Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդների դերը Հայաստանում

Հոկտեմբեր 13,2010 00:00

– Գնացեք՝ հետո կգաք:

– Ձեր տվյալները չեն համապատասխանում մեր չափանիշներին: Մեզ անհրաժեշտ են միայն աշխատանքային փորձ ունեցող անձինք:

Գրեթե միշտ այդպիսի պատասխան է լսում նորավարտ երիտասարդը` աշխատանքի ընդունվելու պատրվակով որեւէ գործատուի դիմելիս: Հիմնականում ոչ մի կազմակերպություն հանձն չի առնում նորավարտին աշխատանք տալ, այն էլ՝ մասնագիտությամբ: Այն նախադասությունը, որը պարբերաբար կրկնվում է շատ քաղաքական գործիչների կողմից, թե երիտասարդներն են մեր ապագան ու նրանք պիտի շենացնեն մեր երկիրը՝ օդում ասված խոսքեր են: Բոլոր աշխատավայրերում պահանջվում են միայն հմուտ մասնագետներ՝ աշխատանքային փորձով: Իսկ ինչպես ձեռք կբերես այդ աշխատանքային փորձը, եթե ոչ մի կազմակերպություն չի համաձայնում աշխատանք տալ երիտասարդին: Բայց չպետք է մոռանալ, որ երիտասարդները կարող են նոր մոտեցում ցույց տալ, հետաքրքիր մտահղացումներ առաջ քաշել… Եվ միգուցե նրանք ավելի լավը դառնան մասնագիտական ոլորտում, անգամ գերազանցեն ավագ սերնդակիցներին: Այսօր շատ քիչ կազմակերպություններ են համաձայնում բուհը նոր ավարտածին աշխատանք տալ՝ ըստ մասնագիտության: Եվ, ցավոք, շատ հաճախ այն երիտասարդները, որոնց այդպես էլ չի հաջողվում աշխատանքի տեղավորվել, տանը բազմոցին պառկած «ոչնչացնում» են իրենց այն գաղափարները, որոնք, չի բացառվում, որ երբեւէ լուրջ ձեռնարկի ծնունդ կարող էին տալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել