր 15,2010 00:00

Երեկ հրավիրված ասուլիսում անդրադառնալով եթերային հեռարձակում իրականացնելու արտոնագրման առաջիկա մրցույթների կապակցությամբ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հարուցած կարեւոր մտահոգություններից մեկին, թե արդյոք այս կամ այն հեռուստաընկերությանն արտոնագիր տրամադրելու կամ մերժելու որոշումը հիմնավորվա՞ծ է լինելու՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պնդել է, թե պատասխանը միանշանակ է. «Այո, այն լինելու է հիմնավորված. դա բխում է երկու կարեւոր փաստաթղթից՝ մեր տեքստի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից, ինչպես նաեւ Կոնվենցիայի 10-րդ հոդվածից: Ես հասկանում եմ մտահոգությունը, որ շատերին թվացել է, թե հիմնավորումը կարող է լինել միայն մեկ մասով՝ մրցույթի հաղթողի մասով: Դա այդպես չէ: Յուրաքանչյուր մրցույթի մասնակցի վերաբերյալ պետք է կայացված լինի հիմնավորված որոշում: Ուղղակի խնդիրն այն է, որ այդ որոշումը լինելու է մեկ միասնական որոշում, որը հիմնավորելու է, թե ով է հաղթել, ովքեր են պարտվել, եւ որն է դրա պատճառաբանությունը»:

Սակայն հիշեցնենք, որ վերոհիշյալ «շատերից» է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության նախագիծը մշակած՝ ՀՀ-ում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ավետիս Բերբերյանը, որն օրենքի 49 հոդվածի այդ պահանջի մասին՝ «Ազգային հանձնաժողովի որոշումը պետք է լինի պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված», ժամանակին «Առավոտին» ասել էր. «Քանի որ 49 հոդվածը կոչվում է «Լիցենզավորված անձի ընտրությունը»՝ պատճառաբանվելու է հաղթողի հետ կապված որոշումը: Իսկ մեր ընդդիմախոսների պահանջն էր, որ ներկայացվեն նաեւ արտոնագիր տալը մերժելու հիմքերը»:

Օրենքի նման տարաբնույթ մեկնաբանությունները տեղ են թողնում ՀՌԱՀ-ի կամայական մոտեցման համար. կուզենա՞ն՝ կներկայացնեն մերժման պատճառաբանություններ ու հիմնավորումներ, չե՞ն ուզենա՝ չեն ներկայացնի, զրկելով մրցույթում չհաղթած հեռուստաընկերություններին այդ հիմքերը դատարանում վիճարկելու հնարավորությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել