Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպայի վկայականը Beeline-ում ուժ չունի՞

Հոկտեմբեր 14,2010 00:00

Վանաձորի Տիգրան մեծի 59 հասցեում տեղակայված բջջային կապի օպերատոր Beeline ընկերության գրասենյակում արդեն քանի օր է՝ ասեղ գցելու տեղ չկա: Հարկավոր է ամենաքիչը 2 ժամ զինվել համբերությամբ, որպեսզի ստանաս քեզ հետաքրքրող հարցի պատասխանը: Դա լավագույն դեպքում: Չի բացառվում, որ ծախսած ժամանակից հետո անգամ պարզվի, որ «բախտդ չի բերել»՝ կամ ցանցի հետ կապված խնդիր կա, կամ բաժանորդի մոտ այն փաստաթուղթը չէ, որը պահանջվում է Beeline գրասենյակներում:
Սեպտեմբերի 1-ին Վանաձորի բնակիչ, Հայոց բանակի սպա Կ. Ա.-ն Beeline ապրանքանիշի հեռախոս էր գնել, սակայն պարզվել է, որ կոճակներն ու մարտկոցը ասես հին հեռախոսի լինեն՝ լավ չեն աշխատում: Բնակչին վեց ամիս ժամկետով երաշխիքային կտրոն են տրամադրել, սակայն նա երկու շաբաթ շարունակ այցելելով ընկերության գրասենյակ՝ չի կարողացել փոխել անորակ հեռախոսն ու ձեռնունայն է վերադարձել: Միակ «մխիթարանքը» այն է, որ պարզվել է՝ անորակ հեռախոսի ձեռքը կրակն ընկած միակը չէ, շատերն են իր ճատակագիրը կիսում: Վերջապես, երբ հերթը հասել է նրան, եւ հեռախոսը նորով փոխելու համար փաստաթուղթ են պահանջել, Կ. Ա.-ի մոտ միայն սպայի վկայականն է եղել: Նրան չեն սպասարկել, իսկ գրասենյակի մենեջերը շատ գռեհիկ տոնով երեսին շպրտել է. «քո սպայի վկայականը մեր ընկերությունում ոչ մի բան է»: Սպան փորձել է բացատրել, որ իր աշխատանքը շատ պատասխանատու է, եւ սուղ ժամանակի պատճառով չի կարող հաջորդ օրերին էլ այցելել: Դա էլ չի օգնել: Մինչդեռ, ՀՀ օրենսդրության համաձայն, սպայի վկայականը անձը հաստատող փաստաթուղթ է:
Գրասենյակի մենեջերը, որ, իր պնդմամբ, նույնպես սպա է եւ լավ գիտի այդ փաստաթղթի հարգը, հերքում է, որ նման արտահայտություն է իրեն թույլ տվել: Ասում է, թե բացատրել է, որ անձնագրի տվյալներով կնքված պայմանագիրը պետք է շարունակվեր նույն տվյալներով: «Մենք սպային չենք վիրավորել, պարզապես ասել ենք, որ ներկայանա անձնագրով, ինդեֆիկացիայի՝ լրիվ պարզաբանման համար անհրաժեշտ է եղել անձնագիրը»: Կառավարիչը վերջում ավելացրեց, որ ընկերությունում բաժանորդը միշտ ճիշտ է:
Իսկ սպան պնդում է, թե իրեն արհամարհական տոնով պատասխանել են. «Մենք մեր գործն ենք անում, մեր պահանջն էդ է, գործարքը կշարունակենք միայն անձնագրի առկայության դեպքում»: Սպան վիրավորված է սպասարկման մակարդակից: Կ.Ա.-ն չի զլանում կրկին գնալ գրասենյակ, բայց վիրավորվել է, երբ լրատվամիջոցի հարցադրումներից հետո Beeline-ի Վանաձորի սպասարկման բաժնի տարածքային ուղղության ղեկավար Արթուր Ասլանյանը փորձել է հեռախոսը ներքին կարգով փոխել, միայն խնդրի մասին չբարձրաձայնվի. «շատ վատ զգացի, մարդ 13 տարի ծառայի Հայաստանին……Ես եմ ընտրել էս ճանապարհը, իմ ազգի համար եմ ծառայում, բայց սպային այդպիսի վիրավորանք են հասցնում, քեզ ասում են՝ թքած ունենք քո կոչման վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել