Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ ԿԱՄ ԳՈՐԲԱՉՈՎՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"Նուբարաշենի գերեզմանատնից հորս՝ Հովհաննես Սուրենի Չիթիրյանի գերեզմանատեղիի յուրացման եւ վերավաճառման մասին արդեն գրվել է «Առավոտի»  օգոստոսի 3-ի եւ օգոստոսի 17-ի համարներում:

Ուստի ես բաց կթողնեմ որոշ մանրամասներ, որոնք կապված են իմ եւ քրոջս՝ Անահիտ Չիթիրյանի կողմից այդ անմարդկային արարքի հայտնաբերման հետ:
Ինձ վրդովեցնում եւ զարմացնում է Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ից 14.07.2010թ.-ին իմ դիմում-բողոքի պատասխանը: Ես սեւով սպիտակի վրա գրել էի, որ ոչ թե ադրբեջանցի, այլ «վայ-հայ» սրբապիղծները գողացել են սովետական զինված ուժերում 7 տարի ծառայած, որից 5-ը՝ ֆաշիզմի դեմ մարտնչած, երկրորդ կարգի հաշմանդամ Հովհաննես Սուրենի Չիթիրյանի գերեզմանը (վկայական N24473) եւ վերավաճառել: Խնդրել էի սրբապիղծներին պատժել եւ վերադարձնել ինձ հորս գերեզմանը իր նախնական տեսքով: Սակայն թաղման բյուրոն (ինքն իրեն հո չի՞ պատժի) ինձ գերեզման վերադարձնելու  փոխարեն տալիս է մի թղթի կտոր, որի վրա հորջորջվածը հեռու է իմ նամակի պատասխանը լինելուց: Նրանք ուղղակի ինձ հայտնում են, որ իմ նշած տարածքում (որը փաստաթղթով հենց իրենք էլ տվել էին մեզ հորս հուղարկավորության համար) հիմա թաղված է այսինչ-այսինչ    մարդը եւ գեղեցիկ նկարագրված են նոր հուղարկավորվածի  գերեզմանի «ճարտարապետական արժանիքները»: Նաեւ նշում են, որ իրենց ֆենոմենալ հատկություններ ունեցող «մասնագետները» ինչ-որ երկաթե ձողերով (որոնք երեւի օժտված են ռենտգենյան տեսողությամբ) զննել են գերեզմանատեղը եւ պարզել, որ այնտեղ այլ դիակ չի հայտնաբերվել, այսինքն՝ կարելի է եզրակացնել, թե ուզում են ասել, որ հայրս այնտեղ թաղված չէ (կամ այլեւս այնտեղ չէ): Իսկը գորբաչովյան «վոկրուգ դա օկոլո» պատասխան:  Իմ հոր գերեզմանի եւ այն ինձ վերադարձնելու մասին՝ ոչ մի խոսք:
Մնում է կարծել, որ Երեւանի թաղման բյուրոյում  հայերենը երկրորդ լեզու է եւ նրանք չեն հասկանում իրենց կարդացածը եւ իրենց գրածը… Եվ նրանք գիտակցաբար գերեզմանատեղերը տալիս են այնտեղ, ուր իր ազդեցության ոլորտը տարածում է հանրահայտ «Բերմուդյան եռանկյունին»: Այստեղ ինչպե՞ս զուգահեռ չանցկացնես ազերիների կողմից Նախիջեւանի հայկական գերեզմանների պղծման եւ ոչնչացման հետ: Բայց եթե նրանք անթաքույց են դա անում, որպես թշնամի, ապա մեր վայ-հայերը դա գաղտնի են անում, թաքնված թշնամու նման: Պատերազմի եւ, ինչու չէ, նաեւ խաղաղ պայմաններում թաքնված թշնամին ավելի վտանգավոր է, քան չթաքնվածը: Ծպտյալ թշնամին փողով ինչ ասես կծախի՝ գերեզմանատեղ, հող, հարազատ, ընկեր, հայրենիք: Այս  հասկացությունները նրանց համար ապրանք են միայն: Դե, իսկ գնորդ միշտ էլ կճարվի, չէ՞ որ երկու իրար մոտ գտնվող, համարյա կպած գերեզմանատեղեր ունենալը թանկ հաճույք է, բայց եւ շատ հոգսերից է ազատում:
Երբ հասկացա, որ թաղման բյուրոն չգնահատեց իմ բարի կամքը եւ գլուխը մտցրեց ավազի մեջ, ես դիմեցի Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն: Եվ այդ փաստի պարզաբանումով ու հետաքննությամբ հիմա զբաղվում է ոստիկանության Էրեբունու հետաքննության բաժինը, որի աշխատակիցների, թաղման բյուրոյի մի շարք աշխատակիցների եւ նոր հուղարկավորված հանգուցյալի հարազատների հետ մեկտեղ օգոստոսի 14-ին նորից  եղել ենք գերեզմանատեղում, որտեղ հետաքննության բաժնի  կապիտան Ա. Ղազարյանը  շատ բնական հարց տվեց 2009թ.-ին հորս գերեզմանատեղում հուղարկավորված Գրիգոր Խաչատրյանի քրոջը՝ ահա, տեսնում եք, իմ ձեռքին է հանգուցյալ Հովհաննես  Չիթիրյանի թաղման թիվ 24473 վկայականը՝ տրված 08.08.1991թ., որտեղ նշված է գերեզմանատեղի հասցեն, ծառուղի, հատված, շարք եւ այլն, խնդրում եմ, ցույց տվեք ձեր եղբոր թաղման վկայականը: Երբ Ա. Ղազարյանին ներկայացվեց վկայականը, պազվեց, որ այդ թղթի  վրա հուղարկավորման ոչ մի հասցե  նշված չէ, ինչի պատճառով  Ա. Ղազարյանը տվեց երկրորդ հարցը՝ տիկին,  բայց այստեղ նշված չէ ոչ մի հասցե, դուք ինչպե՞ս եք որոշել, որ հենց այստեղ պիտի թաղվի ձեր եղբայրը: Այստեղ տիկինը շփոթվեց եւ պատասխան չունենալու պատճառով հանպատրաստից ասաց, որ իրենք եւս ունեցել են հասցեով թուղթ, որը ներկայացրել են թաղման բյուրո եւ այնտեղ իրենց տվել են այս թուղթը: Ակնհայտ սխալը ուղղելու համար միջամտեց այդ խոսակցությանը ունկնդրող թաղման բյուրոյի պետի տեղակալ Գաբրիելը, որը ասաց՝ դա ճիշտ չէ, նրանք հասցեով թուղթ չեն ունեցել:
Թաղման բյուրոյի մեկ այլ աշխատակից՝ ինժեներ Ռազմիկ Հարությունյանը օրեր անց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հարցին, թե ո՞ւր է անհետացել Հովհաննես Չիթիրյանի գերեզմանը, պատասխանել է, որ այդ գերեզմանի բետոնե եզրաքարերը քայքայված էին եւ գերեզմանին խոտ էր աճել… Եվ նորից ոչ մի խոսք այն վերադարձնելու մասին: «Երկիր մեդիայի» «Մեծ ռեպորտաժ» հաղորդումը մեկ անգամ եւս փաստեց, որ «որկրամոլ բյուրոյի» համար գերեզմանագողությունը նախապես մշակված, քողարկված իրողություն է: Եվ քանի որ նրանք մինչ այսօր ազատ ֆռֆռում են եւ մարսում իրենց անմարդկային արարքներից ստացած դիվիդենդները, կարելի է ենթադրել, որ հզոր  հովանավորներ ունեն: Եվ եթե մենք իրոք պետություն ենք եւ մեզ մոտ իրոք օրենքի առաջ բոլորը հավասար են, ապա բոլորն էլ պիտի պատասխան տան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել