Քանի որ Սպիտակում տղաների պակաս կա
Այսօր Սպիտակ քաղաքում 760-ից ավելի ընտանիքներ կան, որոնք 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո դեռեւս անտուն են: Սպիտակի այդ քաղաքացիները բնակարանով չեն ապահովվել, քանի որ մինչ այժմ բնակարանաշինության պետական ծրագիրը բազմաբնակարան շենքերի բնակիչների համար է իրականացվել: Նրանք ապրում են տնակներում: Օրերս Լոռու մարզ կատարած մեր այցելության ժամանակ տեղեկացանք, որ, այսպես ասած, սեփական տան բնակիչների խնդիրը նույնպես ընդգրկվել է պետական ծրագրում եւ ներկայացվել Լոռու մարզպետարան, որն էլ իր հերթին պետք է ներկայացնի կառավարություն: Առայժմ ոչ մի կոնկրետ աշխատանք այս ուղղությամբ չի արվում: Ճիշտ է՝ սեփական տանը բնակվող ընտանիքների թիվը այս պահին 760-ից ավելի է, սակայն նրանցից միայն 560-ի խնդիրն է ներկայացվել մարզպետարան: Սպիտակի փոխքաղաքապետ Անահիտ Գյուլազյանի խոսքերով, այս մարդիկ «ոչ մի ցուցակից» էլ դուրս չեն մնացել, պարզապես կառավարության ծրագիրը նախատեսված է առայժմ բազմաբնակարան շենքերի բնակիչներին բնակարանով ապահովելու համար. «Հերթականությունն է այդպես դասավորվել: Պետական աջակցությամբ ծրագիր, ամենայն հավանականությամբ, նախատեսվելու է: Նրանց առայժմ առաջարկվում է հիփոթեքային վարկերի միջոցով կարգավորել բնակարանի խնդիրը»: Փոխքաղաքապետի տվյալներով, Սպիտակում փաստացի 1000-ից ավելի մարդ կա, որ դեռեւս ապրում է վագոն-տնակում. «Բայց նրանք բոլորը չեն, որ կարող են պետական աջակցությամբ բնակարան ստանալ, որովհետեւ կան տրոհված ընտանիքներ, այսինքն՝ երիտասարդ ընտանիքներ: Երեւի այս ամսին այդ աշխատանքները կավարտվեն, եւ 200 ընտանիք կտեղափոխվի նոր բնակարաններ, եւս 110-ը, որ հավակնում է 1 սենյականոց բնակարան ստանալ, տուն կստանա 2011-12 թվականների ծրագրով: Բնակարանաշինության խնդիրը որոշ չափով արդեն մեղմվել է, հիմա առաջին տեղում է աշխատատեղերի հարցը: Գործազրկության մասին չենք կարող ստույգ թվեր նշել, քանի որ ոչ բոլորն են գրանցված: Գրանցված է միայն 1500-1600 գործազուրկ, այս թիվը տատանվում է, սակայն ունենք նաեւ թաքնված գործազրկություն, մարդիկ կան՝ չգիտեն գրանցվելու ձեւը: Սպիտակի բնակչության թիվն այժմ 15 հազար 712 մարդ է, որոնք հիմնականում աշխատանք են փնտրում դրսում: Մենք ուսումնասիրություններ ենք անում, մեր հաշվարկներով՝ չկա մեկ ընտանիք, որ բացակա անդամ չունենա, սակայն Սպիտակ քաղաքը խոպանչիների քաղաք չէ, միայն 10% կկազմի, որոնք ամբողջ ընտանիքով այստեղ չեն: 384 բնակարանի հերթացուցակում գտնվողներից 13 ընտանիք ամբողջությամբ բացակայում է քաղաքից, սակայն նրանցից գոնե մեկը ՀՀ քաղաքացիությունը պահպանում է»:
Սպիտակում սոցիալական բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան: Չնայած Սպիտակը համարվում է գյուղատնտեսական քաղաք, սակայն հողերն այստեղ այնքան էլ բերրի չեն, որպեսզի մարդիկ գոնե հողից կարողանան եկամուտ ստանալ: «Կան փոքրիկ կազմակերպություններ, որոնք զբաղվում են կաթի վերամշակմամբ: Կա ընկերություն, որ զբաղվում է գոմեշաբուծությամբ, դա անհետացած ճյուղ է: Առայժմ դեռեւս արդյունավետության մասին չենք կարող խոսել, այն նոր է, բայց գոմեշի կաթն ու մածունը նույնպես օգտակար են: Գերմանական GTZ կազմակերպության հետ միասին ուսումնասիրություններ են անցկացվել պարզելու, թե որ ճյուղերը կարելի է զարգացնել Սպիտակում: Դրանք են՝ ռետինատեխնիկական գործարանի հիմնումը, անասնապահությունից երկրորդական հումքի մշակումը, ապակեգործությունը, շինարարությունը, սա առաջիկա 10 տարվա ընթացքում, սակայն մենք արդեն 4-ամյա ծրագիր ենք գրել եւ աշխատատեղեր ենք փորձում ստեղծել»,- ներկայացրեց Անահիտ Գյուլազյանը: Այն հարցին, թե Սպիտակից երիտասարդությունը երբ գալիս է Երեւան սովորելու կամ աշխատելու՝ վերադառնո՞ւմ են իրենց հարազատ քաղաք, փոխքաղաքապետը պատասխանեց. «Հիմնականում վերադառնում են, բայց լավագույն կադրերը մնում են, նույնիսկ աշխատակազմում մենք լավագույն կադրերի կարիք ունենք: Երիտասարդության զբաղմունքի խնդիր էլ ունենք, այն շատ է հետաքրքրում մեր քաղաքապետին եւ դրա համար, առաջին հերթին, ցանկություն եղավ մշակույթի տունն ակտիվացնել, ունենք արդեն երգի եւ պարի խմբակներ: Ցավոք, նկատելի է տղաների պակաս, քոչարին միայն աղջիկներն են պարում»: Մեր այն դիտարկմանն էլ, թե սոցիալական խնդիրները դառնում են պատճառ, որ երիտասարդները չամուսնանան կամ ուշ ամուսնանան, նա պատասխանեց. «Այստեղ նման բարդույթ չկա, որ սոցիալական խնդիրների պատճառով չամուսնանան: Տարիքը եկել է՝ ամուսնանում են: Այստեղ 25 տարեկանից հետո համարվում են տանը մնացած: Այս 2 օրն ենք վերլուծություն արել, երեխաների ծնելիության մակարդակն է ավելացել, բայց շատ չնչին: Անցած տարի նախանցած տարվա համեմատությամբ 8 երեխայով էր ծնունդների թիվն ավելացել: Մահացություններն են ավելացել, որովհետեւ հիվանդությունները, օրինակ՝ ինֆարկտը երիտասարդացել է: Ավելանում է նաեւ ամուսնալուծությունների թիվը: Հիմնականում ձեւական ամուսնալուծություններ են լինում, որ միայնակ մայրեր դառնան ու օգնություն ստանան: Սոցիալական խնդիրներն են այս ամենի պատճառը: Երեխայի բանակի խնդիր է եւ այլն»:
Լոռու մարզի գյուղատնտեսական խնդիրների մասին խոսեցինք նաեւ փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանի հետ: Ըստ նրա, այս տարին գյուղատնտեսական առումով շատ վատն էր. «Մի քանի անգամ կարկուտ եկավ, բերքը թափվեց ծառերից: Օրերս խորհրդակցություն էր մարզպետարանում եւ մարզի բոլոր գյուղապետերն էլ նույնն էին ասում, որ բերք չկա: Անգամ կարտոֆիլ չկա, անցյալ տարի 30-40 դրամով խնդրում էին, որ գնեին, իսկ այս տարի 200 դրամ է դարձել: Գյուղացու հույսը կարտոֆիլ վաճառելն էր, բայց չկա այս տարի»: Կարկտահարումներից տուժածներին հասանելիք փոխհատուցումների մասին ասաց, որ հանձնաժողով է ստեղծվել, սակայն գումար այդպես էլ չի եղել. «Պարարտանյութն էր հիմնական օգնությունը, շատ ուրախացան, քանի որ հարմար գներով տրվեց: Հակակարկտային կայանների համար մենք արդեն 4-5 տարի դիմել ենք կառավարությանը, հիմա խոստացել են, որ Լոռու մարզին կհատկացնեն այդ կայանից»:
Անդրադառնալով Թեղուտի բնակիչների այն դժգոհություններին, որ երբ հանքերը սկսեն շահագործվել՝ նրանք լքելու են իրենց բնակավայրերը, պարոն Վարդերեսյանն ասաց. «Թեղուտում եղել եմ, զրուցել եմ տեղի ժողովրդի հետ, բայց ասեմ՝ ժողովուրդը խանդավառված է, որ աշխատատեղեր են ստեղծվելու, դա օգնում է, որ այդ մարդիկ մնան իրենց հող ու ջրի վրա: Չնայած հողի փոխհատուցման հետ կապված մի քիչ խնդիրներ են եղել, մի քանիսինը քիչ է եղել: Առողջությանը՝ չգիտեմ, թե ինչքանով վնաս կտա, բայց որ ժողովրդի վիճակը կլավանա դրանով, ես ավելի քան համոզված եմ»: