Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"Ավագ դպրոցների կայանալուն խանգարում են վարժարաններն ու միջին մասնագիտական հաստատությունները, սոցիալական ծանր վիճակը:

2010-11 ուսումնական տարում Lոռու մարզում գործում է 5 ավագ դպրոց՝ Վանաձորի թիվ 5, 10, 11, 17 եւ Գուգարքի թիվ 1 դպրոցները, ընդամենը 2659 աշակերտով՝ մարզկենտրոնի անցած տարվա 28 միջնակարգ դպրոցների 3350 շրջանավարտի փոխարեն: Ավագ դպրոցները գտնվում են քաղաքի կենտրոնում, միայն թիվ 17-ն է, որ ծայրամասային Տավրոս թաղամասում է եւ կարող է սպասարկել նաեւ նորակառույց Տարոն թաղամասը, քաղաքի թիվ 10 բարձրադիր թաղամասերը, իսկ Վանաձորին կպած Գուգարք գյուղի դպրոցում առայժմ համայնքի ավագ դասարանի աշակերտներն են սովորում, տարածաշրջանից դպրոցականներ չեն տեղափոխվել: Վանաձորի ավագ դպրոցներ ավելի շատ տեղափոխվել են մարզի հեռավոր համայնքներից, քանի որ մյուս տարածաշրջաններում՝ Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, ավագ դպրոցներ չեն բացվել:
Վանաձորում գործող ավագ դպրոցները դեռեւս թերկոմպլեկտավորված տասներորդ դասարաններով են, որոնք դեռ դիմանում են իրենց իսկ դասարանների հաշվին: Ի՞նչ կլինի հաջորդ տարիներին: «Դժվարանում եմ ասել, սակայն լավատեսության համար կարծես թե նախադրյալները քիչ են: Աշակերտների ընդհանուր թվի նվազման ֆոնի վրա ավագ դպրոցների կայացման գործընթացը լուրջ դժվարություններ է ունենալու նաեւ ֆինանսական տեսանկյունից, ինչը կարող է, մեղմ ասած, դժվար հաղթահարելի խնդիրներ առաջացնել»,- ասում է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
Ավագ դպրոցների կայացմանը խոչընդոտում են դրանց կողքին պահպանվող վարժարաններն ու բազմաթիվ միջին մասնագիտական հաստատությունները՝ խայտաբղետ մասնագիտություններով, որոնք ընդունելություն են կ
ազմակերպում հիմնական կրթու
թյան հենքի վրա: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը նշում է, որ 5 վարժարանների եւ 4 միջին մասնագիտական հաստատությունների հիմնական գործը աշակերտ, դիմորդ հրապուրելն է, կարեւոր չէ՝ ինչ գիտելիքներով: Նման քաղաքականության շարունակման պարագայում ավագ դպրոցների կայացման գործը առավել քան բարդանում է: «Հենակետային վարժարանները դիմորդներին հրապուրում են բուհ ընդունվելու հեշտ տարբերակի՝ հարցազրույցի պատճառով, բայց պետք է գիտակցել, որ միայն միասնական քննության համակարգով կարելի է բուհ ընդունվել»,- ասում է Մինաս Սայադյանը:
Միջնակարգ մասնագիտական հաստատությունն ընդունվելը նույնիսկ ձեռնտու է, քանի որ դիմորդը կրթության հետ համատեղ 3 տարվա ընթացքում մասնագիտանում է որոշակի ուղղությամբ, իսկ շատ քոլեջներ պայմանագիր ունեն բուհերի հետ` գերազանց ավարտածները հարցազրույցով հնարավորություն ունեն երկրորդ կուրսից ուսումը շարունակել: Ու ստացվում է, որ ավագ դպրոցի 3 տարին ավելորդ ժամանակի կորուստ է դառնում։ Գյուղատնտեսական քոլեջի ուսանող Ն. Մեհրաբյանը հենց այդ նպատակով էլ քոլեջ է ընդունվել, հետագայում ՀՀ Գյուղակադեմիայի մարքեթինգի բաժնի ուսանող է ցանկանում դառնալ. «Գերազանց կսովորեմ, կփոխադրվեմ բուհ, իսկ ավարտելուց հետո բանկում կաշխատեմ, շատ եմ սիրում բանկիրի գործը, բայց Երեւանի տնտեսագիտական համալսարան ընդունվել չէի կարող»: Իսկ Քարինջ գյուղի 10-րդ դասարանցի Էլյան գյուղից հատուկ մարզկենտրոն է եկել ավագ դպրոցում սովորելու համար. «Շատ եմ ցանկանում իրավաբան դառնալ, լավ մասնագետ դառնալու միակ հնարավորությունը ավագ դպրոցում սովորելն է, թեկուզեւ ծախսատար է»:
Ավագ դպրոցներում աշակերտների թվի կրճատումը սերտ կապ ունի բնակչության սոցիալական վիճակի հետ: Վանաձորի ծայրամասային՝ Տարոն, Բազում, Խնձորուտ թաղամասերի երեխաների մի մասը չի տեղափոխվել ավագ դպրոցներ ֆինանսների սղության պատճառով՝ ընտանիքների համար դժվար է օրական 200 դրամ առանձնացնել երեխայի կենտրոն հասնելու համար: Երեխաներն էլ բողոքում են դասարանից դասարան տեղափոխվելու համար, դժվար են հարմարվում նոր դպրոցին ու դասընկերներին: Տեղեկություն ենք ստացել, որ Վանաձորին հարակից գյուղերից քաղաքի ավագ դպրոցներ հաճախող առնվազն յոթ երեխա էլ, որ եկել էր ութամյա ուսումը շարունակելու, դուրս է եկել դպրոցից, ուսումը չի շարունակում, քանզի ընտանիքը միջոցներ չունի:
Մինաս Սայադյանի կարծիքով, այս ժամանակահատվածում ավագ դպրոցների ներդրմամբ հերթական անգամ ստեղծում ենք խնդիրներ՝ հետագայում հերոսաբար հաղթահարելու համար, քանի որ կրթական համակարգում հեշտ լուծումներ չեն լինում. համակարգը, լինելով պահպանողական, շուտափույթ լուծումներ չի սիրում, ինչին, ցավոք, հաճախ գնում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել