Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված նամակ է պատրաստել: Նամակը փոխանցվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ: Իսկ երեկ մամուլի ասուլիսում այն հրապարակվել է: Նամակում, մասնավորաբար, ասված է. «Մենք արդեն չպետք է լինեինք, բայց կանք: Ավելին, մտադիր չենք արդեն մեզ համար նախապատրաստված ճակատագրի լուռ ու հնազանդ խաղալիքը լինել, այլ պատրաստ ենք ուժերի առավելագույն կենտրոնացումով եւ համախմբումով պայքարել մեր ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու, մեզ՝ նման ճակատագիր գծագրողներին եւ մեր հանդեպ այն իրականացնողներին մերկացնելու եւ արժանի հատուցման առջեւ կանգնեցնելու, մեր բոլոր ոտնահարված իրավունքները վերականգնելու: Մենք հենց այսօր ձեռնամուխ ենք եղել հրավիրելու ադրբեջանահայության (ըստ ամենայնի՝ նաեւ Ադրբեջանի այլ հալածյալ ազգերի եւ քաղաքական հետապնդումների ենթակաների) համագումար, որտեղ կձեւավորենք մի պետաիրավական, քաղաքական կառույց, որը կկարողանա ստանալ պատասխանը, թե ով եւ ինչու է իրականացրել այն բոլոր հանցագործությունները մեր հանդեպ, որոնց մենք բախվեցինք վերջին քսանամյակում, ով եւ ինչու շարունակում է մեր հանդեպ այդ հետապնդումների շղթան, եւ ինչպես կառուցել ու կարգավորել մեր կյանքն այսօր: Հույս ունենք, որ ձեզնից, միջազգային կառույցներից, օտարերկրյա պետություններից, Ադրբեջանից, Ղարաբաղից, Հայաստանից նրանք, ովքեր ակամա են ներգրավված եղել այս արատավոր գործընթացներում, համարձակություն կգտնեն իրենց մեջ ետ կանգնել եւ հաղթահարել այն անօրինությունները, որոնք ստեղծվել են նաեւ իրենց ակամա մասնակցությամբ»: