Կառավարության ղեկավարը երեկ Լոռու մարզում էր
Լոռու մարզում «Մաքուր հայրենիք» նախաձեռնությունը սկսվեց Սպիտակի նորակառույց Վարպետաց թաղամասի բարեկարգմամբ: Թաղամասի հարակից տարածքում եւ տնամերձերում 220 եղեւնու ու յասամանի ծառ տնկվեց: Ըստ նախաձեռնող խմբի՝ կարեւոր է ոչ միայն նոր ու հարմարավետ բնակարաններ, այլեւ բարեկարգ ու մաքուր բակ ունենալը, որ շրջակա միջավայրը հաճելի լինի: «Կարեւորը, որ պահպանեն եւ մեր բարի օրինակով միշտ կազմակերպեն աղբահանությունն ու հետագա բարեկարգումը, որ աչք շոյող թաղամաս ունենան»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Սակայն 2 օր առաջ վիճակահանությամբ բնակարանամուտ տոնած 137 ընտանիքներն եկել էին մասնակցելու ծառատունկին, բայց նոր թաղամասում չէին կարողանում գտնել իրենց բնակարանները: Ծառատունկին մասնակցելու, ինչպես նաեւ իր բողոքը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացնելու էր եկել Սպիտակ քաղաքի 72-ամյա բնակիչ Ռոբերտ Սահակյանը: 22 տարի ինքնաշեն տնակում բնակվող ամուսինները զրկվել են բնակարանից, քանի որ տղաներից մեկը արտագնա աշխատանքից վերադառնալով՝ հարազատ քաղաքում կիսակառույց է գնել: Ամուսինները վստահեցնում են, որ ձմռանն արդեն այնտեղ ապրել հնարավոր չէ. «Ամռանն էլ շատ վատ է, ճիճուներն ու մրջյունները մեզ ուտում են, բայց աշնանն ու ձմռանը՝ գիշերներն արթուն ենք անցկացնում, որովհետեւ կաթում է»: Նրանք խնդրում էին ՀՀ վարչապետին՝ ընդառաջել եւ իրենց էլ ընդգրկել 2 սենյականոց բնակարանների ցուցակում, պարտավորվելով տղայի հետ միասին ապրել: ՀՀ քաղաքաշինության նախարարը պարզաբանեց, որ դա օրենքի խախտում է, 2 հոգուն 1 սենյականոց բնակարան է հասնում. «Այս տարի մենք 2 սենյականոց բնակարաններ ենք կառուցել, հաջորդ տարի կսկսվի 1 սենյականոցների կառուցումը, պետք է մի քիչ էլ համբերեք»: Հաջորդ տարի Վարպետաց թաղամասում 1 սենյականոց 110 բնակարան կկառուցվի:
Սպիտակի շրջանի Սարահարթ համայնքում ՀՀ վարչապետը 2009 թ.-ին 6՝ Ջրաշեն, Լեռնավան, Լեռնանցք, Ծաղկաբեր, Սարամեջ, Կաթնաջուր համայնքներում ավարտին հասցված 156 բնակարանների հավաստագրերը հանձնեց սեփականատերերին: Այս տարի էլ բնակարանաշինությունը նույն սկզբունքով՝ զրոյական կառույց ունեցողների համար է: Մարզի 8 համայնքների 146 կիսակառույցներից 116-ը հրամանագրված է կառուցման համար, սակայն «Աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանների գնման, ապահովման եւ հատկացման» հանձնաժողովի անդամ Լեւոն Ասլանյանի հավաստմամբ, դա բարդ եւ երկարատեւ գործընթաց է, յուրաքանչյուր կիսակառույցին անհատական մոտեցում է հարկավոր: Նշված համայնքներում մերժված դիմումներ չկան: Իսկ Սպիտակում 77 ընտանիքի մերժել են փաստաթղթային անճշտությունների պատճառով, սակայն Լ. Ասլանյանը վստահ է, որ հետեւողական աշխատանքի միջոցով մարդիկ կարող են իրենց իրավունքները վերականգնել:
ՀՀ-ում դեռեւս 7000 անօթեւան կա: ՀՀ վարչապետը պարտավորվեց բնակարանաշինությունը շարունակել նաեւ հաջորդ տարիներին: Այս տարի 280 մլն դրամ է հատկացվել: Ընդհանուր առմամբ Լոռու մարզի 23 համայնքներում բնակարանաշինություն կիրականացվի: Հաջորդ տարի կընդգրկվեն Գուգարքի եւ Ստեփանավանի շրջանները: Եթե բնակարանաշինության հարցում ծրագրերն ու անելիքները պարզ են, ապա «Մաքուր հայրենիք» նախաձեռնող խմբի անդամները դեռ չգիտեն, թե հաջորդ ծրագիրը որն է լինելու: ՀՀ բնապահպանության նախարարը դա բացատրում է երկարատեւ աշխատանքով եւ մարզային առանձնահատկությամբ: Իսկ «Միասին» երիտասարդական շարժումը տեղեկացնում է, որ յուրաքանչյուր մարզում մեկնարկային 1 ծրագիր կազմակերպելուց հետո միայն կորոշեն հետագա անելիքները, դա նաեւ ծանոթություն կլինի մարզերի բնապահպանական խնդիրներին: Դրանից հետո միայն մարզպետարաններին շրջաբերականներ կիջեցնեն: