Ամերիկահայ կազմակերպությունների հետ հանդիպումների շրջանակում Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հոկտեմբերի 12-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում հանդիպում է ունեցել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչության պատվիրակության հետ: ՍԴՀԿ մամլո դիվանի տարածած հաղորդագրության համաձայն, ՍԴՀԿ ներկայացուցիչները դեսպանին հայտնել են, թե որպես ամերիկահայեր՝ ԱՄՆ կառավարությունից ակնկալում են ավելի խստապահանջ կեցվածք՝ Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խախտումների նկատմամբ՝ առաջին հերթին պահանջելով քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը: Պատվիրակության անդամները կարեւորել են «Հայաստանում ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչն անհնար է առանց ազատ հեռուստալրատվամիջոցների գոյության: Հետեւաբար, մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը եթեր վերադարձնելը խիստ անհրաժեշտ է»: Հնչակյանները նաեւ տարակուսանք են հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երեւան կատարած իր այցելության ընթացքում հանդիպում չունեցավ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Արցախի հարցի լուծման նպատակով ներկայացվող առաջարկների կապակցությամբ ՍԴՀԿ պատվիրակները նշել են, որ նախապատվությունը պետք է տրվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքին, կարեւորել են Արցախի ներկայացուցիչների վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա առկա խնդիրների լուծման ամենաարդյունավետ միջոցը, ՍԴՀԿ համոզմամբ, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Դեսպան Մարի Յովանովիչը, իր հերթին, ասել է, թե Միացյալ Նահանգները քաջալերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության շարունակումը՝ առանց նախապայմանների: