Ախալքալաքի Ս. Մալխասյան եւ Մ. Սարգսյան (նախկին Չկալով) փողոցների խաչմերուկում օրերս տեղի ունեցավ Աշուղ Հավասու հուշարձանի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին աշուղի թոռը՝ Աշոտ Կարապետյանն իր ընտանիքի հետ, ջավախցիներ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւորականներ, տասնյակ աշուղներ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, հյուրեր Թբիլիսիից եւ ուրիշներ:
Ջավախեցի երիտասարդ քանդակագործ Սուրեն Մարտիրոսյանը երեք ամսում ավարտին է հասցրել կիսանդրին: Իսկ մտահղացումը երկու տարվա պատմություն ունի. «Մեր «Ջավախք» միությունը որոշեց, որ Ախալքալաքում դնենք Հավասու արձանը, որը մեր մեծ մտավորականներից է»,- նշեց Սանկտ Պետերբուրգի «Ջավախք» միության նախագահ Արթուր Գիլոյանը:
Աշուղ Հավասին՝ Արմենակ Մարկոսյանը, ծնվել է 1896-ին՝ Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: Ինը քույրերի միակ եղբայրը երեք տարեկանից կորցրել է տեսողությունը, բայց ոչ՝ տաղանդը: Գրել է շուրջ 2000 բանաստեղծություն, 1500 քառյակ եւ 130 մեղեդի, որոնք առ այսօր կատարվում են: Աշուղը 1929-44թթ. ապրել է Ախալքալաքում եւ բազմիցս ելույթ ունեցել քաղաքի մշակույթի տանը եւ գյուղերում: Մահացել է 82 տարեկան հասակում: Այժմ իր հայրենի գյուղում ամռանը ավանդաբար նշվում է հավասիական երգի օրը:
Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն աշուղ Ալիք-Ջավախքը (Ալիկ Քսպոյան) իր մեծ ուրախությունը չթաքցրեց՝ ասելով, որ օրն իր համար քառակի տոն է. «Հավասին Ջավախքի եւ հայ ազգի մեծագույն աշուղներից է, որին անձամբ ճանաչել եմ: Աշուղ ձեռնադրվեցի նույն օրը, երբ նշում էինք Հավասու 110-ամյակը, իսկ ձեռնադրման արարողությունը վավերացրեց վարպետի որդին՝ տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը: Ի վերջո, այս փողոցում՝ 25 մ այն կողմ, իմ հայրական տունն է»: Նա ներկաներին նվիրեց Հավասու 17 երգերի խտասկավառակը, որը թողարկվել է վարպետի թոռան՝ Ա. Կարապետյանի աջակցությամբ:
Հավասուն նվիրված իր մի քանի երգերում Ալիք-Ջավախքը նրան հերոս է կոչում, քանի որ կույր լինելով՝ ստեղծագործել է: Ախալքալաքի Ջիվանու անվան աշուղական դպրոցը միակն է, ուր այժմ սովորում են Հավասու երգերը:
Տոնական օրը համերգային ծրագրով շարունակվեց Ախալքալաքի մշակույթի պալատում: Տասնյակ կատարումներով հանդես եկան ՀՀ «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր, նորաստեղծ «Հավասու» անվան անսամբլները, աշուղները, Ախալքալաքի «Ջավախք» ազգագրական երգ ու պարի համույթի սաները: Համերգը մի քանի կատարումներով եզրափակեց ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: