Չորեքշաբթի առավոտյան մեկնարկել է Չիլիի հանքերից մեկում տեղի ունեցած փլուզման արդյունքում մոտ 700 մետր խորությամբ արդեն 69 օր արգելափակված 33 հանքափորների դուրսբերման գործողությունը:
Երեկ, օրվա առաջին կեսին հանքից դուրս էին բերվել առաջին հինգ հանքափորները: Հանքի մոտ արդեն երկու ամիս վրանային ավան ստեղծած չիլիացիները ծուղակից դուրս բերված հանքափորներին հիացական ծափողջույններով են դիմավորել: Առաջին հանքափորի դուրսբերումը տեւել է ընդամենը 16 րոպե: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հանքափորները «լույս աշխարհ» են բարձրացվում հատուկ ստեղծված կապսուլայով: Այդ ընթացքում փրկարարական աշխատանքներին հետեւում եւ հանքափորների հետ կապ են պահում մասնագետները: Առաջինը հանքից դուրս են բերվում առողջական եւ հոգեբանական խնդիրներ ունեցող հանքափորները: Դրանից հետո միայն հերթը կհասնի կայուն հոգեբանական վիճակում գտնվողներին: Ծրագրվում է, որ վերջինը հանքից դուրս կբերվի հանքափորների հերթափոխի պետը, որը, Չիլիի նախագահի ձեւակերպմամբ, խորտակվող նավի հրամանատարն էր:
Իրենց հարազատների հետ կարճատեւ հանդիպումից հետո փրկված առաջին հանքափորներին ուղեկցել են դաշտային հոսպիտալ, որտեղ բժիշկները նրանց առաջին օգնություն են ցուցաբերել: Նախատեսվում է, որ հանքից դուրս բերված մարդիկ ուղղաթիռով տեղափոխվելու են հանքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կոպյապո քաղաքի հիվանդանոց, որտեղ կմնան երկու օր: Միայն դրանից հետո փրկված հանքափորները կկարողանան կամաց-կամաց նորմալ կյանք վերադառնալ:
Կապսուլայով առաջինը հանքից դուրս է բերվել 31-ամյա Ֆլորենսիո Ավալոսան: Երկու երեխաների հոր առողջական վիճակը, մյուս հանքափորների համեմատությամբ, ամենաբարվոքն է: Հանքից դուրս բերվածների թվում է նաեւ 19-ամյա Ջիմի Սանչեսը, որը գետնի տակ արգելափակված լինելու ընթացքում հասցրել էր հայր դառնալ: Հենց նրա հոգեբանական վիճակն է, որ բժիշկների մոտ ամենաշատ հարցերն է առաջացրել: Երիտասարդն ասել է, թե իր նորածին աղջկա մասին մտքերն են, որ օգնել են իրեն 69 օր կենդանի մնալ:
Բացի հանքափորներից, 700 մետր խորության մեջ են գտնվում նաեւ երկու փրկարարներ եւ մեկ բժիշկ, որոնք խորհուրդներով օգնում են հանքափորներին վերեւ բարձրացնելու հարցում: Մասնագետների ասելով, փրկարարական աշխատանքները կարող են տեւել մեկուկես օր, քանի որ յուրաքանչյուրին բարձրացնելը մոտ մեկ ժամ է տեւում:
Փրկված առաջին հանքափորներին դիմավորել ու ամուր գրկել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան: Նա ասել է, թե շնորհակալ է Աստծուն, փրկարարներին, նախարարներին եւ միլիոնավոր իր համերկրացիներին՝ հանքափորների փրկության, նրանց աջակցելու համար, հավելելով, թե չիլիացիների միասնությունն ունակ է մեծագույն սխրանքների: Նախագահը նաեւ հայտարարել է, թե Սան-Խոսե հանքում տեղի ունեցած վթարն առաջին դեպքը չէր, ուստի՝ այն ընդմիշտ կփակվի: Նախագահը հայտարարել է, որ հանքափորների փրկության ջանքերը սերունդների հիշողության մեջ ընդմիշտ պահելու նպատակով Չիլիում հատուկ հուշահամալիր կտեղադրվի: