Պատասխանատո՞ւ են այժմ «Շարմ» ընկերությունը կամ «ԱրմենԱկոբ» ՍՊԸ-ն մրցութային առաջարկներում իրենց տված խոստումների համար: 2002-ին հօգուտ «Շարմի» քվեարկած ՀՌԱՀ անդամներն այժմ է՞լ կպնդեն, թե նրանց առաջարկն իրատեսական էր:
«Շարմ» ընկերություն
2002 թվականի ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց, որ 24 ժամ եթեր ունեցող «Ա1+» հեռուստաընկերության մրցութային առաջարկն ավելի «թույլիկ» է (որակումը ՀՌԱՀ փոխնախագահինն էր), քան «Շարմ» ընկերության առաջարկը: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, որն այն ժամանակ նաեւ ՀՌԱՀ անդամ էր եւ «2» էր գնահատել «Ա1+»-ին՝ «Առավոտի» հարցին, թե իր համար ո՞ր չափորոշիչները վճռորոշ դարձան, մասնավորապես պատասխանել էր, թե «Ա1+»-ն «ահավոր առաջարկ է կազմել՝ ստեղծագործական, մանավանդ ծրագրային քաղաքականությունն ինձ չբավարարեց»։ Նաեւ հավելել էր. «Ախր, ես ինչպես կարող եմ 7 տարի վերահսկել «Ա1+»-ին։ Նա կասի՝ ինչ որ գրել եմ, դա եմ կատարում, դրա տերն եմ… Բայց չի նշված տոկոսային որեւէ հարաբերություն՝ ինչի՞ հիման վրա ես պետք է վերահսկեմ»։ Իսկ «Շարմի» մասին ասել էր. «Նրանց առաջարկներն ավելի իրատեսական են»։
Այժմ որոշ մեջբերումներ ներկայացնենք «Շարմի» մրցութային առաջարկից. «Նախատեսվում է համագործակցություն առնվազն մեկ արեւմտյան գործակալության հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվում «Ռոյթեր» եւ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» ընկերությունների հետ՝ համագործակցության վերաբերյալ»: Առավել մեկնաբանությունների տեղիք տվեց նրանց հետեւյալ խոստումը. «Լրատվական խմբագրության շրջանակներում նախատեսվում է ստեղծել ոչ քաղաքական բնույթի նորությունների առանձին շարք, որն իր անվանումով կարտացոլի շարքի բովանդակային ուղղվածությունը (օրինակ՝ «Միայն լավ լուրեր»)»: Հիշեցնենք, որ նման շարք այդպես էլ չստեղծվեց:
Էլի չկատարած խոստում մրցութային առաջարկից. «Կհեռարձակվի «Ի՞նչ ես դու արել քո երկրի համար» նախնական անվանումը կրող թոք-շոուների մի շարք, որի միջոցով կքննարկվեն պետության եւ քաղաքացու փոխհարաբերություններին վերաբերող հարցեր», «Կստեղծվեն հաղորդումներ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համար: Հաղորդումներն առավել հետաքրքրական դարձնելու նպատակով հաղորդաշարի հեղինակները կգործեն տվյալ ազգերը ներկայացնող համապատասխան հաստատությունների հետ համատեղ»:
Հետագա մեջբերումները թերեւս անիմաստ են, քանի որ հայտնի է՝ «Շարմը» հազիվ 1 տարի մնաց «Կենտրոնի» սեփականատեր: Եվ «իրատեսական» առաջարկ ներկայացրած ընկերությունն աշխատավարձերի, նաեւ այլ պարտքերով հեռուստաընկերությունը վաճառեց ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանին: Իսկ հետո վերջինս էլ «կամավոր-պարտադիր» սկզբունքով «Կենտրոնը» փոխանցեց Գագիկ Ծառուկյանին եւ Մուրադ Գուլոյանին: Շա՜տ մեղմ ասած՝ հազիվ թե ԲՀԿ այդ գործիչները պարտավորված են զգում կատարել այն խոստումները, որոնք մրցութային առաջարկում տվել էր «Շարմ» ընկերությունը: ՀՌԱՀ-ն էլ այլեւս պարտավորված չզգաց վերահսկել դրանց կատարումը: Ի դեպ, ՀՌԱՀ կայքէջում որպես 37 կապուղով հեռարձակող այժմ նշված է «Մուլտի մեդիա-կենտրոն TV» ՓԲԸ-ն:
«ԱրմենԱկոբ» ՍՊԸ
Գրեթե նույն պատմությունն էլ այս դեպքում է: 2003-ի հուլիսին 31 կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակում իրականացնելու համար արտոնագիր ստացավ «ԱրմենԱկոբ» ընկերությունը: Մրցութային առաջարկում խոստացել էր, թե լրատվական եւ տեղեկատվական հաղորդումները կազմելու են հեռուստաեթերի մինչեւ 7 տոկոսը: Նշենք, որ «ԱրմենԱկոբն» այն հեռուստաընկերություններից էր, որն իր գործունեության ամբողջ ընթացքում այդպես էլ չունեցավ լրատվական ծրագիր: Թեեւ ի սկզբանե էին ազդարարել, որ մշակութային հաղորդումներն են լինելու հեռուստաընկերության գործունեության առանցքում: Եվ քաղաքականությանը չխառնվելու սկզբունքը, կարելի է ասել, չխախտեցին էլ՝ թեեւ եղան որոշ բացառություններ. մի օրինակը 2008 թվականի նախագահական ընտրություններին նախորդող շրջանն էր, երբ այլ հեռուստաընկերությունների պես՝ «ԱրմենԱկոբը» նույնպես ցուցադրում էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչական տեսանյութեր:
Մշակութային ծրագրերի վերաբերյալ մրցութային առաջարկում «ԱրմենԱկոբի» տված խոստումները մեծ մասամբ իրականացված են: Թեեւ էլի կան բացառություններ: Ասենք, եթե չեմ սխալվում՝ այդ հեռուստաընկերության եթերում չեն հեռարձակվել «Բիթլզ» ակումբ, «Իքս ռակուրս» հաղորդաշարերը կամ «Մենք ու մենք» հաղորդաշարը, «որն ապահովում է Հայրենիք-Սփյուռք կապը եւ մասնավորապես անդրադառնում է Երեւանում ու Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցներին հուզող հիմնահարցերին»:
Ի դեպ, «ԱրմենԱկոբն» էլ էր «Շարմի» պես խոստացել համագործակցել «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հետ եւ ստեղծել հաղորդումներ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համար: Սակայն «Հոպար Մեդիա» ՍՊԸ-ն, որին 2008-ի հունվարին վաճառվեց «ԱրմենԱկոբը»՝ մեր բոլոր ազգային փոքրամասնություններից նախընտրում է բացառապես ռուսներին՝ եթեր հեռարձակելով բազմազան ռուսալեզու ծրագրեր: 2009-ի ապրիլից իբրեւ «Ա-TV» հեռարձակվող այս ալիքը մի կարեւոր ընդհանրություն ունի «ԱրմենԱկոբի» հետ՝ այն նույնպես չունի լրատվական ծրագիր: Սակայն նախընտրում է բացառապես զվարճալի եւ ժամանցային հաղորդումները:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» այն ժամանակ գործող օրենքի համաձայն՝ «Արտոնագրատերը չի կարող արտոնագիրը փոխանցել կամ վաճառել (օտարել) այլ անձի»: Օրենքի այս պահանջը փոքր-ինչ այլ խմբագրությամբ պահպանվեց նաեւ 2010 թվականի հունիսի 10-ի փոփոխություններում: Օրենքում ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այժմ պահպանվեց դրույթը, թե ՀՌԱՀ-ը կարող է արտոնագիրը չեղյալ հայտարարել, եթե «տեղի է ունեցել արտոնագրի զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց»: Սակայն ՀՌԱՀ-ը երբե՛ք այդ դրույթը չի գործադրել՝ մասնավորապես պնդելով, թե արտոնագրատերը չի փոխվել, ուղղակի փոփոխություն է արվել հեռուստաընկերության կանոնադրական կապիտալում մասնակիցների, բաժնետերերի ցանկում: Ըստ այդմ՝ 37 կապուղու արտոնագրատերը դե-յուրե այժմ էլ «Շարմն» է, իսկ 31-ինը՝ «ԱրմենԱկոբը»: Եվ ՀՌԱՀ-ը եթե իր գործունեության ընթացքում գեթ մեկ անգամ թեկուզ տուգանած լիներ մրցութային առաջարկների պայմանների չկատարման համար՝ պատասխանատվության պիտի ենթարկեր հենց այդ ընկերություններին:
Հ. Գ. Չենք կարող եւս մի հղում չանել Մուշեղ Հովսեփյանին: Մեջբերում ենք՝ ըստ 2002 թվականի ապրիլի 5-ի մեր հրապարակման. «Առավոտի» հարցին, թե լծակներ ունե՞ն վերահսկելու, որ «Շարմն» իրոք կատարելու է իր խոստացած 1 մլն 800 հազար դոլարի ներդրումները եւ իրականացնելու իր առաջարկի բոլոր խոստումները, ՀՌԱՀ անդամ Մուշեղ Հովսեփյանը պատասխանեց. «Մեր օրենքով է դա նախատեսված՝ 6 ամիս ժամկետ ենք դրել Եթե 6 ամսում «Շարմն» իր պարտավորությունները :չկատարեց՝ մենք իրավունք ունենք փակելու այդ հեռուստաընկերությունը: Այդպես չէ, թե մենք 7 տարով տվեցինք՝ նա էլ, ինչպես ուզի՝ այդպես կանի… 6 ամսում նա պարտավոր է կատարել այն ամենն, ինչ առաջարկում ներկայացրել է»: