Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂՋՈՒՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ազատական երեք ուժերի համատեղ ստորագրած հռչակագիրը ոչ թե քննադատել, այլ ողջունել էր պետք:

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 8-ին Պոտսդամում Հարավային Կովկասի երեք ազատական կուսակցությունների՝ Հայոց համազգային շարժման, Վրաստանի Հանրապետականի եւ Ադրբեջանի «Մուսավաթի» միջեւ համատեղ հռչակագիր է ստորագրվել: Ըստ այդմ, հիշյալ կուսակցությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու տարածաշրջանում միջազգային արժեքների վրա հիմնված համամարդկային սկզբունքների հաստատման ուղղությամբ: Հռչակագրում կարեւորվել են մասնավորապես հարավկովկասյան տարածաշրջանում մարդու կյանքի իրավունքը, խոսքի եւ հավաքների ազատությունը հարգելու, օրենքի գերակայության ու քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը: Հռչակագրում խոսվում է նաեւ տարածաշրջանում առկա հակամարտությունները, որոնցում ներքաշված են այս երեք երկրները, խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին:

Նույնիսկ այս բովանդակությամբ համատեղ հռչակագրի ստորագրման փաստը, սակայն, քննադատության թիրախ է դարձել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Ինչպես եւ կարելի էր ենթադրել, քննադատողները երկու երկրներում էլ բացառապես իշխանական եւ ազգայնական ուժերն են: Հայաստանում հռչակագիրը քննադատության ենթարկեցին ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Մասնավորապես ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը տարակուսանք հայտնեց, թե հայկական կողմից հռչակագիրը ստորագրել է մի ուժ, որի դիրքորոշումը ԼՂ հարցում հայտնի է. ՀՀՇ-ն պատրաստ է միակողմանի զիջումների ու համարում է, որ քանի դեռ ԼՂ հարցը լուծված չէ, Հայաստանում որեւէ խնդիր լուծում ունենալ չի կարող: Ադրբեջանում այս փաստաթղթի դեմ էլ արշավ է ծավալել իշխանական «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, որի փոխնախագահ Ալի Ահմեդովը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարել է, թե Պոտսդամի հռչակագրի տակ իր ստորագրությունը դնելով՝ «Մուսավաթի» ղեկավար Իսա Ղամբարը անտեսել է երկրի ազգային, պետական շահը: Նա նաեւ խորհուրդ է տվել չմոռանալ, թե հատկապես քաղաքական որ ուժի հետ է «Մուսավաթը» համատեղ փաստաթուղթ ստորագրել. «Ադրբեջանի վրա հայկական հարձակման գաղափարական կենտրոններից մեկը հենց ՀՀՇ-ն էր, որի իշխանության տարիներին են օկուպացվել Ադրբեջանի տարածքները: Այդ կուսակցության հետ համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանի դեմ է ուղղված»:

Երեկ «Առավոտը» զրուցեց հռչակագիրը վրացական կողմից ստորագրած Վրաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցչի՝ Հանրապետականի քարտուղար Իվլիան Խաինդրավայի հետ՝ որպես երրորդ կողմի ներկայացուցչի, հասկանալու համար, թե հռչակագրում կա՞ն դրույթներ, որոնք կարող են առնչվել ղարաբաղյան խնդրի լուծմանը կամ որեւէ կերպ դեմ լինել Հայաստանի կամ Ադրբեջանի պետական ու ազգային շահերին: «Բացի այն, որ հռչակագրում խոսվում է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին, որն, ըստ իս, պետք է լինի որեւէ ողջամիտ, նորմալ մարդու շահերի շրջանակում, որեւէ այլ բան, որն առնչություն կունենա ԼՂ հիմնախնդրին, պետական կամ ազգային շահերին, չկա: Հռչակագրում մենք մեր հավատարմությունն ենք հայտնել համամարդկային արժեքներին, եւ չեմ հասկանում, թե այդ ո՞ր դիրքերից կարելի է կասկածի տակ առնել հռչակագրում ամրագրված դրույթները: Կարծում եմ՝ ջրից էլ պարզ է, որ դա քաղաքական սպեկուլյացիա է: Նույն հաջողությամբ հենց նույն Դաշնակցությանը, Աստված գիտե, թե ինչ մեղադրանքներ կարելի է ներկայացնել՝ նրա Բաքու մեկնելու ու այնտեղ Սոցինտերնի համաժողովին մասնակցելու համար: Իրականում խելացի կլիներ, եթե այդ նախաձեռնությունների համար ոչ թե մեղադրանքներ առաջադրվեին, այլ դրանք ողջունվեին: Եթե մենք բոլորս մեկուսացված լինենք միմյանցից, մեղադրենք ու կասկածենք մեկմեկու՝ ոչ մի լավ բան մեր տարածաշրջանում չի լինի: Կարծում եմ՝ դա մեր տարածաշրջանի համար, ցավոք, առայժմ աննախադեպ փաստաթուղթ է, որը քայլ է երկխոսության, իրար հասկանալու ուղղությամբ, որովհետեւ միայն փոխըմբռնման հենքի վրա կարելի է լուծել այն հիմնախնդիրները, որոնք մեր տարածաշրջանին թույլ չեն տալիս նորմալ ապրել ու զարգանալ: Ահա թե որն է համատեղ ստորագրված հռչակագրի հիմքում դրված իմաստը»,- ասաց հռչակագրի քննադատների հայտարարություններին ծիծաղով արձագանքած Ի. Խաինդրավան: Նրա համոզմամբ՝ «ողջախոհ, ժամանակակից մտածողությամբ մարդու տեսանկյունից, ում համար կարեւոր են ազատական արժեքները, այդ փաստաթղթի ստորագրումը պետք է ողջունելի լինի, դրան պետք է աջակցել, դա պետք է հարավկովկասյան երկրներում օրինակելի դարձնել»:

Անդրադառնալով հայկական եւ ադրբեջանական կողմերից հռչակագրի համահեղինակներին ուղղված կոնկրետ մեղադրանքներին՝ վրաց գործիչը նկատեց, թե երկու կողմերից բերվող փաստարկներն արդեն փոխադարձաբար բացառելի են, ու ծայրահեղ այդ գնահատականները ցույց են տալիս, որ այդ խնդրին չի կարելի ծայրահեղ դիրքերից մոտենալ: «ՀՀՇ-ի իշխանության օրոք ղարաբաղյան ուղղությամբ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, եւ դա, ի դեպ, բավականին հաջող է իրականացվել հայկական կողմի համար: Հիմա ՀՀՇ-ն մեղադրվում է բացարձակապես այլ բանում: Այնպես որ, երկու կողմերից էլ հնչող այդ մեղադրանքները մատից հոտ քաշելու արդյունք են: Ի վերջո, երեք ընդդիմադիր կուսակցությունները, որքան էլ որ նրանք հեռանկարային ու ազդեցիկ լինեն կամ չլինեն, բայց տվյալ ժամանակահատվածում երկրում տարվող քաղաքականության վրա կարող են միայն անուղղակի ազդեցություն ունենալ կամ ազդել հասարակական կարծիքի վրա, հանդես գալ որեւէ այլընտրանքային նախաձեռնությամբ, բայց ոչ ավելին: Քաղաքականությունը վարում են նրանք, ովքեր գտնվում են իշխանության ղեկին: Եվ թող նրանք չարդարանան, թե իրենց այդ հարցում խանգարում են: Ցավոք, մեր երկրներում ընդդիմությունը չի կարող իշխանության ղեկին գտնվողներին խանգարել, բայց տեսնելով, թե ինչ են անում մեր իշխանությունները՝ Լեռնային Ղարաբաղի կամ այն հակամարտությունների առնչությամբ, որոնք գոյություն ունեն Վրաստանի տարածքում, իհարկե, բավարարվածություն առաջացնել չի կարող: Իմ պատկերացմամբ, որոշակի նախանձ կա այն մարդկանց նկատմամբ, ովքեր հնարավոր են համարում խոսել միմյանց հետ, լսել իրար, միասին մտածել հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի մասին»,- նկատեց վրաց ընդդիմության ներկայացուցիչը:

Կա՞ն եւ որո՞նք են այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ երեք երկրների ազատական կուսակցությունները կարող են համատեղ պայքար ծավալել այն հիմնախնդիրների շուրջ, որոնց մասին ամրագրված է հռչակագրում, եւ ինչպե՞ս պետք է գործեն նրանք, որպեսզի առանց սեփական ազգային կամ պետական շահերի բախման ընդհանուր ու ցանկալի արդյունք արձանագրվի: «Մեզ՝ վրացիներիս, այդ իմաստով ավելի հեշտ է, քան մեր գործընկեր հայերին ու ադրբեջանցիներին, որովհետեւ մենք երկու կողմերի հետ էլ անլուծելի խնդիրներ չունենք, եւ այնպիսի հարց, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է, մեր միջեւ կանգնած չէ: Մենք բարձր մակարդակի փոխըմբռնում ունենք թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների հետ: Բայց երբ մենք խոսում ենք ազատական արժեքների, ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ ընտրությունների, օրենքի գերակայության մասին, որոնք թվարկված են հռչակագրում, ապա դրա շուրջ համագործակցության դաշտ կա, եւ այդ ոլորտներում նույնիսկ հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների պարագայում, կարծում եմ, ցանկության դեպքում հնարավոր է ընդհանուր եզրեր գտնել»,- մեր հարցին ի պատասխան հայտարարեց Խաինդրավան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել