Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՂԿՎՈՒՄ Է ՏԱԹԵՎԻ ԱԼՄԱՍՏԸ

Հոկտեմբեր 14,2010 00:00

Վաղ թե ուշ այդ ադամանդը կշողա համաշխարհային մշակույթի գանձերի զարդատուփում

\"\"
Այս մեծ ավտոբուսները դժվարանում էին անցնել Հալիձոր-Տաթեւ ճանապարհի անհամար ոլորանները, եւ որոշ հատվածներ լրագրողները ստիպված էին ոտքով կտրել, մինչեւ ավտոբուսը կարողանար շրջվել:

\"\"
Տաթեւի վանական համալիրում ընթանում էին
վերջին նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ բեմի, լուսարձակների տեղադրումը:

\"\"
 Սա ճոպանուղու ելքն է՝ Տաթեւի մոտից: Այստեղ աշխատանքները գրեթե ավարտվել էին, մնում էր
որոշ կոսմետիկ բարեկարգումներ անել:

\"\"
Տաթեւից պեղված այս հնությունները մինչեւ իրենց տեղը գտնելը առայժմ անփույթ
վիճակով մի անկյունում էին շարված:

\"\"
Չնայած ամենուր աշխատանքային եռուզեռ էր, սակայն Տաթեւը շարունակում էր հյուրեր ընդունել, որոնց թվում ոչ միայն Հայաստանից եւ Սփյուռքից ժամանած լրագրողների գրեթե 200 հոգանոց խումբն էր: Տաթեւում գտնվելու կես ժամվա ընթացքում հասցրեցինք տեսնել ֆրանսիացի զբոսաշրջիկների մի փոքրիկ խումբ, իսկ երբ արդեն հեռանում էինք, նկատեցինք, որ դեպի Տաթեւ է բարձրանում հերթական տուրիստական ավտոբուսը:

Վաղը չէ մյուս օրը՝ հոկտեմբերի 16-ին, կկայանա Տաթեւի ճոպանուղու բացումը: Դեռեւս հինգ տարի առաջ անհնար էր հավատալ, որ դեպի Տաթեւ տանող ճանապարհը երբեւէ, տեսանելի ապագայում մատչելի կլինի: Սակայն երեքշաբթի օրը, երբ Համահայկական լրագրողական 5-րդ համաժողովի մասնակիցները դեպի Ստեփանակերտ ճանապարհին այցելեցին Տաթեւի համալիր, վստահվեցին, որ Տաթեւի՝ զբոսաշրջային կենտրոն դառնալը պատրանք չէ: Դժվար է ասել, թե արդյոք մինչեւ հոկտեմբերի 16-ը ամբողջովին իրականացած կլինե՞ն այն բոլոր պլանները, որ իր առջեւ դրել էր մեր կառավարությունը եւ մասնավորապես՝ կառավարության այդ պլանները կատարող Ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ աշխատանքի գերակշիռ մասն արված է:
Բացի ճոպանուղուց, շինարարության ընթացքի մեջ է նաեւ Հալիձոր-Տաթեւ ճանապարհի նորոգումը: Այս ճանապարհին ուղիղ հինգ տարի առաջ՝ 15.10.2005թ., անդրադարձել ենք «Հայաստանի հրաշալիքներ, խնամված, անխնամ եւ «ծանոթի միջոցով» հոդվածով, որում նաեւ տեղադրել էինք Հալիձոր-Տաթեւ ճանապարհի մի հատվածի լուսանկար: Այն ժամանակ այդ ճանապարհը, որը կառուցվել էր նախորդ դարի յոթանասունականներին եւ երբեք չէր նորոգվել, գրեթե անանցանելի էր եւ ունակ էր փչացնելու նույնիսկ ամենաամուր մեքենան: Այսօր վիճակն անհամեմատ բարվոք է: Այնպես որ, Տաթեւ գնալ-գալը հեշտացել է նույնիսկ նրանց համար, ովքեր չեն համարձակվի նստել համակարգչային կառավարում ունեցող, քամու եւ հոսանքի տատանումներից խուսափող բարձրակարգ շվեյցարական ճոպանուղին: Ճոպանից կախված 25 տեղանոց վագոնները անցնելու են բարձր անդունդի վրայով (ամենաբարձր կետը 330 մետրն է, իսկ ճոպանուղին ինքը ռեկորդային երկարություն ունի՝ 7,5 կմ), այնպես որ, բարձրությունից վախեցողները ստիպված են լինելու մեքենայով անցնել Տաթեւի ոլորապտույտ ճանապարհներով: Երբ լրագրողներով լեցուն հսկա ավտոբուսներն էին այդ ճանապարհը կտրում՝ էլի կային վախեցողներ. մեր սփյուռքահայ բարեկամներից մեկն ասում էր, որ այս ճանապարհը նման է «Մահվան կածանի», մեկ ուրիշը վարորդից համառորեն խնդրում էր մեքենան կանգնեցնել, որ 26կմ-անոց ճանապարհը ինքը ոտքով կտրի: Նման ոլորապտույտների համար չնախատեսված ավտոբուսով այդ ճանապարհն անցանք գրեթե մեկ ժամում, այնինչ ճոպանուղով հնարավոր կլինի Հալիձորից Տաթեւ հասնել ընդամենը 11 րոպե 25 վայրկյանում:
Վանական համալիրն էլ էր բավականին բարվոք տեսքի բերված, եւ արվում էին վերջին աշխատանքները: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել