Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պնդում է, թե «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններով կմեծանան ընդդիմության հնարավորությունները:

Հայտնի է, որ «Ընտրական օրենսգիրքը» փոփոխվելու է հերթական անգամ, եւ հայտնի է նաեւ, որ հերթական անգամ որպես հիմնական նախագիծ ընտրվել է ոչ թե ընդդիմադիր «Ժառանգության» կամ Դաշնակցության ներկայացրած տարբերակը, այլ իշխող կոալիցիայինը: Հիշեցնենք, որ վերջերս Երեւանում էին գտնվում Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները, որոնք էլ հայաստանյան քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ առիթը բաց չէին թողնում խոսելու այն մասին, որ գործող օրենսդրության պայմաններում էլ հնարավոր է թափանցիկ, արդար եւ ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ ընտրություններ անցկացնել, որի համար պարզապես քաղաքական կամք է հարկավոր:

Առայժմ օրենքի փոփոխությունների նախագիծն արդեն տեղադրված է Ազգային ժողովի կայքում, եւ ինչպես տեղեկացնում են՝ սպասում են առաջարկությունների: Առայժմ առաջարկություններ են արել միայն «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը. ի դեպ, վերջիններս առաջարկություններ էին ներկայացրել նաեւ Վենետիկի փորձագետների հետ հանդիպումների ժամանակ: Իսկ կոալիցիան դեռ առաջարկներ չի ներկայացրել: Իշխանական ճամբարի մեր զրուցակիցները երեկ պնդում էին, թե առաջարկներ դեռ կլինեն, բայց քանի որ հիմնական նախագիծը հենց կոալիցիայինն է, ավելի ճիշտ կլինի առայժմ սպասել այլոց առաջարկներին:

ՀԱԿ ներկայացուցիչներն, օրինակ, բոլոր առիթներով պնդում են, թե իշխանությունները հերթական անգամ խաբեությամբ են զբաղված: Այս միտքը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրկնել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը. «Մենք համարում ենք «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը օգտակար, բայց ոչ վճռորոշ գործոն»,- ասել է պարոն Զուրաբյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին երեկ հիշեցրինք, թե ինչպիսի առաջարկություններ է ներկայացրել ընդդիմությունը, եւ խնդրեցինք ներկայացնել իր կարծիքը այդ առաջարկների մասին: Իսկ ընդդիմությունն առաջարկել է ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը եւ խորհրդարանում բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով։ Սակայն ակնհայտ է, որ այս առաջարկը չի ընդունվելու, ինչպես նաեւ չի ընդունվելու ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգի մասին առաջարկը: Այս վերջինի հեղինակը Հայ ազգային կոնգրեսն է, որն առաջարկում է, որպեսզի ընտրական հանձնաժողովները ձեւավորի պետությունը՝ այդպիսով ստանձնելով ընտրական ողջ գործընթացի պատասխանատվությունը։ Հայտնի է, որ «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունն առաջարկում են, որ հանձնաժողովներում հավասարապես ներկայացված լինեն իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Կոալիցիայի նախագծում ԿԸՀ անդամներին նշանակում է հանրապետության նախագահը, իսկ թեկնածուներին առաջարկում են Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատի նախագահը եւ Վճռաբեկ դատարանի նախագահը։ Ընտրատարածքային հանձնաժողովի անդամներին նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եւ միայն տեղամասային հանձնաժողովներում խորհրդարանային ընդդիմադիր ուժերը թեկնածուներ առաջարկելու իրավունք ունեն:

Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ փոփոխվող ԸՕ-ում համամասնական եւ մեծամասնական տեղերի փոփոխություն չի լինի. «Կմնա նույնը, մենք մեր բնութագրումները մեկ անգամ եւս կներկայացնենք քննարկումների ժամանակ: Իսկ ինչ վերաբերում է հանձնաժողովների ապաքաղաքականացմանը, ապա, կարծում եմ, ԿԸՀ-ն հնարավոր ենք համարում, նախագծում էլ նման բան կա ֆիքսած, առավել եւս, փոփոխությունների մեջ գնահատելի եմ համարում, որ համամասնորեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները լինեն տեղամասային, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, քարտուղարներ, տեղակալներ»: Հայտնի է, որ խաղից առաջ կանոնները փոխելն այնքան էլ ազնիվ պրակտիկա չէ, իսկ խորհրդարանական ընտրություններին երկու տարուց պակաս ժամանակ է մնացել, մի՞թե օրենսգրքի փոփոխությունն այդքան հրատապ էր: Ըստ Գալուստ Սահակյանի, օրենքի փոփոխության հարցում չկա որեւէ շտապողականություն, եւ ամեն ինչ արվում է ճիշտ ժամանակին. «Իսկ, սովորաբար, դա ընտրական մշակույթի մի մասն է, եւ ցանկացած երկրում էլ նման բաներ լինում են, կյանքն առաջ է գնում, եւ ցանկացած երկրում էլ ընտրական օրենսգրքերը փոփոխվում են: Փորձում ենք այս փոփոխություններով մեծացնել մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ընդդիմության հնարավորությունները»:

Գալուստ Սահակյանը ասաց նաեւ, թե իրենց համար շատ կարեւոր է, որ քաղաքական մթնոլորտն այնպես ձեւավորվի, որպեսզի ընտրությունների նկատմամբ դրսեւորվի դրական վերաբերմունք. «Մենք ցանկացած խնդիր քննարկելու ենք, նաեւ՝ ընդդիմության առաջարկները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել