Մեր հանրությանը, թերեւս, մոտ ապագայում հայտնի կդառնա այս անվանումով քաղաքական-հասարակական նոր նախաձեռնության ձեւավորման մասին:
Դեռ սեպտեմբերին «Հանրապետություն» կուսակցությանն իր անդամությունը սառեցրած Սուրեն Սուրենյանցն իր կայքում տեղեկացրել էր, թե երկար մտորելուց հետո որոշել է հանդես գալ մի նոր նախաձեռնությամբ, որի առաքելությունն ազատական հայացքներ ունեցող մարդկանց ջանքերի միավորումն է: Հասարակական-քաղաքական այդ նոր նախաձեռնության՝ «Քաղաքացիական պլատֆորմի» նպատակը երկրի քաղաքական համակարգը փոխելն է, քաղաքական նոր հարաբերությունների ձեւավորմանը նպաստելը:
Երեկ Սուրենյանցից փորձեցինք ճշտել՝ ո՞ւր է հասել իր այդ նոր նախաձեռնությունը եւ արդյոք այդ հարցում ինքը համակիրներ գտե՞լ է, թեեւ ավելի վաղ էլ հայտարարել էր, թե «Քաղաքացիական պլատֆորմը» ձեւավորելու է իր համախոհ մի քանի ընկերների հետ միասին: Պարզվեց՝ նախաձեռնությունը ձեւավորման ակտիվ փուլում է եւ հանդես է գալու որպես արեւմտյան արժեքային համակարգի դավանողների միավորում: «Համակիրներից արձագանքներ, այո, կան: Ճիշտ է, նրանց մեջ հանրությանը հայտնի անուններ չկան, նրանք ո՛չ ընդդիմադիր, ո՛չ էլ իշխանական ճամբարից են, բայց ինձ ուրախացնում է այն, որ երիտասարդ ու ինտելեկտուալ, իրենց մասնագիտական ոլորտներում որոշակիորեն կայացած, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ են: Հիմա մենք նախաձեռնող խմբով ծրագրային եւ այլ փաստաթղթեր ենք մշակում, եւ կարծում եմ, շատ շուտով հրապարակայնորեն կազդարարվի «Քաղաքացիական պլատֆորմի» ձեւավորման մասին: Այսօր այդ նախաձեռնության շուրջ համախմբվել է շուրջ 100 մարդ»,- ասաց Սուրենյանցը:
Բոլոր նրանց, ովքեր իր անձնական կայքում այս նախաձեռնության մասին հայտարարությունից հետո շտապեցին ենթադրել, թե դա իշխանական հերթական պրոյեկտն է, որին աջակցում են Սուրենյանցի ՀՀԿ-ական ընկերները, եւ այդ միավորման մեջ ընդգրկված կլինեն իշխանական թեւի ներկայացուցիչներ, Սուրենյանցը հակադարձեց. «Ինձ թվում էր՝ հասկանալի է, որ ես չէի կարող հանդես գալ մի նախաձեռնությամբ, որին մաս կազմեն իշխանության համակիրները»: Այդուամենայնիվ, մտավախություն չկա՞, որ դեռ չծնված՝ այդ նախաձեռնության հաջողության հասնելու հեռանկարն արդեն մշուշոտ է, որովհետեւ այս գլխից արդեն «իշխանական պրոյեկտով» պիտակավորվել է: «Մտավախություն չունեմ: Ավելին, նման մոտեցումը համարում եմ կարծրացած, իրականության հետ որեւէ առնչություն չունեցող: Ես շատ հստակ ասել եմ, որ իշխանության այսօրվա որակն ինձ չի բավարարում, եւ երբեք ինձ համար իշխանության համակարգին ինտեգրվելը նպատակ չի եղել: Մյուս կողմից՝ արձանագրել եմ նաեւ, որ այսօրվա ընդդիմության քաղաքական վարքագծում դարձյալ շատ բան ինձ չի բավարարում, եւ այդ իրավիճակում բացարձակ պատահական չէր իմ այս նախաձեռնությունը: Իհարկե, սպասում եմ, որ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարներից քննադատություններ կլինեն, բայց ինձ համար ավելի կարեւորն այն է, որ կան մարդիկ, որոնք հավատում են այն գաղափարներին, որոնք դրված են լինելու այդ միավորման հիմքում: Կան մարդիկ, ում հայացքն ավելի շատ ուղղված է դեպի վաղվա ազատ Հայաստանը, ու հիմա մենք փորձում ենք այդ մարդկանց մտավոր, քաղաքական, կազմակերպչական ջանքերը միավորելու խնդիր լուծել»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
Սուրենյանցը չթաքցրեց, որ «Քաղաքացիական պլատֆորմը» մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Խորհրդարանական ընտրությունների մասնակցության գլխավոր կարգախոսն էլ լինելու է՝ «Հայաստանն առանց ռուսական ռազմաբազաների»: «Դա է լինելու նաեւ նախաձեռնության գործունեության կարեւոր ուղղություններից մեկը, որովհետեւ իրականում ազատ եւ անկախ Հայաստանը, մեր պատկերացմամբ, չպետք է նման ֆորպոստային, վասալային կախվածություն ունենա Ռուսաստանից, այլ պետք է բնականոն, բարիդրացիական հարաբերություն ծավալի հարեւան երկրների հետ: Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ, թերեւս, կսատարենք այն թեկնածուին, ով առաջ կմղի մեր գաղափարներն ու սկզբունքները»,- հայտարարեց Սուրենյանցը: Փորձեցինք Սուրենյանցից ճշտել՝ այդ նոր նախաձեռնությունը, որի կարգախոսը՝ «Հայաստանն առանց ռուսական ռազմաբազաների» է, կարո՞ղ է հայ հասարակության կողմից աջակցություն ստանալ, երբ ռազմաբազաների տեղակայման դեմ մեր հասարակությունը ընդհանրապես չընդվզեց: «Հիմա կա երիտասարդ մի սերունդ, որը Հայաստանի զարգացումների վերաբերյալ այլ պատկերացումներ ունի՝ ավելի ազատական, ավելի միտված դեպի արեւմտյան արժեքները, ժամանակակից քաղաքակրթական համատեքստին ավելի ներդաշնակ: Բայց մի բանում ես վստահ եմ. մեր հասարակական գիտակցման մեջ, այնուամենայնիվ, ռուսական գործոնի մասին պատկերացումներն արմատապես փոխվել են: Հիմա հասարակությունը շատ ավելի պրագմատիկ է: Ինչ վերաբերում է ընդվզումներին. այդ ե՞րբ իշխանությունները կամ ընդդիմությունը, մեկը՝ իր գործողություններով, մյուսը՝ իր լռությամբ, նպաստեցին հասարակական կարծիքի ձեւավորմանը: Հասարակությունն այդ համատեքստում այլընտրանքային կարծիք չլսեց: Այ, երբ կլսեր այլընտրանքային կարծիք, նոր նրա արձագանքից պարզ կլիներ, թե ինչպիսի կողմնորոշում ունի: Իմ խորին համոզմամբ, հասարակությունը ոչ թե չընդվզեց, այլ անտարբեր գտնվեց»,- նկատեց Սուրենյանցը:
Շատ է խոսվում նոր ուժերի ձեւավորման մասին: Արդյոք դրանց, այդ թվում՝ Սուրենյանցի նախաձեռնության ձեւավորման համար պարարտ հող կա՞: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ վերջինս ասաց, թե ընդհանրապես «նոր ուժ», «երրորդ ուժ» ձեւակերպումներն իր համար ընդունելի չեն, որովհետեւ, նրա դիտարկմամբ՝ քաղաքական ուժերին համարակալել չի կարելի. «Դրա իրավասությունն ունի միայն ընտրողը: Խոսքը քաղաքական նոր հարաբերությունների, քաղաքական նոր մշակույթի ձեւավորման մասին է: Բոլոր այն մարդիկ, ովքեր շեշտված խոսում են նոր ուժի, երրորդ ուժի մասին, փորձում են կայանալ կամ ձեւավորվել արդեն գործող քաղաքական սուբյեկտների հետ խիստ հակադրության մթնոլորտում: Մենք նման նպատակ չունենք: Կրկնում եմ, իշխանությունն իր այս որակով չի կարող ապահովել երկրի զարգացումը: Մյուս կողմից, ընդդիմությունը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանում շատ կարեւոր դերակատարություն է ունեցել քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում, բայց երկուսն էլ չեն կարողանում ձեւակերպել երկրի զարգացման բանաձեւը: Նրանք երկուսն էլ զուրկ են ներքին ժողովրդավարության եւ ազատության բաղկացուցիչներից եւ իրենց կենսունակությունն ապացուցել են բացառապես անտագոնիստական քաղաքական հարաբերությունների պայմաններում: Բայց տոտալ մերժման հիմքով որեւէ ուժ, այդ թվում՝ մեր նախաձեռնությունը, չի կարող կայանալ: Նոր ուժերի համար պարարտ հող կա, թե չէ՝ դժվարանում եմ ասել, որովհետեւ Հայաստանում բեւեռացված քաղաքական համակարգ է, եւ սովորաբար նման համակարգերում շատ ավելի պարզունակ լուծումներ են գործում՝ քաղաքական դաշտը սեւի ու սպիտակի բաժանելով: Դժվարանում եմ կանխատեսել նաեւ, թե նոր խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հնարավո՞ր է նոր ուժի ինստիտուցիոնալ կայացումը: Բայց, կարծում եմ, քաղաքական պայքարն իր տրամաբանությամբ առաջիկա ընտրություններում արմատապես չի տարբերվի նախորդ ընտրություններից: Հազիվ թե ֆավորիտների շարքում հանդիպեն նոր անուններ ու նոր խաղացողներ»:
Այդ դեպքում «Քաղաքացիական պլատֆորմ» նախաձեռնությունն ի՞նչ հույսով է մասնակցելու ընտրություններին: «Անպայման պետք է ձգտել, որ մեր տեսակետը ներկայացվի խորհրդարանում: Հետեւաբար՝ ընտրություններին օլիմպիական սկզբունքով չէ, որ մասնակցելու ենք: Մասնակցելու ենք իսկապես պայքարելու վճռականությամբ, խորհրդարանում ներկայացված լինելու ձգտմամբ: Բայց եթե նույնիսկ առաջին փորձը հաջող չլինի, ընտրական գործընթացը որպես միջոց ենք օգտագործելու՝ մեր գաղափարները շրջանառու դարձնելու համար»,- մեր հարցին ի պատասխան՝ հայտարարեց «Քաղաքացիական պլատֆորմ» հասարակական-քաղաքական նախաձեռնության հեղինակ Սուրեն Սուրենյանցը: