Երեկ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ՝ Մաշտոցի 1 հասցեում, բացվեց Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միության գրասենյակը: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն: «Արարատ» միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց, որ իրենց անդամները բազմաբնույթ ձեռնարկներ են իրականացնում, օրինակ՝ այցելություններ սոցիալապես անապահով հաստատություններ, հոգեւոր համերգային միջոցառումներ, հանդիպումներ, քննարկումներ՝ հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ուխտագնացություններ եւ այլն:
Տեր Հակոբը հավելեց նաեւ, որ այս գրասենյակի վերանորոգման աշխատանքներն իրականացել են միության անդամների եւ աջակիցների նվիրատվությամբ:
Հիշեցնենք, որ «Արարատ» երիտասարդաց միությունը հիմնադրվել է 1980-ականների վերջին: Այն համագործակցում է բուհերի ուսխորհուրդների, կուսակցությունների երիտասարդական կառույցների, երիտասարդական այլ կազմակերպությունների հետ: 2009-ից «Արարատ» երիտասարդաց միությանը կից գործում է նույնանուն երգչախումբ: