Ասում է սոպրանո Սիրանույշ Գասպարյանը
Եթե Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մշակույթի նախարարության «հանճարեղ» մտահղացմամբ երկու տարուց ավելի հայտարարվել է «ազատ բեմ», ապա կարելի է ենթադրել, որ մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) դիրիժորական վահանակն էլ է հայտարարվել «ազատ»: Սակայն ամառային արձակուրդներից հետո ակտիվացել են ՀՊԿՆ-ի փորձերն ու դրանց հաջորդող համերգները: Նվագախումբը ղեկավարել են դիրիժորներ, ֆրանսաբնակ Վահան Մարտիրոսյանը եւ երեւանաբնակներ Զավեն Վարդանյանն ու Ռուբեն Ասատրյանը: Օրերս «Առավոտը» ներկա էր Ռ. Ասատրյանի ղեկավարած կամերայինի համերգին, որտեղ հնչեցին Մոցարտի, Վիվալդիի, Բարտոկի, Ա. Խաչատրյանի, Էդ. Հովհաննիսյանի եւ Ռ. Ալթունյանի ստեղծագործություններից: Արամ Սաթյանի «Լիլիթ» փոփ օպերայից «Ավե Մարիայի» հիանալի կատարումով էլ հանդես եկավ միջազգային մրցույթների (այդ թվում՝ Չայկովսկու, Կաբալիեի) դափնեկիր, սոպրանո Սիրանույշ Գասպարյանը: Վերջինս ավելի հաճախ հանդես է գալիս արտերկրում (Ռուսաստան, Իսպանիա, Գերմանիա եւ այլն), քան Հայաստանում, ինչի առիթով էլ երգչուհին ունի իր պատասխանը. «Նախընտրում եմ ավելի շատ մասնակցել փառա
տոների ու մրցույթների, որտեղ, ճանաչումից բացի, նաեւ սեփական աշխատանքիս գնահատականն եմ ստանում: 2002-ից հետո արտերկրյա մենահամերգներս, որտեղ հանդես եմ գալիս դաշնակահարուհի, Երեւանի կոնսերվատորիայի դոցենտ Սյուզաննա Համբարձումյանի ընկերակցությամբ, իրականացվել են դրսի պրոդյուսերական կենտրոնների միջոցով: Օրինակ, 2009թ. Մյունխենում կայացած վոկալիստների միջազգային մրցույթից հետո բախտ վիճակվեց արժանանալ աշխարհահռչակ սոպրանո Գրեյզ Բամբրիի ուշադրությանը. նախ մասնակցեցի նրա վարպետության դասերին, առաջիկայում էլ մեծանուն արվեստագետի հրավերով պատրաստվում եմ մեկնել Գերմանիա, հավանաբար կունենամ մենահամերգ… Ի դեպ, տիկին Բամբրին ինձ կներկայացնի իմպրեսարիոներին: Հավելեմ, որ տարված եմ գերմանական երաժշտությամբ: Ասածիս վկայությունն այն է, որ ձայնագրել եմ 20-րդ դարի անվանի կոմպոզիտոր Հյուգո Վոլֆի երգերը, որը առաջիկայում կամփոփվի CD-ում»: