Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՆԵՐԱԼ ԴԱՌՆԱԼ

Հոկտեմբեր 14,2010 00:00

Այսպես է կարծում հանրապետական Կարեն Ավագյանը

Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին՝ երեկ «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսում հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարել է, թե աշխատանքային տարաձայնություններ, իհարկե, կարող են լինել. «Ընդհանուր առմամբ՝ դրա լավագույն բնութագիրը տվել է Սամվել Բալասանյանը՝ Պետրոսի մոտ հյուր եղած ժամանակ՝ ասելով հետեւյալը, որ ցանկացած զինվոր ուզում է գեներալ դառնալ, եւ դրանով իսկ բնութագրել է այսօրվա կարգավիճակը եւ իրենց ցանկությունները։ Բայց դե, ոչ բոլոր զինվորներն են գեներալ դառնում։ Իսկ կոալիցիայի մասով էլ ասեմ՝ կան աշխատանքային տարաձայնություններ, դրանք միմիայն աշխատանքային են, որովհետեւ եթե ավելի լուրջ տարաձայնություններ ունենային մեր կոալիցիոն գործընկերները, իրենք ուղղակի դուրս կգային կոալիցիայից»: Ըստ պատգամավորի, ընտրությունները նման են վազքի մրցումների. «Նշանակություն չունի, թե ով ինչպես է սկսում, նշանակություն ունի այն, թե ո՞ւմ քաղաքական շնչառությունը կհերիքի հատել եզրագիծը։ Եվ հավատացնում եմ ձեզ՝ 2012-13թթ. քաղաքական շքերթը գլխավորելու է Հանրապետական կուսակցությունը, որովհետեւ, ըստ իս, 1,5-2,5 տարիների ընթացքում չի ձեւավորվի այն քաղաքական միավորը, որը կկարողանա Հանրապետական կուսակցության հետ մրցակից լինել։ Էլի սպորտի լեզվին անդրադառնամ՝ սպորտում կան տարբեր քաշեր, ՀՀԿ-ն այսօր քաղաքական դաշտում գրավում է գերծանրքաշային կատեգորիան»:
Այս ամենը պարոն Ավագյանը հայտարարել էր մամուլի ասուլիսում, իսկ նրա կոալիցիոն գործընկեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ «7օր»-ին ասել էր. «Կրկին խորհուրդ պետք է տամ հանրապետական իմ գործընկերներին՝ եթե կոնկրետ ասելիք ունեն «Բարգավաճ Հայաստանին», ապա հստակ ձեւակերպեն իրենց ասելիքը, այլապես՝ ՀՀԿ խմբակցության տարբեր անդամներ զբաղված են անհասկանալի հռետորաբանությամբ, իսկ նույն այդ ժամանակ ՀՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները, մասնավորապես՝ խմբակցության ղեկավարը, հերքում են, թե այդ ասածներն ուղղված են ԲՀԿ-ին։ Ի վերջո, եթե ինչ-որ մտահոգություն ու անհանգստություն ունեն ՀՀԿ մեր գործընկերները, ապա ճիշտ կլինի համարձակություն ունենան դրանք հստակ ձեւակերպելու, մենք էլ իմանանք՝ կոնկրետ ո՞ւմ եւ ինչի՞ն ենք պատասխանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել