Որովհետեւ փորձարկման լաբորատորիաներ գոյություն չունեն
Այսօր ստանդարտների միջազգային օրն է: Ավելի քան 40 տարի աշխարհում անցկացվող այս տոնը կնշեն նաեւ Հայաստանում, որտեղ ստանդարտացումը դեռ կամավոր գործունեություն է: «Ստանդարտը կամավոր ընդունում են ու դրանից հետո այն դառնում է իրենց համար պարտադիր: Հայաստանում այսօր դեռ շատ դժվար է ապացուցել՝ ապրանքը ստանդարտին համապատասխանո՞ւմ է, թե՝ ոչ, որովհետեւ փորձարկման խնդիր կա: Հնարավոր է արտաքին զննումով միայն պարզել, օրինակ՝ ստանդարտում գրված է 42 համարի կոշիկ, բայց հնարավոր է այն ավելի փոքր լինի կամ գրված լինի հեռուստացույց, բայց իրականում ռադիո լինի»,- «Առավոտի» հետ զրույցում բացատրում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Աշոտ Ղազարյանը: Նրա խոսքով, թեեւ ստանդարտին չհամապատասխանող որոշակի ապրանքներ հենց արտաքին զննումից են երեում, շատ ապրանքատեսակների համապատասխանելիությունը պարզելու համար անհրաժեշտ է խորը փորձարկում իրականացնել. «Բայց փորձարկումը շատ թանկ հաճույք է, ու Հայաստանում համարյա չիրականացվող խնդիր, մեր երկրում փորձարկման լաբորատորիաներ գոյություն չունեն, լաբորատորիաներ կան գյուղատնտեսական ապրանքների փորձարկման համար, բայց արդյունաբերական ու սպառողական ապրանքների մասով լուրջ խնդիր ունենք»: Մեր դիտարկմանը, թե տեսչությունը միայն արտաքին տեսքո՞վ է պարզում ապրանքի ստանդարտի համապատասխանելիությունը, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Վիրավորում եք մեզ»:
Իսկ այն հարցին, թե տեսչության իրականացրած վերջին ստուգումների արդյունքում ապրանքատեսակների՝ ստանդարտին չհամապատասխանելիության քանի՞ դեպք են արձանագրել ու ո՞ր ոլորտում են ավելի շատ խախտումներ գրանցվել, պարոն Ղազարյանը դժվարացավ մտաբերել. «Դժվար է պատասխանել, ոչ մի կերպ չեմ կարող հիշել»: Երեկվա ասուլիսում էլ Ստանդարտների ազգային ինստիտուտի ստանդարտացման բաժնի պետ Արթուր Ստեփանյանը նկատեց, որ հայ ձեռնարկատերերից այսօր քչերն են գիտակցում ստանդարտացման անհրաժեշտությունն ու կարեւորությունը. «Նրանք դեռ այն մոտեցումն ունեն, որ պետությունը պետք է իրենց համար ստեղծի ստանդարտներ, իրենք էլ միայն կիրառեն, մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է այն սկզբունքը, որ նախագծողները, արտադրողներն ու փորձարկման լաբորատորիաները մասնակցում են ստանդարտացման գործընթացին, որը ֆինանսավորվում է հենց արտադրողների կողմից, որ իրենց արտադրանքը կարողանան հեշտությամբ դուրս բերել գլոբալ շուկա ու մրցունակ լինի: Մեր գործարարների մեջ ստանդարտացման ճիշտ մոտեցումը դանդաղ է զարգանում»: Պարոն Ստեփանյանի խոսքով, Հայաստանում հայկական ջուրն ու հանքային ջուրը արտահանելու ցանկությունը մեծ է, բայց փորձարկման միջազգային ստանդարտների բացակայությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում. «Այս տարի միայն ջրի որակի համար մշակել ենք 9 փորձարկման ստանդարտ եւ առաջիակայում խնդիրը լուծում կգտնի: Եվ բացի այդ, 2009-2010-ի ընթացքում տնտեսության գերակայող ճյուղերում ընդունվել ու գործողության մեջ է դրվել մոտ 210 ազգային ստանդարտ»: Ի դեպ, այդ 210 ազգային ստանդարտի միայն 60%-ն է ներդաշնակեցված միջազգային եւ եվրոպական ստանդարտներին: Այս փաստը, պարոն Ստեփանյանի մեկնաբանմամբ՝ «Բավականին բարձր տոկոս է, երկու տարվա ընթացքում մենք արդեն բավականին լուրջ հաջողությունների ենք հասել, հիմնականում ուղղակի կիրառում ենք եվրոպական ստանդարտներ, դրա հետ մեկտեղ կան ստանդարտներ, որ կիրառում ենք ԱՊՀ երկրների շրջանում»:
Ինչ վերաբերում է հեռահաղորդակցության ոլորտին, պարոն Ստեփանյանը տեղեկացրեց, որ 2011-12 թթ. նախատեսել են թվային հեռահաղորդակցության ստանդարտներ ներդնել հանրապետությունում: