Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԻՆԴԲԼԱԴԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԷՐ ԽՈՍՔԻՑ ՀԵՏ ԿԱՆԳՆԵԼ

Հոկտեմբեր 14,2010 00:00

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադի՝ մեր թերթում երեկ հրապարակված պնդմանը, թե Երեւան ժամանելու պատճառ չի տեսնում. «Եթե մենք Հայաստան գայինք մեր առաքելության շրջանակներում, ապա ես, իհարկե, այդտեղ կլինեի, սակայն այժմ իմ գալը կնշանակի հետ կանգնել խոսքից, քանի որ ես դեմ եմ քվեարկել Հայաստանում ֆորումի անցկացմանը՝ մինչ իրավիճակը երկրում չբարելավվի»: Այսպես էր նա պատասխանել Epress.am-ի այն հարցին, թե արդյոք Հայաստան ժամանելո՞ւ է հոկտեմբերի 19-ին «Հանուն ժողովրդավարության» ֆորումին մասնակցելու նպատակով: Նաիրա Զոհրաբյանը մեզ տրամադրեց ֆորումին մասնակցելու համար գրանցված 210 անձանց ցուցակը, որի 188-րդ տեղում նշված էր Գորան Լինդբլադը. «Այդ լժե-դեմոկրատ ավանտյուրիստն առաջին ցուցակագրվողներից մեկն է եղել: Եվ իմ կարծիքով՝ այն պահին, երբ իր համար պարզել է, թե ո՛չ Եվրոպայի խորհուրդը, ո՛չ Շվեդիայի խորհրդարանը չեն պատրաստվում ֆինանսավորել իր այցը, քանի որ այլեւս չի հանդիսանում ո՛չ Ռիկսդագի, ոչ էլ ԵԽԽՎ պատգամավոր՝ հանկարծ հիշել է, որ ինքը դեմ էր քվեարկել այդ ֆորումը Երեւանում անցկացնելուն»:
Լինդբլադը հայտնել էր, թե Ջոն Պրեսկոտը նույնպես գալու ցանկություն չունի: Մինչդեռ վերջինս այդ ցուցակում 197-րդն է: Եվ մեր տեղեկություններով՝ հանդիպելու է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ի դեպ, Հայաստան են ժամանելու նաեւ ԵԽ նախագահ Թորբորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Իեն Միքալլեֆը եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել