Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարզապես «paper»

Հոկտեմբեր 14,2010 00:00

ՀՅԴ-ն համադրելու է իր առաջարկները ադրբեջանական կուսակցության հետ: Եվ քննադատում է ՀՀՇ-ին՝ ադրբեջանցիների հետ փաստաթուղթ ստորագրելու համար:

Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի՝ Բաքվում գումարված նիստից վերադարձած ՀՅԴ բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը եւ ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ հրավիրված ասուլիսում տեղեկացրին՝ Սոցինտերնի գլխավոր քարտուղարն առաջարկել է, որ մինչեւ նոյեմբերի 15-16-ին Փարիզում կայանալիք Սոցինտերնի խորհրդի նիստը՝ ՀՅԴ-ն եւ Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իրենց տեսակետներն առաջարկեն ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ: Կիրո Մանոյանը հայտնեց, «Մենք արդեն ժողովին ներկայացրել ենք մեր ընդհանուր մոտեցումները: Մնում է, որ բանաձեւի տեսքով մեր առաջարկը ներկայացնենք: Մնացածը կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, որովհետեւ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին խորհրդարանական ընտրություններ են, եւ իրենց կուսակցությունից գրանցված թեկնածուն միայն կուսակցության համանախագահ Ալիզադեն է: Մյուս համանախագահը Մութալիբովն է, որն աքսորված է: Եվ վստահ չեմ, թե իրենք այդ 1 ամսվա ընթացքում անպայման կհասցնեն ինչ-որ բան առաջարկել»: Իսկ Մարիո Նալբանդյանն ընդգծեց, թե սա փաստաթուղթ չի լինելու, այլ «պարզապես paper»՝ թուղթ. «Սա այն ձեւն է, որ որդեգրած է այլ հակամարտությունների լուծման գործընթացների մեջ Սոցինտերնը: Հրավիրում է հակամարտող կողմերին, որ իրենց առաջարկները ներկայացնեն, եւ փորձում գտնել միջին եզրեր կամ համաձայնված կետեր: Եթե այս մեկը ստացվի՝ ժողովին կներկայացվի»:
Հաշվի առնելով, որ հոկտեմբերի 7-ին էլ Գերմանիայում ՀՀՇ-ն էր Վրաստանի հանրապետական կուսակցության եւ Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության հետ հռչակագիր ստորագրել՝ «Ժամանակի» թղթակիցը նշեց, թե կարելի է համարել, որ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները ավելի մեծ նպաստ են բերում հայ եւ ադրբեջանցի հասարակությունների հաշտեցման գործին: Սակայն Կիրո Մանոյանը չհամաձայնեց. «Նախ՝ երկու կատարվածները տարբեր բաներ են: Մենք ոչ մի փաստաթուղթ էլ չենք ստորագրել: Ճիշտ է, թե մասնակցել ենք մեկ այլ կազմակերպության ժողովին, որն ընդգրկում է այլ կուսակցություններ՝ այդ թվում ադրբեջանական»: Նաեւ հավելեց. «Բայց մեկ բան ինձ զարմացնում է իրենց ստորագրածի կապակցությամբ: Հայաստանում, ճիշտ է՝ ոչ ուղղակի ՀՀՇ-ն, բայց ՀԱԿ-ը, որի կորիզը ՀՀՇ-ն է, հայտարարում է, թե մինչեւ Ղարաբաղի հարցը չկարգավորվի, Հայաստանում այլ բան հնարավոր չէ փոխել: Բայց գնացել է, ադրբեջանցիների հետ համաձայնել բոլոր մնացած բաների մասին, բացի Ղարաբաղի հարցից: Այս մոտեցումն իսկապես անհասկանալի է… Ադրբեջանցիների հետ Ղարաբաղի հարցի մասին խոսել են, թե ոչ՝ չգիտեմ, բայց պայմանավորվածություն առնվազն չկա: Եվ մնացած բոլոր հարցերի շուրջ համաձայնել են աշխատել միասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել