Նորաստեղծ կայքը օգտակար է ոչ միայն ապագա մայրերի, այլեւ հայրերի համար
Հայ գինեկոլոգները գտնում են, որ հղիության ընթացքի, ընտանիքի պլանավորման եւ ընդհանրապես՝ հղիանալու մասին հայ աղջիկներն ու ապագա մայրերը քիչ գիտելիքներ ունեն:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում հայ մայրերին՝ ստեղծելով www.9amis.am կայքը, որի պատրաստման փուլը դեռ չի ավարտվել: «Կան մարդիկ, որոնք կարծում են՝ կյանքս սկիզբ է առել այն պահից, երբ ես ծնվել եմ, բայց կյանքիս ճանապարհորդությունը սկսվել է ծննդիցս շատ առաջ…». այս խորագիրը պարունակող կայքը, ըստ հեղինակի, հարմար միջոց է առանց այս ու այն կողմ ընկնելու՝ ստանալ հղիության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները:
«Առավոտի» հետ զրույցում Հ. Անդրեասյանը հավաստիացրեց, որ վերջին տարիներին աշխատելով երիտասարդության հետ, նկատել է, որ հղիության մասին նրանց տեղեկացվածությունը շատ ցածր է. «Ամենավատն այն է, որ գաղափար չունեն ոչ իրենց սեռական օրգանների կառուցվածքի, ոչ էլ վերարտադրողական ֆունկցիայի վերաբերյալ: Որոշեցի ստեղծել մի կայք, որը կօգնի ապագա մայրերին արագ եւ օպերատիվ տեղեկանալ հղիության, նախածննդյան եւ հետծննդյան շրջանների եւ ընդհանրապես իրենց հուզող հարցերի մասին: Այս կայքի կարիքը կար, որովհետեւ մնացած տեղեկատվության աղբյուրները պատշաճ մակարդակի չեն, դպրոցը չի տալիս համապատասխան գիտելիքներ, բարձրագույն կրթությունը ստանում են շատ անգամ հեռու լինելով բժշկությունից, իսկ թերթերից եւ ամսագրերից ստանում են լավագույն դեպքում պոռնոգրաֆիկ ինֆորմացիա, որոնք շատ հեռու են այդ ամենից: Դե, քանի որ երիտասարդության համար առաջին ինֆորմացիոն աղբյուրը համարվում է ինտերնետը, մտածեցի՝ երեւի ճիշտ կլինի այդ տեղեկատվական դաշտի պակասը անվճար հագեցնել ինտերնետի միջոցով»:
Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ էր հարկի կայքի գոյությունը բազմաթիվ նմանատիպ կայքերի առկայության պարագայում. «Նմանօրինակ կայքեր շատ կան, բայց դրանց մեծամասնությունը հիմնականում ուղղված է արդեն կայացած մայրերին: Այդ կայքերում ինֆորմացիա կա հիղության, ծննդաբերության եւ այլնի վերաբերյալ, բայց, ցավոք, դրանք հիմնականում թարգմանություններ են ռուսական եւ արտասահմանյան աղբյուրներից»,- ասաց www.9amis.am-ի հիմնադիրը:
Թե ինչով է տարբերվում www.9amis.am-ը նմանօրինակ այլ կայքերից, Հ. Անդրեասյանը մեկնաբանեց. «Բոլոր նյութերը, մեկնաբանությունները, պարզաբանումները հիմնված են միայն ապացուցողական բժշկության վրա: Այսինքն՝ տրվում է այն տեղեկությունը, որը գիտականորեն հիմնավորված է»:
Մանկաբարձ-գինեկոլոգի հավաստմամբ, յուրաքանչյուր ապագա մայր պարտավոր է տեղեկացված լինելու, բայց՝ «երբեմն չափից ավելի ինֆորմացիան էլ է սխալ, նույնիսկ վնասակար. օրինակ՝ դոպլեր հետազոտությունը մեր քաղաքում դարձել է համընդհանուր երեւույթ: Բոլոր հղիները գալիս եւ պահանջում են դոպլեր հետազոտություն անել՝ չիմանալով, թե դա ինչ է: Իրենց կարծիքով՝ դա հետազոտությունների վերջն է: Բայց իրականում այդ հետազոտությունը մեզ տալիս է սահմանափակ ինֆորմացիա, օրինակ՝ արյան շրջանառության հոսքի հետ կապված, որը մենք օգտագործում ենք այն դեպքերում, երբ կասկածում ենք պտղի զարգացման աճի վրա: Իսկ մարդիկ կարծում են, եթե ասում ենք պտղի զարգացումը նորմալ է, ուրեմն արատներ չկան: Ցանկալի է, որ հղի կանայք լինեն տեղեկացված այս առումով»:
Կայքի հեղինակի խոսքով, www.9amis.am-ը սկզբում ստեղծվել է իբրեւ հղիությանը վերաբերող կայք, «բայց ընթացքում շրջանակները ընդլայնվեցին: Որոշեցի ներառել այնպիսի թեմաներ, որոնք իմ տեսանկյունից արդիական են՝ սեռական կյանք, դաշտանային ցիկլի հիգիենա, սեռական օրգանների կառուցվածք, անատոմիա եւ այլն»:
Կայքն ունի մի քանի խորագիր. «Հղիություն»՝ ինչպես պլանավորել հղիությունը, «Ծննդաբերություն», «Հետծննդյան շրջան», «Բարեւ, մայրիկ», որոնց մեջ ընդգրկված է նորածնի խնամքը, այնտեղ տեղադրված են նաեւ ազատ թեմաներով հոդվածներ:
Զրույցի վերջում գինեկոլոգը կես կատակ, կես լուրջ հավելեց, որ կայքը ոչ միայն կանանց համար է. «Տղամարդկանց էլ այն կարող է շատ օգտակար լինել եւ գուցե շատ հետաքրքրի նրանց: Չեմ զարմանա, եթե իմանամ, որ ապագա հայրերն էլ են օգտվում կայքից, որովհետեւ վերջին տարիներին նկատում եմ՝ հայ տղամարդիկ բավական ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ծննդաբերությանը: 10 տարի առաջ երբեք չէիր տեսնի կինը ամուսնու հետ կոնսուլտացիայի գար, տղամարդիկ նույնիսկ խուսափում էին ուղեկցել կնոջը, իսկ հիմա նրանք անգամ ցանկություն են հայտնում մասնակցել ծննդաբերությանը: Այնպես որ, մեր տղամարդիկ հիմա շատ ավելի ուշադիր եւ մտահոգ են դարձել»: