Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-բրիտանական հարաբերություններում չհասկացվածությունը մնաց

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգը նախօրեին ժամանել է Մոսկվա, որտեղ մտադիր էր իր գործընկերոջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ռուս-բրիտանական երկկողմ հարաբերությունները: Մոսկվա կատարած իր այցի ընթացքում, որը, ի դեպ, ընդամենը մի քանի ժամ է տեւելու, Հեյգը Ռուսաստանին համարել է Մեծ Բրիտանիայի առանցքային գործընկերը, բայցեւ խոստովանել է, որ երկու երկրների միջեւ տարաձայնություններ կան՝ հիշեցնելով, մասնավորապես, Վրաստանի շուրջ ստեղծված վիճակը:
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է զարգացնել Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ բազմակողմանի հարաբերությունները: Իր հերթին Հեյգը հույս է հայտնել, թե երկու երկրները կհամագործակցեն նաեւ այնպիսի վիճահարույց հարցերի շուրջ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն եւ Մերձդնեստրի ձգձգվող հակամարտությունը: Բրիտանացի նախարարը շեշտել է Ռուսաստանի կողմից Եվրոպայի անվտանգության հարցերում կառուցողական ակտիվ դեր կատարելու կարեւորությունը:
Հեյգն ասել է, թե Լոնդոնում մտահոգություն առաջացնող հարցեր կան եւ այդ համատեքստում ՌԴ-ին կոչ է արել կատարել Վրաստանի վերաբերյալ Մոսկվայի ստանձնած՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Հիշեցնենք, որ 2008թ. աշնանը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, մինչեւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, համաձայնության էին եկել ռուսական զորքերը Վրաստանի տարածքից դուրս բերելու մասին: Արեւմուտքը համարում է, որ ՌԴ-ն իր պարտավորությունը չի կատարել, քանի որ ռուսական ռազմական հենակետեր եւ զինվորականներ են տեղակայված Վրաստանից անջատված այդ տարածքներում, իսկ Ռուսաստանը պնդում է, որ իր ստանձնած պարտավորությունը կատարել է ամբողջությամբ:
Երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններից մեկն էլ վերաբերում է Լոնդոնում սպանված Ալեքսանդր Լիտվինենկոյին: Մեծ Բրիտանիան Ռուսաստանից պահանջում է հանձնել նրա սպանության մեջ կասկածվող անձին՝ ՌԴ հատուկ ծառայությունների նախկին ներկայացուցչին, մինչդեռ Ռուսաստանը համաձայն է միայն համագործակցել այդ սպանությունը բացահայտելու համատեքստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել