Պնդում է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը
– Ոմանք վերլուծություններ են անում այն մասին, թե իշխանական կոալիցիայի ներսում ինչ-որ տարաձայնություններ կան, որ չհասկացվածություն կա ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ: Որքանո՞վ են այս տեղեկությունները հիմնավոր:
– Կոալիցիայում հիմնական խնդիրների շուրջ տարաձայնություններ չկան, մենք ընտրություններից հետո ստորագրել ենք հուշագիր, կազմել ենք կոալիցիա եւ առաջնորդվում ենք այդ հուշագրով: Սակայն մի մոռացեք, որ կոալիցիայի անդամ կուսակցությունները տարբեր կուսակցություններ են, մեկ կուսակցություն չեն, ամեն մեկն ունի իր ծրագիրը, իր նպատակները: Մեզնից յուրաքանչյուրը ընտրվել է ժողովրդի կողմից՝ որպես առանձին քաղաքական միավոր, եւ ապագայում էլ՝ ընտրությունների ժամանակ, դարձյալ հանդես ենք գալու առանձին-առանձին, մեր ծրագրերով: Ուզում եմ ասել, հնարավոր չէ, որ որոշակի տարաձայնություններ չլինեն տարբեր կուսակցությունների միջեւ, անգամ եթե դրանք մեկ կոալիցիայի կազմում են: Մանավանդ, ոմանք ձգտում են առաջին տեղը լինել, որոշ լիդերներ խոսում են 50+1-ի մասին: Սա ես բնական եմ համարում, որովհետեւ վատն է այն քաղաքական ուժը, որը չի ձգտում առաջինը լինել: Լինելով կոալիցիայի մեջ՝ չի նշանակում չմրցակցել:
– Փաստորեն, կոալիցիայի ներսում միայն Հանրապետականը եւ «Բարգավաճն» են հայտարարում, թե ձգտում են մեծամասնության, սա չի՞ նշանակում, թե հենց այս երկու ուժերն են լինելու հիմնական մրցակից:
– Մրցակցությունը լինելու է ամբողջ քաղաքական դաշտում, բայց մենք ավելի մոտ ենք կանգնած ԲՀԿ-ի հետ, որովհետեւ նույն կոալիցիայի մեջ ենք եւ միասին ճանապարհ ենք անցել: Ես հիմա չեմ կարող ասել՝ ընտրություններն ինչպես կընթանան, բայց մրցակցություն անպայման լինելու է: Հայտնի խոսք կա, չէ՞, վատն է այն զինվորը, որը չի ուզում դառնալ գեներալ: Բայց հայտնի է նաեւ, որ ոչ բոլոր զինվորներն են դառնում գեներալ, որքան էլ ձգտեն կամ խոսեն այդ մասին, այդպես էլ մնում են զինվոր, սերժանտ կամ մայոր: Հանրապետականը իր վրա է վերցրել պատասխանատվությունը մեր երկրում եւ լավի, եւ վատի համար, մենք մեր ճակատագրի մեջ գրել ենք, որ պարտավոր ենք եւ լավը, եւ վատը կրել մեզ վրա: ԲՀԿ-ի հայտարարած 50+1-ը ասում է այն մասին, որ իրենք էլ պատրաստ են վերցնել պատասխանատվությունը, այսինքն՝ վերցնել առաջին տեղ: Մյուս կողմից էլ, երբ կա առաջին տեղում լինելու խնդիրը, ուրեմն առաջանում է նաեւ նախագահի թեկնածուի խնդիր: Բայց ԲՀԿ-ն առայժմ չի ասում, թե ում նկատի ունի: Մենք մեր նախագահն ունենք եւ պաշտպանելու ենք մեր նախագահի թեկնածությունը, հենց դրա համար էլ ձգտում ենք լինել առաջինը եւ դրա համար էլ հայտարարում ենք, որ այսօր առաջինն ենք եւ վաղն էլ ենք լինելու առաջինը:
– Մամուլում վերլուծություն կար այն մասին, թե ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ տարաձայնությունները հորինված են, որպեսզի ԲՀԿ-ն հարմար պահի հանդես գա որպես չակերտավոր ընդդիմություն եւ դրանով հարված հասցվի ՀԱԿ-ին եւ աջակցի ՀՀԿ-ին: Որքանո՞վ են խելքին մոտիկ այս կարգի բաները:
– Չեմ կարծում, որ այսօր ԲՀԿ-ն ուզում է ներկայանալ որպես ընդդիմություն, պարզապես ինքը հայտարարում է, որ ձգտում է առաջին տեղին: Քաղաքական դաշտի կենսագրությունից հայտնի է, որ Դաշնակցությունն էլ էր կոալիցիայի մեջ, ուներ իշխանություն եւ հրաժարվեց այդ ամենից՝ դառնալով ընդդիմություն: Այսինքն՝ կա նախադեպ: Բայց «Բարգավաճն» իր ընդդիմություն դառնալու մասին չի հայտարարել, եւ եթե չի հայտարարել, ես չեմ ուզում ենթադրություններով առաջնորդվել:
– ՀԱԿ-ը հերթական հանրահավաքների շարքն է սկսում, փաստորեն ՀԱԿ-ը լինելու է ձեր հիմնակա՞ն մրցակիցը:
– Պաշտոնապես՝ բոլոր քաղաքական ուժերն էլ մրցակից են, որովհետեւ բոլորն էլ հավակնում են առաջին տեղի: Սակայն միայն ՀԱԿ-ը չէ ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր դաշտում է նաեւ Դաշնակցությունը, որին ես համարում եմ ծանրակշիռ ուժ: Ընդունեք, ամեն ուժ չէր զիջի իշխանական տեղերը եւ չէր գնա ընդդիմադիր դաշտ, իսկ Դաշնակցությունը դա արեց: Սա արդեն խոսում է այն մասին, որ Դաշնակցությունը գաղափարական եւ ծանրակշիռ ուժ է եւ կարող է մրցակցել ՀԱԿ-ի հետ, այնպես որ, ՀԱԿ-ը թող իրեն մեծ հակակշիռ չներկայացնի, ինքը դեռ ընդդիմադիր դաշտում ունի ուժեղ մրցակից, էլ ուր մնաց՝ մեզ հետ մրցակցի:
– Իսկ իշխանություններին հասարակությունը հավատո՞ւմ է:
– Իշխանություններին հավատում է այնքանով, որ իշխանությունն ասում է՝ սա է հնարավոր: Հասարակությունը հասկանում է, որ արվում է հնարավորը, եւ եթե հնարավոր լինի անել ավելին ու չի արվում, ընդդիմադիրը կարող է գալ եւ այդ 50+1-ը ինքը վերցնել, բայց հասարակությունը ունի իր ներքին իմաստնությունը: Տվյալ պարագայում հասարակությունը զգում է, թե ով կարող է այս պետությունը եւս հինգ տարի պահել եւ առաջ տանել:
– Իսկ ո՞վ կարող է պահել եւ առաջ տանել՝ Հանրապետակա՞նը:
– Այո, Հանրապետականը՝ կոալիցիայի հետ միասին: