89-ամյա միայնակ կինը իր կենսաթոշակով մի կերպ է ծայրը ծայրին հասցնում
«2006 թվականի ապրիլի 1-ին թոշակս բարձրացավ 1000 դրամով՝ դառնալով 14 000: Համարեցին, որ վիճակս բարելավվել է, զրկվեցի 7000 դրամ նպաստիցս: Այդ պատճառով զրկվեցի նաեւ «Հայխնայբանկում» դեռեւս 1975 թվականից ունեցած խնայողություններիցս, որոնք որպես նպաստառու պետք է առաջնահերթության կարգով ստանայի: Արդեն 89 տարեկան եմ, էլ ե՞րբ եմ այդ գումարը ստանալու: Ոչ ժառանգ ունեմ, ոչ էլ հարազատ, բոլորովին միայնակ եմ»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էր դիմել Շուշանիկ Մարտիրոսյանը: Նա իր նպաստը վերականգնելու համար պարբերաբար դիմում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ վարչապետին, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը նրա հարցին լուծում չեն տալիս. պատասխանում են, որ օրենքը թույլ չի տալիս. «Բոլորն էլ ասում են, որ պետության օրենքներն ու որոշումներն են այդպես պահանջում, իրենք չեն կարող ոչինչ անել, ես որպես բարձր թոշակ ստացող մարդ, արդեն չեմ կարող ընդգրկվել նպաստառուների ցուցակում: Բայց ինչպե՞ս եղավ, որ մեր պետությունը որոշեց ինձ 1000 դրամ տալ, փոխարենը 7 հազարը վերցնել: Իմ վիճակը դրանից ավելի ծանրացավ, ոչ թե բարելավվեց, ինչպես ամեն անգամ խոստանում են պաշտոնյաները, երբ հայտարարում են, թե կենսաթոշակներն ավելացնում են: Նրանց բոլորովին էլ չի հետաքրքրում իմ վիճակը, պետության խնդիրը չէ, թե ես ոնց կապրեմ, այս 4 տարին ինչպես այդքան քիչ թոշակով կսնվեմ ու վարձերս կվճարեմ: Այդ նպաստով ես վարձերս կմուծեի: Ոսկեղեն ունեի պահած, վաճառեցի: Կարողացա գազ անցկացնել, ջեռուցման հարցը լուծել: Անցյալ տարի ժամով էի միացնում, որ հանկարծ այնքան գազի վարձ չգա, որ թոշակս գերազանցի ու չկարողանամ մուծել: Այս տարի չգիտեմ՝ ի՞նչ եմ անելու, գազն էլ թանկացել է»: Տիկի Շուշանիկի խոսքերով, ճիշտ է «Հայխնայբանկում» ներդրած գումարն այնքան էլ մեծ չէր՝ ընդամենը 14 հազար ռուբլի, սակայն նա համոզված է, որ դա իրեն կբավականացներ գոնե մի քանի սոցիալական խնդիրներ լուծելու. «Ես հիմա մեծ դժվարությամբ եմ շարժվում, տանս մեջ պատերից բռնելով եմ քայլում, չեմ կարող անգամ իջնել եւ ինձ համար ուտելու բան գնել, հարեւաններս են օգնում: Մեկ-մեկ էլ ծանոթներս ու ընկերուհիներիս երեխաներն են գալիս ինձ տեսության, դռնից ներս չմտած՝ գումար եմ տալիս եւ խնդրում ինձ համար մի քանի բան գնեն»:
Այս տարիների ընթացքում նրա կենսաթոշակը դարձել է 37 հազար դրամ, սակայն տարեցտարի արձանագրվող գնաճի պայմաններում այդ գումարն էլ բավարար չէ տիկնոջ նվազագույն կարիքները հոգալու համար. «Մի կերպ եմ կարողանում ծայրը ծայրին հասցնել, ամեն ինչը հաշվարկով եմ անում: Գումարս բավականացնում է միայն փոքր-ինչ էժան բանջարեղեն գնելու համար՝ կարտոֆիլ, կաղամբ, բայց դրանք այս տարի թանկացել են, ես էլ սկսել եմ ավելի քիչ գնել: Ավելի շատ նպարեղեն եմ գնում»:
Տիկին Շուշանիկին օգնում են նաեւ բարեգործական կազմակերպությունները, որոնք ժամանակ առ ժամանակ սնունդ, հագուստ, կոշիկ եւ այլ անհրաժեշտ ապրանքներ են հատկացնում. «Արդեն բավականին երկար ժամանակ օգտվում եմ նրանց օգնություններից: Ինձ դա շատ անհրաժեշտ է: Այդ օգնությունը չլինի՝ ես կորած եմ»: Նա ապրում է Երեւանի Ղազար Փարպեցի փողոցի 11 ա շենքում:
Նշենք, որ այս կինը պետական այս ծրագրից միակ տուժողը չէ, իր նման բազմաթիվ սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդիկ դուրս են մնացել նպաստառուների ցուցակից, ինչ է թե՝ 1000-2000 դրամով կենսաթոշակը բարձրացել է: