Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԲԺԻՇԿԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑ

Հոկտեմբեր 14,2010 00:00

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդան քաղաքի նստավայրում շարունակվեց ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը:
Նախորդ դատական նիստում գլխավոր ամբաստանյալ, ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի փաստաբանն ու տուժողի իրավահաջորդները դատարանին միջնորդել էին, որպեսզի դատարան հրավիրվի եւ դատարանում ցուցմունք տա ու իրենց հարցերին պատասխանի դատաբժիշկ Գագիկ Հարությունյանը: Հենց նա էր հետազոտել եւ դիահերձում կատարել Վ. Խալաֆյանին: Երեկ դատական նիստում դատաբժիշկ Գ. Հարությունյանը ցուցմունք տվեց եւ պնդեց իր տված բժշկական եզրակացությունը, որով, ըստ նրա, Խալաֆյանը ինքնավնասվել է: Դատաբժիշկը խուսափեց հստակեցնել, թե որ հարվածը որին է հաջորդել, պատճառաբանելով, որ դա իրենից առանձնակի դժվարություն է ներկայացնում եւ որպես դատաբժիշկ ինքը չի կարող ասել, քանի որ նման գիտական մեթոդ չկա. «Բայց իմ համոզմունքն է, որ առաջինը ոչ խորը վնասվածքն է, այսինքն՝ 3 սմ խորությամբ հարվածը, իսկ դրան հաջորդել է 12 սմ ստացած հարվածը»: Հայտարարված ընդմիջումից հետո հրապարակվեց Վ. Խալաֆյանի հետ ոստիկանություն տարված մյուս ամբաստանյալ Շիրազ Մարկոսյանի նախաքննական ցուցմունքը, որով նա հայտնել էր, որ գողությունը կատարել են 4 հոգով: Ըստ նրա, Խալաֆյանն իրեն ասել է, որ ինքը բանակից ազատվել է «գժականով»: Իսկ Խալաֆյանի հետ պատահածի մասին ինքն իմացել է ոստիկանությունում՝ օպերլիազորներից մեկի սենյակում գտնվելու ժամանակ: Նա աղմուկ է լսել միջանցքից. ինչ-որ մեկն ասել է՝ իրան խփեց, քիչ հետո իմացել է, որ շտապօգնության մեքենա է եկել եւ ինչ-որ մեկին տեղափոխել են հիվանդանոց: Ինքը հետո իմացել է, որ իրեն խփողը Վ. Խալաֆյանն է եղել: Դատական նիստի ժամանակ հետազոտվեց Չարենցավանի ժամանակավոր պահման մեկուսարանի գրանցամատյանը, համաձայն որի՝ դեպքի օրը, ժամը 16-ն անց 40 րոպեին մյուս կասկածյալ Արթուր Իսպիրյանին, քննչական գործողություններ կատարելու նպատակով, ժամանակավոր պահման մեկուսարանից հանել եւ տարել են Էջմիածին: Դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 25-ին. այդ օրը իրենց ճառերով հանդես են գալու մեղադրողները եւ տուժող կողմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել