«Գնալով ուժեղանում է Վրաստանի ուժային կառույցների կողմից ջավախահայության հասարակական-քաղաքական կյանքի նկատմամբ վերահսկողությունը, քայլեր են ձեռնարկվում ջավախահայության պահանջատիրության բոլոր դրսեւորումներն արմատախիլ անելու ուղղությամբ:
Շարունակվում է անազատության մեջ պահվել շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Փակվում են հայկական դպրոցները. Ջավախքում դեռեւս գործող հայկական դպրոցներում կրճատվում են հայերեն դասավանդվող առարկաները, հայոց լեզվի դասաժամերը: Հետզհետե խստացվում է Ջավախքի հանրային կյանքի բոլոր ոլորտներում բացառապես վրացերենի օգտագործումը պարտադրող օրենքների կիրառումը: Մերժվում է Հայ առաքելական եկեղեցու՝ որպես կրոնական կազմակերպություն, պետական գրանցումը, չեն վերադարձվում խորհրդային իշխանության տարիներին նրանից բռնագրավված հայկական տաճարները»: Արձանագրելով վերոհիշյալ իրավիճակը, ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը մտադիր է հրավիրել ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի եւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ուշադրությունը:
Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին եւ Ամերիկայի հայկական համագումարին՝ ներառել ջավախահայության իրավունքների պաշտպանության խնդիրը իրենց օրակարգում՝ քաջալերելով Վրաստանում ժողովրդավարական արժեքների արմատավորմանն ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված ԱՄՆ իշխանությունների ջանքերը: